Երբ մի թեմայով սկսում են ամիսներով, անգամ տարիներով ջուր ծեծել, այն դադարում է հետաքրքիր ու ակտուալ լինելուց, եւ հասարակությունը ենթագիտակցորեն պատրաստվում է տվյալ խնդրի ցանկացած հանգուցալուծմանը, միայն թե չտեսնի կամ չլսի մահու չափ ձանձրացրած նույն մտքերը, նույն գնահատականներն ու նույն դեմքերին: Տարիների վաղեմությունը մոռացնում է շատ հանցագործություններ: Այդպես «հաջողվեց» անհետաքրքիր, այսինքն՝ հասարակության հետաքրքրությունների շրջանակից դուրս դնել անգամ հոկտեմբերի 27-ի աննախադեպ սպանություններն ԱԺ-ում, որոնց իններորդ տարին լրանում է երկու օր հետո: Դա հետեւանք է այն բանի, որ այն տեղեկատվությունը, որ ուներ հասարակությունը 1999-ի հոկտեմբերի 27-ին, ամիսներ, տարիներ չարչրկվելուց հետո, ոչ մի նոր բան չավելացրեց եղած ինֆորմացիային, եւ մարդիկ ստիպված էին կորցնել իրենց հետաքրքրությունը, քանի որ ակնհայտ էր՝ հանցագործությունն այդպես էլ մինչեւ վերջ չի բացահայտվելու: Եվ անգամ այսօր, երբ հիմնական մարդասպանները ճաղերի ետեւում վայելում են իրենց ազատազրկումը, դարձյալ անպատասխան են ինը տարվա վաղեմության հարցերը:
Նույն քաղաքականությունը տարվում է նաեւ մարտի մեկի հայտնի իրադարձությունների շուրջ: Տասնյակ-հազարավոր մարդկանց աչքի առաջ, օրը ցերեկով իրավապահները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ծեծեցին, ջարդեցին նրանց, սակայն որեւէ մեկը, անգամ ԱԺ-ի՝ Մարտի մեկի իրադարձությունները քննող եւ սիզիֆյան աշխատանքի սիրահար հանձնաժողովը դեռեւս չի հաջողում պարզել՝ իրավաչա՞փ էին իրավապահների գործողությունները, թե՞ ոչ: Տասը մարդ զոհվեց, եւ, կարելի է վստահ պնդել, որ որեւէ մեկին սպանության մեղադրանք չի առաջադրվի, քանի որ սպանողը, ով իրավապահներից մեկն էր կամ գուցեեւ նշանառու, գործել է հրամանի համապատասխան: Ստացվում է, նույն թեմայի շուրջ զրույցները՝ իրենց պարբերականությամբ եւ, ընդունե՛նք, որ նաեւ անարդյունավետությամբ, օբյեկտիվորեն կարող են ձանձրացնել հասարակությանը, որը կարող է կորցնել ակտիվ հետաքրքրությունն այն իրադարձությունների հանդեպ: Ավելի ստույգ՝ կորցնել այդ իրադարձությունները բացահայտելու հանդեպ հավատը:
Իրարամերժ ինֆորմացիա, տաֆտալոգիա, բառերի հոսք, եւ այդպես՝ շաբաթներ, ամիսներ, ու նյութն արդեն կորցնում է հասարակական հնչեղությունը: Այդպես, երբ Ղարաբաղյան պատերազմից մեկ կամ մի քանի ամիս անց որեւէ մեկին ասվեր, որ ազատագրված տարածքները՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, վերադարձվելու են ադրբեջանցիներին, տեղում կարող էր եւ արյունահեղություն լինել: Այսօր, երբ պատերազմի ավարտից մոտ տասնվեց տարի է անցել, երբ չավարտված պատերազմի հետեւանքները տեսնում ենք ամեն օր, ավելի օբյեկտիվորեն ենք պատկերացնում աշխարհում տիրող իրավիճակը, ազատագրված տարածքները վերադարձնելու խնդիրը, գուցե, մեր սուբյեկտիվ դիտարկումներով, արդեն այնքան էլ սուր կամ ցավոտ չի ընկալվում: Եվ Հայաստանի հասարակությունն էլ ենթագիտակցորեն կարծես հաշտվել է այդ մտքին, քանի որ դրա մասին էին հուշում Հայաստանի իշխանությունների պասիվ քաղաքականությունն՝ ազատագրված, սակայն անգործության մատնված տարածքների նկատմամբ: Ի սկզբանե չկար ամբողջական, համակարգված ծրագիր՝ ինչպե՞ս աշխատեցնել այդ տարածքները. դրանք չբնակեցվեցին, չստեղծվեցին արտոնյալ պայմաններ այնտեղ մշտական բնակության մեկնողների համար, չկառուցվեցին անհրաժեշտ ենթակառույցները: Այսինքն՝ ի սկզբանե այդ տարածքները ենթակա են եղել խաղարկման: Սակայն, մյուս կողմից՝ հասկանալի է, որ ազատագրված տարածքների վերադարձին նույն փիլիսոփայությամբ կամ հանդարտությամբ չեն կարող արձագանքել բուն ղարաբաղցիները: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Ղարաբաղի ժողովուրդը պատրաստ չէ անգամ մի թիզ հող զիջել թշնամուն, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ղարաբաղցիների համար այնքան էլ հասկանալի չէ, ընդունելի չէ ՀՀ նախագահի՝ առանց Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու փորձի՝ Մոսկվայում եռակողմ բանակցություններին համաձայնություն տալը: Եթե ծագումով ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի դեպքում ղարաբաղցիները նրան ինչ-որ առումով ընկալում էին որպես նաեւ Ղարաբաղի շահերը ներկայացնող կողմ, ապա մեզ հետ զրուցելիս շատ ղարաբաղցիներ չեն մոռանում Սերժ Սարգսյանի դեպքում շեշտել՝ ձե՛ր նախագահը: Քանի որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումն ազդարարող լուրերից հետո Ղարաբաղից Հայաստան հասնող տեղեկություններն այնքան էլ առատ չեն, հեռախոսով կապվեցինք ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: Նրանից փորձեցինք ճշտել ղարաբաղցիների զայրույթի աստիճանը՝ ազատագրված տարածքների հնարավոր վերադարձման առնչությամբ: Պարոն Աթանեսյանը նշեց, որ մեր տեղեկատվությունն այնքան էլ հավաստի չէ՝ համոզիչ ձայնով շեշտելով, որ Արցախի ժողովուրդն ամենեւին տագնապներ չունի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, տասը տարուց ավելի վաղեմություն ունեցող բանակցային գործընթացի շարունակություն է եւ ոչ ավելին։ «Կարծում եմ, իրավիճակը փոքր-ինչ չափազանցված է»,- նշեց պարոն Աթանեսյանը՝ ավելացնելով, որ ինքը բանակցությունների ներկա գործընթացին շատ հանգիստ է վերաբերվում եւ «գրեթե վստահ է», որ ներկայացված այն փաթեթը, որը դրված է բանակցությունների սեղանին, մերժվելու է Ադրբեջանի կողմից, եւ ամեն ինչ վերադառնալու է «ի շրջանս յուր»:
Դժվար է ասել՝ սա մռա՞յլ, թե՞ լավատեսական կանխատեսում է: Ամեն դեպքում, այն հակասում է Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթադրությանը եւ համընկնում ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի կանխատեսումներին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է լռել: