Մինչ իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են «կեղտոտ լվացքը» երկրից
դուրս հանելու եւ եվրոպաներում Հայաստանին խայտառակելու մեջ, ընդդիմության
որոշ ներկայացուցիչներ ուղղում են այդ սխալը: Մասնավորապես, «Ազգային
Միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը երեկ
հպարտորեն պատմում էր, թե ինչպես է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի
գարնանային նստաշրջանի վերջին նիստին կրծքով պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին
եւ հակահարված տվել ադրբեջանցի պատվիրակներին, ովքեր շնորհակալություն էին
հայտնել Ռոբերտ Քոչարյանին՝ Ալիեւի հետ վերջին հանդիպման ժամանակ
ադրբեջանական 7 շրջանները վերադարձնելու պատրաստակամություն հայտնելու
համար: Կարապետյանը ադրբեջանցիներին ասել է, թե չկա եւ չի կարող լինել
տարածքների վերադարձի մասին պայմանավորվածություն: Սակայն ընդդիմադիր
պատգամավորը նման հայտարարություն է արել ոչ թե իր տեղեկացվածության
պատճառով, այլ՝ Քոչարյանի մասին ունեցած իր պատկերացումների. «Ես համոզված
եմ, որ Հայաստանի միակ տղամարդ Քոչարյանը հրաժարական կտա, բայց հողերը չի
հանձնի»,- ասում էր Ալեքսան Կարապետյանը: Իհարկե, կարծիք կա, որ Քոչարյանն
ավելի շուտ հողերը կհանձնի, բայց հրաժարական չի տա: Սակայն այդպես են
մտածում նրանք, ովքեր, ի տարբերություն Ալեքսան Կարապետյանի, Քոչարյանին
չեն համարում Հայաստանի միակ տղամարդը: