«HSBC խումբը կառավարությունից որեւէ օգնության կարիք չունի»

29/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Աշխարհում մոլեգնող ֆինանսական ճգնաժամը ճակատագրական եղավ Արեւմտյան շատ բանկերի համար. ոմանք սնանկացան, ոմանք ապավինեցին պետության օգնությանն ու մասնակիորեն ազգայնացվեցին։ Եվ այդ իրադարձությունների ֆոնին բոլորը զարմանքով նկատեցին, որ HSBC-ն՝ աշխարհի ամենամեծ եւ ճանաչված բանկերից մեկը, կարծես խնդիրներ չունի։ Ավելին, երբ Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարությունը վերջերս որոշում կայացրեց միջոցներ տրամադրել երկրի բանկային համակարգին՝ իրացվելիության ապահովման եւ կապիտալի ներարկման նպատակով, HSBC խումբը հրաժարվեց այդ օգնությունից եւ իր սեփական ներքին միջոցներից լրացուցիչ 1.3 միլիարդ դոլարի կապիտալ տրամադրեց ՄԹ-ում գործող իր դուստր ընկերությանը՝ HSBC PLC-ին։ HSBC խմբի անդամ «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը հպարտությամբ նշում է. «HSBC խումբը կառավարությունից որեւէ օգնության կարիք չունի»։

«Շատերն ասում են, որ այս ճգնաժամն ամենաահավորն էր՝ 1930-ականների մեծ դեպրեսիայից հետո։ Ամերիկյան եւ եվրոպական շատ բանկեր, այդ թվում եւ՝ Միացյալ Թագավորությունում, սնանկացել են կամ մասնակիորեն ազգայնացվել են։ Նրանցից շատերն ի վիճակի չէին լրացուցիչ կապիտալ հայթայթել իրենց բաժնետերերից, որն անհրաժեշտ էր այս իրավիճակից դուրս գալու համար։ Կառավարությունը նրանց փոխարեն դա արեց, եւ, օրինակ, Միացյալ Թագավորության կառավարության ձեռքում կարող է հայտնվել բրիտանական բանկային համակարգի 60%-ը,- ասում է Թիմ Սլեյթերը եւ ավելացնում,- Մեր բանկը շատ ուժեղ է»։

Իրոք, ըստ Բլումբերգ գործակալության 2008թ. հոկտեմբերի 6-ի տվյալների, եթե եվրոպական 69 խոշոր բանկերի բաժնետոմսերի գինն այս տարի նվազել է միջինը 35%-ով, ապա HSBC Հոլդինգի դեպքում դրանց գինն աճել է 10%-ով։ Իսկ անգլիական «Evening Standard»-ը գրում է. «Երբ Բրիտանիայի ամենամեծ բանկերի տնօրենները հավաքվել էին՝ նախարարների հետ քննարկելու, թե ինչպե՞ս փրկեն բանկային համակարգը, մեկը բացակա էր։ HSBC-ն ներկայացնող Մայքլ Գեյգանը այդ ժամանակ միջազգային ճանապարհորդության էր՝ այցելում էր բանկի մասնաճյուղերը աշխարհի 4 մայրցամաքներում»։ Նույն պարբերականն, ի դեպ, HSBC-ի մասին գրում է՝ «Բանկիրների բանկը, ով առաջին հերթին կարեւորեց ապահովությունն ու շահած դուրս եկավ»։

Թ. Սլեյթերը կիսում է այդ կարծիքը՝ ասելով, որ HSBC-ն, իրոք, ավելի հաջող դիրքերում է։ Բայցեւ անմիջապես ավելացնում է. «Չնայած, դա ոչ թե հաջողության շնորհիվ է, այլ՝ լավ մենեջմենթի։ Մեր բանկը հետեւում է շատ պարզ եւ միեւնույն ժամանակ շատ կարեւոր կանոնների. առաջինը՝ ուժեղ կապիտալ հենք ունենալն է։ Երկրորդը՝ վարկավորման մեջ ավելի պահպանողական լինելն է»։ Թ. Սլեյթերը դա այսպես է բացատրում. «Մենք առաջին հերթին ընդունում ենք ավանդներ, հետո նոր միայն վարկեր տրամադրում։ HSBC խմբում վարկեր/ավանդներ հարաբերակցությունը կազմում է 90%։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում» այդ ցուցանիշը 80 տոկոս է։ Միացյալ Թագավորության մեծ բանկերից մեկը, որն այժմ դժվարություններ ունի, այլ կերպ էր վարվում՝ նրանց մոտ այդ հարաբերակցությունը կազմում էր 160 տոկոս։ Այսինքն՝ ընդունած 100 դոլար ավանդի դիմաց այդ բանկը տրամադրում էր 160 դոլար վարկ։ Նման քաղաքականությունը հղի է անկայուն իրավիճակներ ունենալու վտանգով»։

Թ. Սլեյթերը կարեւորում է նաեւ իրացվելիության խնդիրը։ Խնդիրն այն է, որ բանկերն ընդունում են կարճաժամկետ ավանդներ, սակայն տրամադրում են երկարաժամկետ վարկեր։ «Պետք է շատ զգույշ լինել ժամկետային այդ տարբերությունը կառավարելու հարցում»,- ասում է Թ. Սլեյթերը։ Թ. Սլեյթերը կարեւորում է ՀՀ Կենտրոնական բանկի դերը, որը բավականին խիստ է բանկային համակարգը վերահսկելու հարցում եւ կապիտալի համարժեքության բարձր մակարդակ է սահմանել՝ 12 %. Այլ երկրների հետ համեմատած դա բարձր մակարդակ է, սակայն Հայաստանի ֆինանսական համակարգի համար լավ կայունություն է ապահովում։ Միջազգային ճգնաժամի հարցում, ի դեպ, նա լավատես է, համոզված է, որ արեւմտյան երկրների կառավարությունների ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ Կառավարությունները, ճիշտ է, հարկատուների հաշվին ֆինանսական ներարկումներ են կատարում, սակայն, Թ. Սլեյթերի կարծիքով. «ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հարկատուները ավելի քիչ վնաս կկրեն, քան այն դեպքում, եթե բանկային համակարգը փլուզվեր»։

Իսկ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, Թ. Սլեյթերի կարծիքով, մեծ չի լինի։ Այն կարող է ազդել անուղղակիորեն, Ռուսաստանի միջոցով։ «Ֆինանսական ճգնաժամն այժմ ավելի շատ ազդում է Ռուսաստանի վրա, դրան գումարվում է նաեւ նավթի գների նվազումը։ Իսկ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության տեսանկյունից ամենակարեւոր երկիրն է։ ՌԴ-ն դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրն է եւ Հայաստանի ամենամեծ օտարերկրյա ուղղակի ներդրողը։ Սակայն եթե արեւմտյան երկրները տնտեսական անկում կունենան, Ռուսաստանի պարագայում, չեմ կարծում, որ նման բան լինի։ HSBC-ի տնտեսական զեկույցի համաձայն, ՌԴ տնտեսական աճը կարող է 6-7%-ից իջնել մինչեւ 3%, ինչը նույնպես դրական աճ է։ Այնպես որ, Հայաստանի համար ավելի կարեւոր է հետեւել ռուսաստանյան տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներին»,- մեզ հետ զրույցում ասում է Թ. Սլեյթերը։

Մեր համաքաղաքացիների մտահոգությունները, թե բանկերը սկսել են վարկեր չտրամադրել կամ խստացրել են վարկավորման պայմանները, Թ. Սլեյթերին ծանոթ են։ Սակայն այլ բանկերի մասին խոսելը նա սխալ է համարում, առավելեւս, որ կոնկրետ տվյալներ չունի։ Ինչ վերաբերում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին», ապա Թ. Սլեյթերը հավաստիացնում է, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» վարկեր տրամադրում է, ավելին՝ վարկավորումը գնալով աճում է։ Իհարկե, վարկավորման աճի որոշակի նվազում կլինի՝ պայմանավորված տոկոսադրույքների աճով, որն իր հերթին պայմանավորված է գնաճային ճնշումներով։ Անցյալ տարվա հունիսից ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրել է ռեպո տոկոսադրույքը, իսկ բանկերն էլ բարձրացրել են վարկավորման եւ ավանդների ընդունման տոկոսադրույքները։

Սակայն Թիմ Սլեյթերը ճիշտ է համարում ԿԲ-ի գործելաոճը։ «ԿԲ-ն այդ կերպ աշխատում է վերահսկել գնաճը, որի պատճառներից շատերը, օրինակ՝ էներգակիրների թանկացումը, Հայաստանի վերահսկողությունից դուրս է։ Կարծում եմ՝ ԿԲ-ի գործելաոճն ամբողջությամբ հասկանալի է եւ ճիշտ»։

Թ. Սլեյթերը գնաճը պայմանավորում է նաեւ բարձր տնտեսական աճով. «Պատկերավոր ասած՝ մենք մեր սեփական հաջողության զոհերն ենք»,- ասում է նա։ Իդեալական վիճակն, ըստ Թ. Սլեյթերի, այն է, երբ ավանդների տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան գնաճը, որպեսզի մարդը շարժառիթ ունենա խնայել, եւ նրա խնայողություններն աճեն։ Սակայն այս տարի հակառակ պատկերն է, եւ գնաճը բավական բարձր է՝ գրեթե տոկոսադրույքներին հավասար։ Սակայն, Թ. Սլեյթերի կարծիքով, դա բացասաբար չի ազդի ավանդների ներգրավման վրա, եւ դրանք կշարունակեն աճել. «Հայաստանում գործում են 22 բանկեր, եւ հաճախորդները ընտրության լայն հնարավորություններ ունեն, կա մրցակցություն։ Հուսով եմ, որ չնայած Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ծագած խնդիրներին, Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը կաճի»։

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի բանկային համակարգը՝ միջազգային բանկային համակարգին քաջ ծանոթ Թ. Սլեյթերի գնահատմամբ, այն բավականաչափ զարգացա՞ծ է, ինտեգրացվա՞ծ է միջազգային բանկային համակարգում։ «Երբ Հայաստանի բանկային համակարգը համեմատում ենք ամերիկյան կամ բրիտանական բանկային համակարգի հետ, այն բավական մեկուսացած է։ Իհարկե, որոշ բանկեր օտարերկրյա բանկերի դուստր ընկերություններ են, որոշ բանկեր էլ ինտեգրացված են միջազգային ընկերությունների՝ օրինակ՝ IFC-ի, EBRD-ի կամ KfW-ի միջոցով։ Սակայն չեմ կարծում, որ այս ամենը բավական է՝ ասելու համար, որ Հայաստանի բանկային համակարգը ինտեգրացված է միջազգային շուկային։ Որպես բանկային համակարգ՝ այն համեմատաբար մեկուսացած է»,- ասում է Թ. Սլեյթերը։ Իսկ Հայաստանի բանկային համակարգը կատարո՞ւմ է իր հիմնական ֆունկցիան՝ հավաքել բնակչության ազատ միջոցները եւ ուղղել այն բիզնեսին։ Թ. Սլեյթերը գտնում է, որ կատարում է. «Հատկապես վերջին 3 տարիներին ակտիվների եւ վարկավորման մեծ աճ է նկատվել»։ Նրա կարծիքով, Հայաստանի բանկային համակարգի ամենակարեւոր մարտահրավերն այժմ ավանդների ներգրավումը խթանելն է. «Անցյալ տարեվերջի տվյալներով, հաճախորդների ընդհանուր ավանդները կազմել են 1.5 միլիարդ դոլար, մինչդեռ ՀՆԱ-ն 9 միլիարդ էր, այսինքն՝ մեր երկրում հաճախորդների բանկային ավանդներ/ՀՆԱ հարաբերակցությունը բավականին ցածր է։ Եթե համեմատենք, օրինակ, Լիբանանի հետ, ապա տարբերությունն ակնհայտ կլինի. այս երկրի ՀՆԱ-ն մոտ երկու անգամ է ավելի՝ 22 միլիարդ դոլար, սակայն բանկային համակարգի ավանդները մոտ 4 անգամ մեծ են ՀՆԱ-ից՝ մոտ 80 միլիարդ դոլար»։ Թ. Սլեյթերը հավաստիացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդների մեջ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» ավանդներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն։ Սա զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ այս բանկի առաջարկած տոկոսադրույքները մյուսների համեմատ ավելի ցածր են, թեեւ վերջերս ժամկետային ավանդների տարեկան տոկոսադրույքը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում» բարձրացվել է միջինում 2.6 %-ով եւ սահմանվել է մինչեւ տարեկան 7.5%։ Այս առնչությամբ Թ. Սլեյթերն ասում է. «Պատճառն այն է, որ մեր հաճախորդները մեզ ուժեղ են համարում եւ մեզ հետ ավելի ապահով են զգում։ Մեր հաճախորդները մեզ մոտ գալիս են ապահովության եւ ռիսկերը նվազագույնին հասցնելու համար։ Մենք, արդեն 12 տարի է՝ այստեղ աշխատում ենք, լավ հեղինակություն ունենք, հաճախորդները մեզ վստահում են»։

Նշենք նաեւ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» շուտով կսկսի մատուցել նոր՝ հեռախոսային եւ ինտերնետ բանկային ծառայություններ, երբ պոտենցիալ ու ներկա հաճախորդները ստիպված չեն լինի ամեն հարցով այցելել բանկի մոտակա գրասենյակ, այլ իրենց հարցերը կլուծեն ինտերնետով։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն», ի դեպ, մտադիր է Հայաստանի սահմաններից դուրս գալ՝ ծառայություններ մատուցելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, մանավանդ՝ այն վայրերում, որտեղ Սփյուռքը մեծ է։