Sony-ի եկամուտները կնվազեն

29/10/2008

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ աշխարհի հիմնական արժույթների նկատմամբ իենի ամրապնդման պատճառով ընթացիկ ֆինանսական տարում Sony կորպորացիայի եկամուտներն անցյալ ֆինանսական տարվա համեմատությամբ կնվազեն 58%-ով: Ըստ ընկերության ներկայացուցիչ Նոբույուկի Օնեդայի` տեսախցիկների, ձեռքի հեռախոսների եւ հեղուկաբյուրեղային պանելներով հեռուստացույցների վաճառքների կտրուկ նվազումը կհանգեցնեն այն բանին, որ, 240 մլրդ իեն (շուրջ 2,4 մլրդ դոլար) ակնկալվող եկամտի փոխարեն Sony-ն կստանա սոսկ 1,5 մլրդ դոլար: Օնեդան չի բացառել աշխատատեղերի կրճատման հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ այս պահին հիմնական շեշտը դրվում է ապրանքների արտադրության արժեքի իջեցման վրա: Ընթացիկ ֆինանսական տարում նոր սերնդի հեռուստացույցների վաճառքների պլանավորվող քանակն արդեն 17 միլիոնից իջեցվել է մինչեւ 16 միլիոնի: Sony-ի առջեւ նաեւ ծառանում է Apple ընկերության հետ խիստ մրցակցության խնդիրը, որը շուկա է նետել iPod լսախաղարկիչների եւ iPhone ձեռքի հեռախոսների ժողովրդականություն վայելող մոդելները: Sony-Ericsson ճապոնա-շվեդական համատեղ ձեռնարկությունն, արդեն երրորդ եռամսյակն է, ինչ վնասներ է կրում, որոնք կազմել են 33,7 միլիոն դոլար: Այս պահին Sony-ի բաժնետոմսերի արժեքն իջել է 6,3%-ով՝ կազմելով 2295 իեն: Ֆինանսական ճգնաժամը եւ իենի բարձր փոխարժեքը բացասաբար են ազդել նաեւ Ճապոնիայի ավտոմոբիլային արդյունաբերության վրա՝ գործարաններին հարկադրելով կրճատել ավտոմոբիլների արտադրությունը: Օրինակ, Nissan ընկերությունը հայտարարել է նոյեմբերից մինչեւ 2009թ. մարտ ամիսն արտասահմանում վաճառքի համար նախատեսված լյուքս դասի եւ արտաճանապարհային ավտոմոբիլների արտադրությունը 65 հազարով կրճատելու մասին: