Օմբուդսմենը կմասնակցի

26/10/2008

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կմասնակցի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Այո, որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս ձեւաչափն ավելի արդյունավետ եմ համարում եւ այդ տեսակետից որոշում եմ կայացրել անպայման մասնակցել»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը, որը, ըստ նախագահի նախօրեին ստորագրած հրամանագրի, պետք է ներկայացնի փաստահավաք խմբի 5 անդամներից մեկին: Արմեն Հարությունյանը դեռ չի որոշել՝ ով կլինի Փաստահավաք խմբում իր ներկայացուցիչը: «Այնտեղ այնպիսի ձեւաչափ է, որ շատ կարեւոր է, թե ում եմ ներկայացնելու: Որովհետեւ, լինելով անկախ փորձագետ, նա պետք է պաշտպանի մեդիատորի եւ քաղաքականությունից դուրս` զուտ իրավաբանական փորձագետի դերը, եւ օբյեկտիվության հիման վրա գործի»,- ասել է օմբուդսմենը` նշելով, որ փաստահավաք խմբի աշխատանքներին չմասնակցելն ընդդիմության կողմից սխալ կլինի: «Կարծում եմ, որ այս գաղափարի հիման վրա գործընթաց սկսելը ճիշտ է»,- ասել է Ա. Հարությունյանը: