«Իրավիճակն անհույս չէ»

29/10/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վստահեցնում է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվող փորձագիտական փաստահավաք խմբում ինքը կամ իր ներկայացուցիչը «տեր են կանգնելու» մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր` պաշտպանի ներկայացրած զեկույցին։

«Ես հանձնաժողովի անդամ եմ, եւ հեշտ չի լինելու այդ զեկույցը մոնտաժել: Ես կդառնամ այդ զեկույցին տեր կանգնողը հանձնաժողովում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Ա. Հարությունյանը: Իսկ թե ո՞վ է փաստահավաք խմբում ներկայացնելու պաշտպանի գրասենյակը` դեռեւս հայտնի չէ: Ա. Հարությունյանի հավաստմամբ` առաջիկա օրերին կհայտարարվի, թե ով է այնտեղ «տեր» կանգնելու իր զեկույցին:

Պաշտպանի դիտարկմամբ` փաստահավաք խմբի ստեղծումն ընդդիմության հետ երկխոսելու իշխանությունների առաջին ու միակ գործնական քայլն է, եւ, չնայած փաստահավաք խմբի ստեղծման մասին տրված կարգադրության խնդրահարույց դրույթներին, կան նաեւ կետեր, որոնք ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց կա: «Մինչ այս որեւէ լուրջ քայլ չեմ տեսել եւ դրանից հրաժարվելն իմ կողմից սխալ կդիտեի, քանի որ հանրությունը դրանից ոչինչ չի շահի»,- ասաց պաշտպանը` վստահեցնելով, թե «դրական» դրույթները բավարար են` այդ գործընթացի մեջ ներգրավվելու համար: «Պետք չէ իրավիճակն անհույս համարել: Այս առումով իմ գնահատականն այն է, որ դրականը բավարար չէ վստահ լինելու համար, սակայն բավարար է փորձ անելու համար»,- հայտարարեց Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով կարգադրության խնդրահարույց այն դրույթին, ըստ որի` խումբը գործելու է դռնփակ եւ խիստ գաղտնիության պայմաններում, Ա. Հարությունյանը նշեց, որ, այնուամենայնիվ, խմբի աշխատանքների ավարտական փուլում ներկայացված զեկույցը լինելու է հրապարակային, եւ պաշտպանվելու է հատուկ կարծիքի իրավունքը, այսինքն` փոքրամասնությունը հնարավորություն է ունենալու իր հատուկ կարծիքը ներկայացնել: «Չափազանցված եմ համարում այն հանգամանքները, որ այդ գաղտնիության պայմաններում խմբի անդամների վրա կարող է ճնշում գործադրվել: Կան ռիսկային գործոններ, բայց պետք է գիտակցել պատասխանատվության աստիճանը: Քաղաքական անհանդուրժողականության պայմաններում իդեալական որոշումներ հնարավոր չէր եւ սպասել: Այդ ռիսկը բոլորի համար գոյություն ունի: Պատասխանատվությունից խուսափելով` չենք կարող խոսել մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման մասին»,- ասում է Ա. Հարությունյանը` հավելելով, թե ինքը մասնակցելու է խմբի աշխատանքներին` անկախ նրանից` ընդդիմությունը եւս կմասնակցի, թե ոչ: Սակայն, ըստ նրա, ընդդիմության չմասնակցելու դեպքում փաստահավաք խմբի ձեւաչափը չի լինի այն, ինչի համար այն ստեղծվել էր: «Ես չեմ ցանկանում քաղաքական ուժերին գնահատական տալ, բայց, իմ խորին համոզմունքով, չի կարելի պատասխանատվություն ստանձնել միայն այն պայմաններում, երբ քեզ համար իդեալական պայմաններ են ստեղծված, մանավանդ` երբ քաղաքական անհանդուրժողականության որոշակի մթնոլորտ կա»,- հայտարարեց Ա. Հարությունյանը: Ըստ նրա, պետք է փորձել աշխատել, եւ եթե լինի փակուղային վիճակ, ապա միշտ էլ կարելի է դուրս գալ խմբից: «Ինձ համար անընդունելի է հենց սկզբից աշխատանքը մերժելը»,- ասաց նա: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալվածների դատական գործընթացներին, Ա. Հարությունյանը եւս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ եթե այդ դատական գործերը հայտնվեն Մարդու իրավունքի եվրոպական դատարանում, ապա Հայաստանի իշխանությունների համար վատ ավարտ են ունենալու: «Համոզմունք ունեմ, որ այդ գործերից շատերը, երբ գնան Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան, Հայաստանը պարտվելու է»,- հայտարարեց նա: