Համաճարակի հետքերով

29/10/2008

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` նախարարության Բուժվարչության պետի, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի ու այլ մասնագետների ուղեկցությամբ: Նախարարի մամլո խոսնակ Ռուսլանա Գեւորգյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այցի նպատակը մարզում ստեղծված իրավիճակին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների վիճակին եւ հիվանդանոցային պայմաններին անձամբ ծանոթանալն է: Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ: Հիվանդների մոտ դիտվում է ջերմություն, փսխում, լուծ: Դեպքերի տեղայնացման եւ կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարության ու մարզային մասնագետների ուժերով իրականացվում են բոլոր հնարավոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները: Նախնական տվյալներով` վարակի աղբյուրը ջուրն է: Այս օրերին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն արդեն բուժօգնություն է ցուցաբերել շուրջ 120 հիվանդի, որոնցից 64-ը, երեկ առավոտվա տվյալներով, հիվանդանոցից դուրս են գրվել: