Մեր ղեկավարները՝ ռուսների օրինակով, ձգտում են չխոսել միջազգային ֆինանսական ճգնաժամի մասին՝ դա համարելով ճգնաժամը հաղթահարելու կամ շրջանցելու լավագույն եղանակը։ Սակայն, քանի որ համաշխարհային պրոցեսները հայկական ԶԼՄ-ների գրածներից ամենեւին կախված չեն, եւ այս հրապարակումից դժվար թե ճգնաժամը ավելի խորանա, կարծում ենք, ընթերցողներին կհետաքրքրի, թե Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկեր Ռուսաստանի օլիգարխներն ինչ վնասներ են կրել ճգնաժամի արդյունքում։
Ռուսական «RBC Daily»-ն՝ գերմանական «Handelsblatt» լրատվամիջոցի հետ համատեղ, պարզել է, որ ռուս օլիգարխների կրած վնասները հասնում են միլիարդավոր դոլարների։ Խնդիրներից զերծ չի մնացել խոշոր գործարար Սուլեյման Քերիմովը. «Handelsblatt»-ին հայտնի է դարձել, որ նա չի կարողանում վճարել ֆինանսական պարտավորությունները։ Մինչ վերջերս բոլորը կարծում էին, թե ճգնաժամը շրջանցել է պրն Քերիմովին, եւ նրա «թծԽ» ընկերությանը բաժին չի հասնի նույն տխուր ճակատագիրը, ինչին արժանացան մյուս միլիարդատերերի ընկերությունները։ Ուոլլ-Սթրիթում սկիզբ առած հզոր ցունամին, ըստ երեւույթին, սասանել է ռուս օլիգարխների անսասան թվացող դիրքերը։ Ըստ մեկնաբանների, այս ամենի արդյունքում կմնա միայն մեկ հաղթող՝ պետությունը։
Սուլեյման Քերիմովն իր կարողությունը (17 միլիարդ դոլար՝ ըստ «Ֆորբսի») կուտակել է արժեթղթերի առքուվաճառքով։ Օգտագործելով «Խնայբանկի» վարկերը՝ նա գնել էր «Գազպրոմի» եւ հենց նույն «Խնայբանկի» մեծ թվով բաժնետոմսեր, որոնք այս տարվա հունիսին վաճառեց 15 միլիարդ դոլարով։ Հետո, ըստ լուրերի, վաճառքից ստացված գումարների մեծ մասը նա ծախսել էր՝ փայաբաժիններ ձեռք բերելու համար «Fortis» եւ «Deutsche Bank» ընկերություններում։ Այժմ պրն Քերիմովը խնդիրներ ունի վերցրած վարկերը մարելու հարցում, որոնց համար որպես գրավ ծառայում էին նրա ունեցած արժեթղթերը։
Սուլեյման Քերիմովը միայնակ չէ իր խնդիրների մեջ. չի բերել նաեւ մեկ այլ օլիգարխի՝ Օլեգ Դերիպասկայի բախտը, որը վերջին հույսը կապում է պետության հետ, որպեսզի կարողանա պահպանել «Նորիկել» մետալուրգիական կոնցեռնի 25%-անոց բաժնեմասը։ Պետական միջոցների կարիք ունեն նաեւ «ՁծԽ-ԹՀ» կոնցեռնի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը եւ բջջային կապի ու անշարժ գույքի կայսրության տեր Վլադիմիր Եվտուշենկովը։ Ընդ որում, վերը նշված միլիարդատերերից ոչ ոք չի ցանկանում խոստովանել, որ խնդիրներ ունի։
«RBC»-ի հոդվածագիրը կեսկատակ-կեսլուրջ նկատում է, որ Մոսկվայում դեռեւս չեն հանդիպում շքեղ «Maybach» մեքենաներ՝ «Վաճառվում է» գրությամբ, սակայն ռուսական արժեթղթերի 70%-անոց անկումը ռուսաստանցի օլիգարխներին հսկայական վնասներ է պատճառել։ Հեղինակավոր «Bloomberg» գործակալության փորձագետների հաշվարկներով, ամենահարուստ 25 ռուսաստանցի օլիգարխների ընդհանուր կարողությունը կրճատվել է 230 միլիարդ դոլարով։ Ռուսաստանյան փորձագետներն էլ իրենց հերթին պնդում են, որ երկրի արդյունաբերական էլիտան տենդագին կերպով կանխիկ գումար է փնտրում, որպեսզի կարողանա սպասարկել վերցրած վարկերը։ Այսպես ասած, «ներսի մարդկանցից» մեկը հավաստիացնում է, որ այդ նպատակով ռուս մեծահարուստները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, անգամ վաճառում են իրենց ունեցվածքը։ «Էժան գնով զբոսանավ, վիլլա կամ «Ferrari» գնել ցանկացողներն այժմ կարող են ձեռք բերել իրենց ուզածը՝ մեծ զեղչերով»,- ասել է նա։
Ռուսական օլիգարխիային եւ նրա խնդիրներին քաջ ծանոթ փորձագետ Օլգա Կրիշտանովսկայան հստակ գիտի, թե ֆինանսական ճգնաժամից ով ամենից շատ կշահի։ «Միլիարդատերերի խնդիրներն ուժեղացնում են պետության դերը, քանի որ բոլոր բնական ռեսուրսները կենտրոնանում են պետության ձեռքում»,- ասում է նա։ Կրիշտանովսկայան նշում է նաեւ, որ նույն պատկերը հատուկ է նաեւ Արեւմուտքին, սակայն Ռուսաստանում պետությունն ավելի հաստատակամ է՝ սեփական տնտեսական շահերը հետապնդելու հարցում։
Այս կարծիքը կիսում է նաեւ «Ուրալսիբ» բանկի գլխավոր ստրատեգ Քրիստոֆեր Ուիֆերը։ Վերջինս գտնում է, որ ֆինանսական ներարկումներ կատարելով՝ Կրեմլը մեծացնում է իր ազդեցությունը երկրի խոշորագույն ընկերություններում եւ կարեւորագույն ոլորտներում։ «Պետությունը կսկսի թելադրել՝ ինչ ներդրումներ նրանք անեն եւ ինչպես զարգանան»,- ասում է Ք. Ուիֆերը։
Ճգնաժամից տուժած ընկերություններին պետությունը հատկացնելու է շուրջ 50 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։ Իսկ այդ գումարները նրանք ստանալու են առաջին հերթին պետական «ԹվպՔֆՍՏվՏՎոՈվՍ»-ի միջոցով, որի ղեկավար Վլադիմիր Դմիտրիեւը «Handelsblatt»-ին տված իր հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են գնել ամբողջական ընկերություններ։ Օլգա Կրիշտանովսկայան համոզված է, որ ճգնաժամի քողի տակ Ռուսաստանում տեղի կունենա հարստության հերթական վերաբաշխումը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի կառավարությունը նախկինում էլ ակտիվորեն միջամտում էր տնտեսությանը, իսկ հիմա ավելացել են շատ նոր պատրվակներ՝ այդ միջամտությունն ուժեղացնելու համար։ Չնայած Վլադիմիր Պուտինն իր նախագահության դեռ սկզբում «չմիջամտելու համաձայնագրի» պես ինչ-որ բան էր կնքել ռուսաստանցի օլիգարխների հետ, Կրեմլում երբեք չեն դադարել եւ չեն դադարի խոսակցություններն այն մասին, թե այս կամ այն օլիգարխը երբեմն «հաբռգում» է։ Այժմ, ըստ փորձագետի, ճգնաժամն իշխանություններին հզոր լծակ է տալիս, որի օգնությամբ կարելի է ձգել անհնազանդ գործարարների սանձերը։ Սակայն այս հարցում այլ կարծիք ունեցողներ էլ կան։ Օրինակ՝ «Կարնեգիի» մոսկովյան կենտրոնի փորձագետ Նիկոլայ Պետրովը համոզված է, որ, ամեն դեպքում, հաղթողների թվում օլիգարխները կլինեն, սակայն՝ Կրեմլի օլիգարխները։ Որպես նման օրինակ՝ նա նշել է Վ. Պուտինի ընկերոջը՝ «ՀՏրՑպւվՏսՏչՌՌ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովին։ Նշենք, որ նրա կայսրության մեջ մտնում են 500 ընկերություններ։ «Այդ մարդիկ իշխանություններին այնքան մոտ են գտնվում, որ գումար ձեռք բերելը նրանց համար խնդիր չէ»,- ասում է Պետրովը՝ ավելացնելով, որ մրցակիցներին կուլ տալու ձեւերն էլ այդ նույն մարդիկ հիանալի գիտեն։