«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ «երկրորդ ռուսական ռազմակայան»,- պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ճի՞շտ են արդյոք հրապարակումները, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում` Իջեւանի մոտ, Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից տարածքում տեղակայել նոր` երկրորդ ռազմակայան, եւ արդյոք նման հարց քննարկվե՞լ է, ասել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Նշելով, որ ծանոթ է հարցի վերաբերյալ առանձին լրատվամիջոցներով տարածված հրապարակումներին, Ֆարմանյանն ավելացրել է. «Ինչպես գիտեք, այսօր Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ տեղաբաշխման հետ կապված իրավապայմանագրային հիմքերը սահմանված են «ՀՀ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995 թ. մարտի 16-ին ստորագրված եւ 1997 թվականի օգոստոսի 29-ին ուժի մեջ մտած պայմանագրով, ինչպես նաեւ 1996 թվականի սեպտեմբերի 27-ի` «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրով: Ամեն ինչ հստակ է եւ կարգավորված: Երկու դաշնակից պետությունների միջեւ ռազմական բնագավառում համագործակցությանն առնչվող որեւէ հարցի քննարկում տարակուսանք չպետք է առաջացնի, իսկ 102-րդ ռազմակայանի մարտունակության բարձրացման ու դրված խնդիրների իրականացման արդյունավետության ավելացման հետ կապված քննարկումներ միշտ էլ լինում են: Գործող իրավապայմանագրային բազան ենթադրում է, որ ռազմակայանի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերի փոփոխությունները կյանքի են կոչվում համապատասխան համաձայնագրում արձանագրությունների միջոցով փոփոխությունների կամ լրացումների կատարմամբ: Նման փոփոխություններ ու լրացումներ կատարվել են 2000, 2003, 2005 եւ 2007 թվականներին ստորագրված արձանագրություններով, եւ այս տարիների ընթացքում ռազմակայանի տեղաբաշխման կետերի փոփոխություն միշտ էլ եղել է, ու այստեղ տարօրինակ ոչինչ չկա»: