176 միլիոն դոլար կներդրվի Վրաստանում

29/10/2008

ԱՄՆ-ի Մասնավոր ներդրումների միջազգային կորպորացիան (OPIC) պատրաստակամություն է հայտնել Վրաստանում ներդնելու 176 միլիոն դոլար: «Տրամադրված միջոցները կհատկացվեն յոթ նախագծերի ֆինանսավորմանը: Դրանք թույլ կտան զգալի կապիտալ ներգրավել Վրաստանի բանկային գործի, շինարարության եւ արդյունաբերության ոլորտներում»,- ասել է կորպորացիայի նախագահ Ռոբերտ Մոսբահերը: Կորպորացիայի ներդրումային թղթապանակում Վրաստանի երկու խոշորագույն բանկերին՝ «Վրաստանի բանկին» եւ «TBC բանկին»՝ յուրաքանչյուրին 40-ական միլիոն դոլար գումարի վարկային գծի հատկացումն է: Նշված բանկերն այս միջոցները կօգտագործեն ցածր եւ միջին հիպոթեքային վարկերի ֆինանսավորման համար: Ներդրումային թղթապանակի հաստատման դեպքում OPIC-ը 30 միլիոն դոլար կտրամադրի «Hyatt International»-ի եւ «Park Hyatt»-ի ղեկավարությամբ հյուրանոցի եւ բնակելի տան կառուցման համար: 40 միլիոն դոլար կտրամադրվի Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ բազմագործառութային շենքի կառուցման համար: Նախագծի համաձայն, շենքում կտեղավորվեն գրասենյակային հարկաբաժիններ, մասնավոր բնակարաններ, խանութներ, «լյուքս» դասի հյուրանոցային համարներ, արվեստի պատկերասրահներ: Կորպորացիայի ուշադրությունը գրավել են եւս երեք նախագծեր, որոնց մեջ են Թբիլիսիում Մթածմինդա լեռան վրա պատմական շենքի վերակառուցման ֆինանսավորումը, «Սանտե» ընկերության կաթի եւ կաթնամթերքի արտադրության ընդլայնումը (10 միլիոն դոլար), ինչպես նաեւ՝ 6,3 միլիոն դոլարի հատկացում «Իբերիա» բաժնետիրական ընկերությանը՝ Թբիլիսիում բնակչության միջին խավերի համար բնակելի տուն կառուցելու նպատակով: