«Ծայրահեղ անհրաժեշտության» պահը մոտենում է

26/10/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցից առաջ հայ-ռուսական հարաբերություններում «որոշակի անհամաձայնությունների» շուրջ թերեւս միայն ծույլերը չէին խոսում։ Ընդ որում, նման տրամադրություններ էին գերիշխում ոչ միայն հայաստանյան քաղաքական շրջանակներում եւ «անպատասխանատու մամուլում», այլեւ մյուս ռազմավարական դաշնակցի` ռուսաստանյան մամուլում եւ վերլուծաբանների մոտ: Այցի նախօրյակին այս թեմայի շուրջ ՀՀ-ում վերջին շտրիխը մտցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս իր հանրահավաքային ելույթում ուղղակիորեն հայտարարեց, որ «վերջին շրջանում Սերժ Սարգսյանի կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման՝ նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը»: ՀՀ առաջին նախագահի կողմից երրորդ նախագահը նաեւ մեղադրվեց այն բանի համար, որ առնվազն չի դիմակայում ՌԴ-ն Մինսկի խմբի ձեւաչափից դուրս մղելու Արեւմուտքի ծրագրերին: Միեւնույն ժամանակ հայաստանյան մամուլը ողողված էր «Ռուսաստանը Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին» եւ նման վերնագրեր ունեցող այլ հոդվածներով ու վերլուծականներով: Ռազմավարական դաշնակից համարվող երկրների համար թերեւս ոչ բնական համարվող անբարենպաստ ֆոնին կայացած ՌԴ նախագահի պաշտոնական այցին ամենադիպուկ անվանումը տվեց մոսկովյան «Կոմերսանտ» թերթը, որն այցի շուրջ իր հրապարակմանը «Կարճատեւ հաշտեցնող այցով» անվանումը տվեցգ

Ընդհանրապես, Դ. Մեդվեդեւի այցի շուրջ ի սկզբանե որոշակի գաղտնիության շղարշ կար: Հնարավոր այցի շուրջ ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվեցին դեռեւս անցյալ ամսվա վերջերին: Այս առումով, հոկտեմբերի սկզբին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը ՀՀ նախեւառաջ դիտարկվում էր որպես ՌԴ նախագահի այցը նախապատրաստող պարտադիր նախերգանք: Այնուհանդերձ, զարմանալիորեն այդ այցի ժամկետների եւ օրակարգի շուրջ թե՛ մոսկովյան եւ թե՛ երեւանյան պետական ատյանները գերադասում էին լռել: Եվ միայն Դ. Մեդվեդեւի ժամանումից բառացիորեն երեք-չորս օր առաջ հայտնի դարձավ, որ այցը ոչ միայն տեղի է ունենալու, այլեւ «պաշտոնականի» կարգավիճակ է ունենալու: Դժվար է պատկերացնել, որ ՌԴ նախագահը պաշտոնական այցով այս խառը ժամանակներին կհասներ Երեւան, որպեսզի ընդամենը ներկա լիներ երեք` հիմնականում արարողակարգային բնույթ կրող պայմանագրերի ստորագրմանը, ինչպիսիք են, օրինակ, ՌԴ Սվերդլովսկի մարզի եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրված համագործակցության մասին փաստաթուղթը կամ նույնատիպ մեկ այլ փաստաթուղթ, որը ստորագրվեց Յարոսլավլի եւ Արմավիրի մարզերի միջեւ` համապատասխան ղեկավարների կողմից: Եվ չնայած հայաստանյան կողմն այցի եւ պաշտոնական միջոցառումների կազմակերպման առումով, մասնավորապես, «հայ-ռուսական դարավոր բարեկամությունը» խորհրդային «լավագույն» ավանդույթներով «համեմելու» տեսանկյունից, ջանք չէր խնայում ցույց տալու համար, որ որեւէ լուրջ խնդիր երկու երկրների միջեւ իրականում չկա, այնուհանդերձ, երբ գործը հասնում էր կոնկրետ հայտարարություններին եւ լրագրողների հարցերին պատասխանելուն, ռուսական կողմն առիթը բաց չէր թողնում առնվազն ակնարկներով ինչ-ինչ բաներ հասկացնելու: Հավանաբար, պատահական չէր հենց այս այցի ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ պետական պարգեւի արժանացած ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի անակնկալ հայտարարությունը, որ «փորձագիտական եզրակացության համաձայն՝ Հայաստանում նախատեսվող նավթամշակման գործարանի ստեղծումը տնտեսական տեսանկյունից արդյունավետ չէ»: Միեւնույն ժամանակ անդրադառնալով ի սկզբանե ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական եւ տարածաշրջանային (հայ-ռուս-իրանական համագործակցության առումով) նշանակություն ունեցող այդ նախագծի հեռանկարներին՝ ՌԴ տրանսպորտի նախարարը, այնուամենայնիվ, հարցը փակված չհամարեց` հայտարարելով, որ «հարցն օրակարգից հանված չէ, սակայն պետք է հասկանալ, թե ուր է գնալու այդ գործարանի արտադրանքը»: Գուցե ռուսաստանյան այս «դեմարշին» որպես պատասխան՝ պետք է ընկալել համատեղ մամլո ասուլիսում Սերժ Սարգսյանի այն հարցադրումը, որ «մեր տնտեսական հարաբերությունները տպավորիչ են, բայց, այո՛, միտում ունեն զիջելու քաղաքական հարաբերություններինգ Այսօր, կարծում եմ, ժամանակն է խոսել համատեղ համարձակ նախագծերի, ընդգրկուն ծրագրերի մասին»: Նման քողարկված «հեռակա» եւ առերես բանավեճերի օրինակներ կարճատեւ այս այցի ընթացքում մի քանի անգամ են նկատվել: Այդպես եղավ, երբ մամլո ասուլիսի ժամանակ հարց հնչեց երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների` Հայաստանին «պարտադրված» լինելու մասին: Ի պատասխան այդ հարցի՝ հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բավական բազմիմաստ մեկնաբանությունը. «Ուժով երբեք բարեկամներ ձեռք չես բերի, առավել եւս` չես պահպանի բարեկամությունը: Մեզանում ընդունված է ասել` զոռով սիրելի չես լինի: Ավելին` Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները երբեք չեն խանգարել այլ պետությունների հետ հարաբերությունների բարելավմանը եւ համագործակցությանը: Ես համարում եմ, որ ներկայումս մեր հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, բայց կուզենայի, որ այդ հարաբերությունները լինեն ոչ թե ցուցադրական, այլ օրինակելի»: Ոչ պակաս հետաքրքրական եւ բազմիմաստ էր այս հարցի շուրջ «ռազմավարական դաշնակցի»` նախագահ Դ. Մեդվեդեւի կարծիքը. «Եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների շատ բարձր` դաշնակցային եւ բարեկամական բնույթը նույնիսկ «պարտադրված» է, ապա այդ «պարտադրանքը» ձեւավորվել է հարյուրամյակների ընթացքում: Միանգամայն հասկանալի է, որ նման հարաբերությունները շատ թանկ արժեն»:

Այս տեսանկյունից ՀՀ իշխանություններին, կարծում ենք, մտածելու առիթ պետք է տա նաեւ Երեւանում Ռուսաստանի հրապարակի բացման ժամանակ Մեդվեդեւի արտահայտած այն ցանկություն-առաջարկը, որ «միջազգային ասպարեզում փոխհամաձայնեցված գործողությունները մեր դիրքերի ամրապնդման եւ անվտանգության գործոն են հանդիսանում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»: Ի դեպ, ՌԴ նախագահի այս հայտարարության շուրջ բավականին հետաքրքրական է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը տված անանուն փորձագետի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ «եթե Ռուսաստանի նախագահը Հայաստանի նախագահին ասում է «փոխհամաձայնեցված գործողությունների» անհրաժեշտության մասին, ապա դա նշանակում է, որ պարզապես Հայաստանն արտաքին քաղաքական ասպարեզում ինչ-որ հարցում առանց նախազգուշացնելու Ռուսաստանին փաստի առաջ է կանգնեցրել: Եվ Ռուսաստանը դիվանագիտական լեզվով հասկացնում է, որ ՀՀ-ի նման գործողությունները չեն նպաստում կոլեկտիվ անվտանգությանը եւ թուլացնում են նրա դիրքերը եւ՛ տարածաշրջանում, եւ՛ աշխարհում: Մնում է միայն կռահել, թե Հայաստանի որ «չհամաձայնեցված» քայլերն են, որ «չեն նպաստել» իր դիրքերի ամրապնդմանն ու ստիպել են ՌԴ-ին նրան հիշեցնել սեփական անվտանգության խնդիրների մասին: Դ. Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին հասկացնում էր, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս Հայաստանի «չհամաձայնեցված բազմավեկտորային» քաղաքականությունը, ինչը նվազեցնում է Ռուսաստանի` որպես Հայաստանի անվտանգության երաշխավորողի դերը»: Կարծում ենք` այստեղ տեղին է նաեւ հիշեցնել, որ «Ռեգնումը» փաստացի միշտ ղեկավարել եւ ղեկավարում է Կրեմլի «խոհանոցին» եւ դիվանագիտական լեզվին լավ քաջածանոթ Մոդեստ Կոլերովը: Վերջինս, ինչպես հայտնի է, Վ. Պուտինի նախագահության ժամանակ նրա աշխատակազմում (որի ղեկավարը, ի դեպ, հենց Դմիտրի Մեդվեդեւն էր) գլխավորում էր ԱՊՀ-ի ուղղության համար պատասխանատու վարչությունը: Ինչեւէ, ըստ նույն փորձագետի` որպես Դ. Մեդվեդեւի վերոհիշյալ մտքի շարունակություն՝ պետք է դիտարկել Ղարաբաղյան խնդիրը ոչ թե Վաշինգտոնում, այլ Մոսկվայում քննարկելու վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների արած առաջարկը:

Ի դեպ, Երեւանում Դ. Մեդվեդեւի՝ ԼՂ հակամարտության շուրջ ՌԴ-ում երեք նախագահների հանդիպման մասին արած հայտարարությունն են վերլուծաբանները համարում այս այցի ընթացքում ՌԴ նախագահի կողմից հղված գլխավոր «մեսիջը»:

Այն կարեւորվում է նախեւառաջ այն պատճառով, որ ի սկզբանե ակնկալվում էր, որ այս այցի հիմնական «մեխը» հենց ԼՂ հարցի շուրջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Հայաստանի դիրքորոշման համար վերջին շրջանում ընթացող թեժ պայքարում հստակեցում մտցնելն էր լինելու: Առավել եւս, որ հստակ նշաններ կային, որ պաշտոնական Երեւանն ակնհայտորեն սկսում է դժգոհել Ռուսաստանի՝ ԼՂ հարցի կարգավորման շուրջ պաշտոնական եւ, առավել եւս, ոչ հրապարակային դիրքորոշումներից: Նկատելի էր նաեւ, որ փորձելով օգտվել ներկայումս տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առավել քան երբեք ցուցաբերվող հետաքրքրությունից, ՀՀ ղեկավարությունը նաեւ սեփական երկրի ներքաղաքական խնդիրներին լուծում տալու համար քաղաքական (գուցե նույնիսկ աշխարհաքաղաքական) «մեծ առեւտուր» է սկսել: Կարծում ենք՝ բոլորովին պատահական չէ, որ գրեթե միաժամանակ ռուսաստանյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների այցերին գրեթե միաժամանակ Հայաստան են ժամանում նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան եւ ազդեցիկ պաշտոնյաները, ինչպիսիք, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն է եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այս առումով առավել քան հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանը նույն ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա», եւ փաստացի համաձյանություն էր տալիս մասնակցել նոր ֆորմատի (Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ) բանակցություններում: Ի դեպ, պաշտոնական Բաքուն դեռեւս մոտ մեկ ամիս առաջ Դ. Մեդվեդեւի` Բաքու կատարած այցից հետո հայտարարել էր, որ հնարավոր է համարում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի շուրջ, եւ գնդակը, ինչպես ասում են, ռուսներն արդեն տեղափոխել էին հայաստանյան կիսադաշտ: ՀՀ ղեկավարության նախաձեռնած վերոհիշյալ երկակի խաղը, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանը փորձում է շարունակել միաժամանակ խաղալ եւ՛ Մինսկի խմբի ֆորմատում, եւ՛ Կրեմլի կողմից նախանշված նոր ձեւաչափում: Իսկ սա նշանակում է, որ ՌԴ նախագահին, այնուամենայնիվ, այդպես էլ չի հաջողվել իր կարճատեւ այցի ընթացքում բեկում մտցնել (բնականաբար` հօգուտ Ռուսաստանի) Երեւանի մոտեցումներում: Գուցե ստեղծված իրավիճակի համար օրինաչափություն պետք է համարել այն, որ դեռեւս Դ. Մեդվեդեւի Երեւանում գտնվելու պահին հայաստանյան լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկատվական արտահոսք կազմակերպվեց առ այն, որ ընդամենը մի քանի օր հետո Երեւան կժամանի նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որի այցը, ենթադրվում էր, որ կկայանա միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Դե ինչ, երեւում է՝ այդ անհրաժեշտությունն արդեն առաջացել է: