Նոր ընտրություններ է ուզում

26/10/2008

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն Միխայիլ Սահակաշվիլիին հղած նամակում ասել է, որ Վրաստանը բարդագույն քաղաքական ճգնաժամի փուլ է մտնում: «Օգոստոսի ողբերգությունը մեզ դրեց միանգամայն նոր, ծանր իրողության առջեւ»,- նշել է նա: Երկրի առջեւ ծառացած քաղաքական ճգնաժամի բաղադրիչների թվում Բուրջանաձեն նշել է «տանուլ տված պատերազմը, ինչին հետեւեց իշխանությունների քարոզչական ու ցինիկ պատասխանը, իշխանությունների կողմից մամուլի եւ բիզնեսի նկատմամբ աննախադեպ հսկողության հաստատումը, իրապես միակուսակցական ու ֆիկտիվ խորհրդարանը եւ երկրի դատական որոշումների կախվածությունը գործադիր իշխանության հրահանգներից»: Նա կոչ է արել` «գիտակցել ու խոստովանել իր սխալները, երկրում ապահովել մամուլի ազատությունը»: Նա նախազգուշացրել է, որ անթույլատրելի է հերթական «ռազմական արկածախնդրությունը», ինչը նոր ընտրություններ անցկացնելու հարց է առաջադրում: