Անհավանական կանխատեսումներ

29/10/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2008թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը (2007թ. հոկտեմբերից 2008թ. սեպտեմբերը՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ) կազմել է 11.3%: Այս մասին ասվում է ԿԲ-ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Ընդ որում, սեպտեմբերին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղեն եւ կարտոֆիլ (ԿԲ-ի փաստաթղթում բանջարեղենն ու կարտոֆիլն առանձին տողերով են ներկայացված(՞), մսամթերք, ձկնամթերք ապրանքախմբերի գների, ինչպես նաեւ՝ կրթության համակարգի ծառայությունների սակագների աճով, որը որոշակիորեն զսպվել է մրգի եւ բենզինի գների նվազմամբ: Սեպտեմբերին արձանագրված 12-ամսյա բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գների 12.6% աճով, որին շարունակել են էականորեն նպաստել «Հացամթերք» եւ «Կենդանական ու բուսական յուղ» ապրանքախմբերը՝ համապատասխանաբար 4.7 եւ 1.1 տոկոսային կետերով: Վերջինիս շարունակել է նպաստել բնակարանային եւ կոմունալ սպասարկման ծառայությունների սակագների աճը: Հատկանշական է, որ համաշխարհային պարենային շուկաներում «Հացամթերք» ապրանքախմբի վերջին 16 ամիսների գների նվազման պայմաններում Հայաստանում այս ապրանքախմբի՝ հիմնականում գարնանը նկատված թանկացումը, փաստորեն, ապահովել է վերջին տասներկու ամիսների (2007-ի հոկտեմբերից 2008-ի սեպտեմբեր) գնաճի շուրջ 37 %-ը: Այսինքն` աշխարհում հացամթերքն էժանացել է, իսկ Հայաստանում հացամթերքը եղել է գների թանկացումը պայմանավորող հիմնական գործոններից մեկը: Ընդհանրապես՝ համաշխարհային շուկայում այս ապրանքախմբի գների աճը բավականին արագ է ազդում մեր շուկայի վրա, ինչը, սակայն, տեղի չի ունենում գների նվազման պարագայում: Վերջին ամիսներին Հայաստանում միայն ալյուրի որոշ տեսակների գներ են շատ աննշան չափով նվազել: Պաշտոնապես սա բացատրվում է շուկայի «ոչ էֆեկտիվ կառուցվածք» կամ «ոչ էֆեկտիվ ինստիտուտներ» տերմիններով, ինչն ավելի պարզ լեզվով նշանակում է, որ այստեղ կան գների հարցում համաձայնության եկող մոնոպոլիաներ, գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտներ: Տեսականորեն հակամրցակցային պայքարը, մրցակցային շուկաների ապահովումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործն է: Սակայն իրականում այս հանձնաժողովն ավելի շատ դեկլարատիվ ֆունկցիա ունի եւ լավագույն դեպքում հանդես է գալիս հեռուստատեսությամբ բավական գեղեցիկ հնչող «սպառնալիքներով`«հանկարծ չտեսնեմ՝ գները բարձրացնեք»: Հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ նաեւ տուգանում է շուկայում իրենց դիրքը չարաշահողներին, սակայն այդ տուգանքի չափերը` հակամրցակցային գործունեությունից ստացված գերշահույթների համեմատ, ծիծաղելիորեն փոքր է լինում: Իսկ որեւէ ապրանքային շուկայում գների չտրամաբանված աճն ընդամենը պետք է ազդակ հանդիսանա հանձնաժողովի համար, որ նա աշխատի շուկայի ոչ «էֆեկտիվ կառուցվածքի» վերացման ուղղությամբ: Այսինքն՝ պայքարի պատճառների, ոչ թե հետեւանքի (գների աճի) դեմ: Որոշ դեպքերում էլ հանձնաժողովի համար նույնատիպ ազդակ կարող է հանդիսանալ ոչ թե գների աճը, այլ նվազումը, քանի որ հնարավոր է՝ շուկայի մասնակիցներից որեւէ մեկը գները ինքնարժեքից ցածր է սահմանում՝ մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Իհարկե, Հայաստանում սա այնքան էլ չի կիրառվում, քանի որ մեզ մոտ նման խնդիրների լուծման համար ավելի «էժան» տարբերակներ կան:

Ինչ վերաբերում է պետության կողմից իրականացվելիք, այսպես կոչված, «գնաճի քաղաքականությանը», ապա դա ԿԲ-ի գործն է, թեեւ վերջինս, որպես կանոն, գնաճի գործոնը ավելի շատ օգտագործում է զանազան ցուցանիշների հետ մանիպուլյացիաներ իրականացնելու նպատակով: Մենաշնորհային շուկաների հետեւանքը հաճախ լինում է այն, որ երբ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականությունը պլանավորելիս հիմնվում է ապրանքային շուկաներում ենթադրվող տրամաբանական զարգացումների վրա (իհարկե, որոշակի հավանականությամբ), իսկ այդ զարգացումները տեղի են ունենում բոլորովին այլ ուղղություններով, գների աճը հաճախ դուրս է գալիս սպասվող սահմաններից: Ինչեւէ, այս անգամ էլ 2008 թ. երրորդ եռամսյակի տնտեսական իրավիճակի, փաստացի գնաճի վերլուծության եւ 2008 թ. հոկտեմբերից 2009 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի կանխատեսումների ժամանակ ԿԲ-ն զարմանալիորեն ենթադրել է, որ համաշխարհային պարենային շուկաների նախորդ զարգացումների արդյունքում «Հացամթերք» ապրանքախմբի ներքին գների 20% նվազում կլինի: Այնուհետեւ ԿԲ-ն դիտարկել է տնտեսական զարգացումների երկու սցենար՝ բազային եւ այլընտրանքային: Բազային սցենարով ենթադրվել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խորացման հետեւանքները ՀՀ տնտեսության համար նշանակալի չեն լինի, իսկ այլընտրանքային սցենարի դեպքում՝ որ դրանք նկատելիորեն կարտահայտվեն ՀՀ տնտեսությունում: Միաժամանակ, ներկայացված երկու սցենարներով էլ կանխատեսվում է, որ արդեն 2009 թ. առաջին եռամսյակում գնաճը հայտնվելու է նպատակային միջակայքում (չի գերազանցի 5,5%-ը), ընդ որում, այլընտրանքային սցենարի դեպքում մշտապես գտնվելու է այդ միջակայքի վերին սահմանին մոտ: Բայց, ինչպես նշվեց, այս սցենարի էական պայման է հանդիսանում համաշխարհային պարենային շուկաների նախորդ զարգացումների արդյունքում «Հացամթերք» ապրանքախմբի ներքին գների 20% նվազումը, հակառակ դեպքում՝ ողջ քննարկվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մակարդակը բավականին բարձր է լինելու գնաճի նպատակային թիրախից (5,5%):