2009թ. բյուջեով Կենտրոնական բանկին թեյնիկներ գնելու նպատակով սահմանված է 1 մլն 200.000 դրամ: Երբ ԱԺ պատգամավորներից մեկը երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ այս առնչությամբ հայտնեց իր զարմանքը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, թե բոլոր ծախսերը հիմնավորված են: Նա նաեւ ավելացրեց, որ ԿԲ-ն Սյունիքում պետք է հյուրանոց կառուցի: Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԿԲ-ն նման մի շինություն էլ կառուցեց Ծաղկաձորում, որը հետագայում ներկայացվում էր՝ որպես ԿԲ-ի պահուստարան: Իհարկե, այն ներկայումս առավելապես ծառայում է՝ որպես ԿԲ-ի եւ իշխանության վերնախավի համար նախատեսված հյուրանոցային համալիր: Ի դեպ, ԿԲ 2009թ. ծախսերում այլ «հիմնավորված» հոդվածներ եւս կան: Օրինակ` ԿԲ-ին զուգարանի թուղթ գնելու համար բյուջեից հատկացվել է 5 մլն դրամ, եւս 10 մլն տրամադրվելու է օճառ գնելու նպատակով: «ԿԲ-ում բյուջետային պրոցեսը վաղուց կանոնակարգված է, եւ այդ ծախսերի հիմքերը կան: Հարկ եղած դեպքում կներկայացվեն»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԲ մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը: Կարծում ենք, եթե ոչ լրագրողական հետաքրքրությունը, ապա պատգամավորի զարմանքը բավարար է, որպեսզի ԿԲ-ն առաջիկայում ներկայացնի, թե որոնք են, ասենք, 50.000 հատ զուգարանի թուղթ գնելու «հիմքերը», կամ, ասենք, ինչ նպատակով է օգտագործվելու նվազագույնը 50.000 հատ օճառը: Բացառված չէ, որ ոսկու պահուստները վաճառելուց հետո ԿԲ-ն զուգարանի թուղթ եւ օճառ է պահուստավորում: