«Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ո՛չ 5 տարի անց, ո՛չ 10, ո՛չ 20 տարի անց, երբեք: Lեռնային Ղարաբաղին երբեք չի տրվի անկախություն, եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի»,- երեկ նման հայտարարություն է արել Իլհամ Ալիեւը նախագահի պաշտոնում երդմնակալության արարողության ժամանակ: «Ադրբեջանը բանակցություններ կվարի միայն երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու շրջանակներում»,- ասել է երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնող Ալիեւը` նշելով, թե այդ հարցում միջազգային իրավունքն Ադրբեջանի կողմն է: Նա հայտարարել է, թե մինչ հիմա կատարված քայլերի շնորհիվ Ադրբեջանի դիրքորոշումն ամրապնդվել է: «Հիմա աշխարհը հասկանում է, որ այս տարածաշրջանի հակամարտությունները պետք է գտնեն իրենց լուծումը: Դա կարող է լինել միայն միջազգային նորմերի շրջանակներում: Դա կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,- ասել է Ալիեւը` ավելացնելով,- Քանի դեռ գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ համագործակցության մասին խոսք լինել չի կարող»: Այսքանից հետո Ալիեւն ասել է, թե խաղաղ բանակցությունների ներուժը սպառված չէ: «Մենք դեռ հետաքրքրված ենք շարունակելու բանակցությունները, մեր հույսը դեռ չի մարել, մենք դեռ գտնում ենք, որ բանակցությունները կարող են հարցը արդարացի կարգավորել»,- հայտարարել է նա: «Հակառակ կողմը պետք է ընդունի ռեալ իրավիճակը: Իսկ իրականությունն այն է, որ այսօր Ադրբեջանի հետ մրցակցելը չափազանց բարդ է: Ես նույնիսկ կասեի` անհնարին է,- նշել է Ալիեւը՝ հավելելով,- Մեր քաղաքական ու տնտեսական ներուժը, տնտեսական հզորությունը, միջազգային իրավունքն ու արդարությունը մեր կողմն է, ամրապնդում է մեր դիրքերը: Համոզված եմ, որ այս բոլոր գործոնների արդյունքում եւ մեր ակտիվ, հարձակողական քաղաքականության շնորհիվ մեր հողերը կազատագրվեն»,- ասել է Ալիեւը` որպես դրա հիմնավորում ներկայացնելով ռազմական ծախսերի դինամիկան: «2003 թ. երկրի ռազմական ծախսերը կազմել են 163 միլիոն դոլար, 2008-ին դրանք հասել են 1 միլիարդ 85 միլիոն դոլարի»,- հայտարարել է նա` խոստանալով, որ առաջիկա տարիներին այդ ծախսերը կավելանան, եւ 2009-ին ավելի շատ միջոցներ կտրամադրվեն ռազմական ծախսերին: «Ստեղծելով շատ հզոր զինված ուժեր, մենք արագացնում, մոտեցնում ենք LՂ հակամարտության լուծումը: Բոլոր այս գործոնները դեր են խաղում, եւ հակառակ կողմը պետք է իմանա եւ գիտի, որ Ադրբեջանը շատ հզոր պետություն է»,- հայտարարել է Ալիեւը: Նշենք, որ թեեւ նախապես հայտարարվել էր, որ Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությանը այլ պետությունների ղեկավարներ չեն հրավիրվելու, սակայն երեկվա արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: