«Մի քանի նավթա-կամ գազադոլարներին խաբվել պետք չէ, պետք է չափազանց զգույշ լինել»,- ասում է Բարսեղ Բեգլարյանը

26/10/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը գործում է 2007թ. սեպտեմբերից, եւ նպատակն է՝ ձեւավորել բարեպաշտ, նորարար եւ ինտելեկտուալ մի սերունդ, որը կկարողանա գործել հօգուտ եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Հիմնադրամի կարգախոսն է. «Գիտելիքն ու առաքինությունն են ապագայի երաշխիքը, եւ դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը»: Գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 45 մլն դրամի բարեգործական ծրագիր: Իսկ այդ ամբողջ ծրագիրն իրականացվում է 3 հիմնական ուղղություններով` բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցում, ուսանողներին՝ ամսական 3-50 հազարական, իսկ ասպիրանտներին` 50-60 հազար դրամական կրթաթոշակ: Հիմնադրամը նաեւ իր գործունեության ծրագրից բխող թեմաներով է դրամաշնորհներ տրամադրում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է գործարար Բարսեղ Բեգլարյանը, խորհրդի անդամներն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ՀՀ ԿԳՆ ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվում են սեմինարներ, քննարկումներ արդի հիմնախնդիրների վերաբերյալ: Օրերս տեղի ունեցավ հերթական քննարկում-սեմինարը, ամփոփվեց նաեւ հիմնադրամի գործունեության մեկ տարին: Հանդիպմանը ներկա էր նաեւ հիմնադրամի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս ներկայացրեց ոչ միայն հիմնադրամի նպատակները, այլեւ անդրադարձավ կարեւորագույն մի քանի խնդիրների, որոնք անմիջականորեն առնչվում են հայերին եւ մասնավորապես հայ երիտասարդությանը: Նա խոսեց ֆինասական համաշխարհային ճգնաժամի, Ղարաբաղի հիմնահարցի, ինչպես նաեւ` Վրաց-օսական պատերազմի հետեւանքների եւ վտանգների մասին: «Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանը չունի ընդերք, չունի պաշարներ, եւ մեր հիմնական զենքը մեր ինտելեկտուալ ուժն է, որով պետք է կարողանանք աշխարհին զարմացնել: Ես հենց սա կարեւորելով էլ ստեղծեցի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: Սովետական տարիներին մենք կրթվում էինք անվճար, ցավոք, հիմա այդպես չէ, եւ շատերի համար կրթությունը միգուցեեւ անհասանելի է դարձել»,- ասաց «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանը: Նրա համոզմամբ` հիմնադրամի նպատակն է, որպեսզի շնորհալի երիտասարդները կարողանան հասնել իրենց նպատակներին: Հիմնադրամը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մեր երիտասարդները հպարտանան ոչ թե թաղային հեղինակություններով, այլ գիտնականներով, ինտելեկտուալ մարդկանցով, մեր ազգային հերոսներով եւ չեմպիոններով:

Եվրոպական բանկը գնում է Արարատբանկի արժեթղթերի 25 %-ը

Բ. Բեգլարյանն անդրադարձավ նաեւ Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որն իր անմիջական ազդեցությունն ունեցավ նաեւ Հայաստանի վրա: «Քանի որ ես ռազմավարական նշանակություն ունեցող դիզվառելիք եմ ներկրում Հայաստան, իսկ այդ ամբողջ պրոցեսի պորտալարը Վրաստանն է, պատերազմն անմիջապես զգացնել տվեց իր վատ ազդեցությունները: Այս ամենից ակնհայտ դարձավ, որ մենք շատ-շատ հարցերում պատրաստ չենք նման իրավիճակների»,- ասաց նա: Բ. Բեգլարյանի վստահեցմամբ, մենք ունենք երկու հուսալի հարեւաններ` Վրաստանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ մեր ապրանքաշրջանառությունը կատարվում է այս երկու հիմնական ուղղություններով: Հնգօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չենք պատերազմից բխող մարտահրավերներին: Բ. Բեգլարյանի կանխատեսումներով` տնտեսական համաշխարհային ճգնաժամը, որը սկսվեց Ամերիկայից եւ Եվրոպայից, այսօր արդեն Ռուսաստան է հասել, կձգվի ոչ ավելի, քան մեկ տարի: Ըստ Բ. Բեգլարյանի` մեր երկրի վրա այս ճգնաժամի ազդեցությունը դեռեւս չի երեւում, սակայն շուտով կունենա իր հետեւանքները. «Կարծում եմ, որ ինչպես ծովի կենտրոնում տեղի ունեցող ցունամին է ի վերջո հասնում ափ, այնպես էլ մեզ մոտ կլինի: Բացի դրանից, մեզ մոտ համաշխարհային ճգնաժամն իր անմիջական ազդեցությունը չունեցավ, քանի որ մեզ մոտ արժեթղթերի շուկան առանձնապես կայացած չէ, ինչը տնտեսական առումով չափազանց վատ է, բայց այս դեպքում մեր տնտեսվարողները շահեցին»: Բ. Բեգլարյանի վստահեցմամբ, ՀՀ-ում ճգնաժամը ոչ միայն վատ ազդեցություններ դեռեւս չի ունեցել, այլ նույնիսկ հնարավոր է դարձել դեռեւս 4-5 ամիս առաջ սկսված բանակցությունները հասցնել ավարտին: Այս առիթով նա նշեց, որ Եվրոպական բանկը գնում է Արարատբանկի արժեթղթերի 25 %-ը: Հաջորդ հիմնահարցը, որին անդրադարձավ «Ֆլեշ» ընկերության նախագահը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր: Գործարարը համոզված է, որ միջազգային հանրությունը ձգտում է հնարավորինս արագ կարգավորել այս խնդիրը: «Ինձ սարսափեցնում է այս ամբողջ վտանգավոր շեշտադրումները, որոնք առաջ են քաշվել: Ինձ համար այս տնտեսական ճգնաժամերը եւ մյուս հարցերը ածանցյալներ են: Ինձ հուզում է մեր ժողովրդի կողմնորոշումը եւ այն վերջնական որոշումը, որը կայացվելու է: Ես մի բան հաստատ գիտեմ, որ արյունով վերցրած հողերը հենց այնպես չեն վերադարձվում: Իսկ փոխզիջում ասվածը շատ նուրբ հարց է, եւ պետք է հստակ իմանալ՝ ինչ ենք տալու եւ ինչ ենք ստանալու: Մի քանի նավթա կամ գազադոլարներին խաբվել պետք չէ, պետք է չափազանց զգույշ լինել»,- ասաց նա: Ըստ նրա` հայերն այս հարցին շատ ավելի զգացմունքային են նայում, բայց հարկավոր են շատ սառը հաշվարկներ: Բ. Բեգլարյանը վստահ է, որ պատերազմ չի լինելու, քանի որ Ադրբեջանը չափազանց վախկոտ է եւ միայն հոխորտալ գիտի: Եվ, ըստ նրա, այս հարցի լուծման լավագույն տարբերակը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության փաստացի ճանաչումն է, վատագույն դեպքում՝ միացումը Հայաստանին, սրանից հետո նոր կարելի է խոսել փոխզիջումների մասին: «Մենք՝ հայերս, շատ ենք սիրում խաբվել, միգուցե իմ ձայնը տաք տեղից է գալիս, միգուցե այլ լիներ իմ դիրքորոշումը, եթե կառավարությունում կամ պետական համակարգում լինեի, բայց այժմ ես այսպես եմ մտածում»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը: