Անցած շաբաթ «168 Ժամ» թերթի խմբագրություն էր եկել 53 տարեկան Սվետլանա Հակոբյանը: Վերջինս խնդրում էր լսել իրեն եւ օգնության ձեռք մեկնել: Բազմաթիվ մարմինների դիմելուց հետո թերթի միջոցով իր խնդիրների մասին խոսելը կարծես նրա վերջին հույսն էր: Ուստի ներկայացնում ենք Ս. Հակոբյանի կյանքի պատմությունն այնպես, ինչպես ինքն է նկարագրում:
«Ինձ դատարանից են Ձեր մոտ ուղարկել, ասեցին, որ Դուք ինձ կօգնեք: Գիտե՞ք, ես խոսելու կարիք ունեմ, ուզում եմ կիսվեմ, հոգսերիս մասին պատմեմ, դրա համար կարող ա Ձեր համար ձանձրալի լինի, երկար խոսամ, բայց, խնդրում եմ, Դուք ինձ լսեք, էլ գնալու տեղ չունեմ: Ես ահավոր վիճակում եմ, փողոցներում եմ մնացել. ախր ձմեռն էլ եկավ` ես չեմ դիմանա ցրտին: Ես Սվետլանա Հակոբյանն եմ, 53 տարեկան: Հոգեկան հիվանդ եմ, անընդհատ գնում եմ հոգեբուժարան, որովհետեւ տեսիլքներն ինձ տանջում են: Հոգեմետ դեղեր եմ խմում, որ մի քիչ հանգստանամ, ու 2-րդ կարգի հաշմանդամության համար ստանում եմ ընդամենը 5000 դրամ: Ես փողոցներում եմ մնացել, խնդրում եմ, օգնե՛ք ինձ, չեմ դիմանա ձմռանը: Հասկանո՞ւմ եք, ինձ ոչ ոք չի ընդունում: Գիտե՞ք ամեն ինչ ոնց պատահեց, ուզո՞ւմ եք պատմեմ, խնդրում եմ, ժամանակ տրամադրեք ու ինձ լսեք, իմ համար դա շատ կարեւոր է:
16 տարեկան էի, լրիվ երեխա… Ծնողներս ստիպողաբար ամուսնացրեցին, չէի ուզում, լացուկոծս դրել էի, բայց ելք չկար, զոռով ինձ ամուսնացրին: Ամուսնացա, ու սկսվեց ընտանեկան անհաշտությունները: Ախր չի կարելի մարդուն զոռով ամուսնացնել չսիրած մարդու հետ, մանավանդ, որ լրիվ երեխա էի, բան չէի հասկանում: Ամեն օր վիճաբանություն, խոսակցություն, ծեծկռտուք: Չէինք հասկանում իրար, անընդհատ վիճում էինք: Տան մթնոլորտն ահավոր էր, ամեն օր լաց էի լինում: Էդ կոնֆլիկտներից նյարդային համակարգս կամաց-կամաց խախտվեց: Ահավոր սթրեսներ էի տանում, բայց նամուսս խեղդած, ծպտված ապրում էի: Բայց տարիներն անցնում էին` վիճակս ավելի բարդանում էր: Սթրեսներից հոգեկան հիվանդություն ստացա, աչքիս բաներ էին երեւում, էդ տեսիլքները, ախր գիտե՞ս էդ տեսիլքներն ինձ ոնց էին տանջում… (հեծկլտալով լաց է լինում.- Լ.Ս.): Բաժանվեցինք… Ինձ ուղարկեցին հորս տուն: Էնտեղ էլ եղբայր ունեի, հալածանքներ, պիտակներ: Երեխա ունեցա` Հովսեփս… ախ Հովսեփս ինչ դժբախտ տղա էր, որ լույս աշխարհ բերեցի: Ամուսնուս հետ նորից միացանք, բայց երկար չտեւեց, որովհետեւ ոչ ոք չի ուզում հոգեկան հիվանդ մարդուն, բայց ես առողջ էի, շատ առողջ, ամուսնական կյանքն ինձ խելագարեցրեց: Նորից հայրական տանն էի ապրում, հետո ծնողներս մահացան: Հովսեփս էպիլեպսիկ հիվանդ էր, բայց շատ խելացի ու խորը տղա: Ընդունվեց համալսարան, «Ոսկե մեդալով» ավարտեց ու գնաց Գերմանիա ու անհետացավ: Էդ ընթացքում եղբայրս ինձ շատ էր նեղում, վռնդում էր տանից, չէր թողնում իմ հայրական տանն ապրեի: Ինձ ոչ ոք չի ուզում ապրելու տեղ տա, որովհետեւ ես հոգեկան հիվանդ եմ, բայց ես դեղեր եմ խմում, ոչ ոքի նեղություն չեմ տալիս ու հենց զգում եմ, որ վատանում եմ` գնում եմ հոգեբուժարանում բուժվելու: Հովսեփիս բերեցին կիսամեռ վիճակում` լյարդի ցիռոզ էր ստացել: Ախր շատ դժբախտ տղա էր ու իրեն տվել էր խմելուն: Հիվանդանոցում պառկած էր, մի քանի օրից երեխես գրկումս մահացավ: 31 տարեկան, ուռած էր, շատ ուռած (նորից լաց է լինում): Հովսեփս մահացավ… թաղման արարողության ժամանակ ամուսնուս ինֆարկտ խփեց, ու նա էլ մահացավ: Պատկերացնո՞ւմ ես, թաղման ժամանակ երկու դիակ տվեցի: Մի քանի օր հետո էլ ամուսնուս եղբորն ինֆարկտ խփեց, նա էլ մահացավ: Դատավոր մարդ էր, չդիմացավ եղբոր ցավին: Հասկանո՞ւմ եք, բոլորը մահացան, ես մնացի, ես էլ հոգեկան հիվանդ եմ, ինձ ոչ ոք չի ընդունում, բայց ես ոչ մեկին վնաս չեմ տալիս: Հիմա գնալու տեղ չունեմ, փողոցներում եմ ապրում: Մի քանի օր Հանրապետականի ինֆեկցիոն բաժանմունքի պալատներից մեկում եմ քնել, խղճացին, տեղ տվեցին, բայց էլ չեն թողնում: Ավտոկայանում էլ եմ քնում, ի՞նչ անեմ, գնալու տեղ չունեմ: Ճիշտ ա, ես հիվանդ եմ, բայց աշխատում եմ, բիբար եմ ծախում, հաց եմ առնում: Ուղղակի քնելու տեղ չունեմ, իսկ ձմռան ցրտին չեմ դիմանա, կմեռնեմ: Գնում եմ հոգեբուժարան, բժիշկն ասում ա` քեզ հանգիստ ա պետք, թե չէ կվատանաս: Ասում ա` դու պիտի հանգիստ լինես, բայց ո՞նց, ախր ո՞նց հանգիստ լինեմ, որտե՞ղ գլուխս դնեմ, մի քիչ հանգստանամ: Ինձ ասեցին, որ Դուք ինձ կօգնեք: Խնդրում եմ, թերթով ասե՛ք, թող ինձ խղճան՝ մի հատ ժամանակավոր կացարան տան: Ես շատ չեմ ապրելու, շատ չեմ զբաղացնի էդ կացարանը: Մեր իշխանությունները կարան չէ՞ ինձ օգնեն: Ախր ես շատ դժբախտ կյանք եմ ունեցել, ինձ հանգիստ ա պետք: Մի քիչ հանգիստ… Ուզում եմ գլուխս մի տեղ դնեմ ու մի քիչ հանգստանամ, աղմուկ չլսեմ: Հավատացե՛ք, էդ ժամանակավոր կացարանը շատ չեմ զբաղացնի: Խնդրում եմ, օգնե՛ք ինձ, էլ չեմ դիմանում»: