Դադարեցրել են «Բջնիի» գործունեությունը

26/10/2008

Երեկ հաղորդագրություն է տարածել «Սիլ» կոնցեռնի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 23-ին Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը դադարեցրել է հանքային ջրերի «Բջնի» գործարանի աշխատանքը: Հաղորդագրության հետ տարածվել է նաեւ կազմակերպության փաստաբան Արա Զոհրաբյանի տրամադրած տեղեկանքը, որում նախօրեին կատարվածի անօրինական ու չհիմնավորված լինելն ապացուցելու համար մանրամասն ներկայացվում է «Բջնիի» գործունեությունը` արտոնագիրը ստանալու պահից սկսած, եւ մինչեւ 2007 թվականի սեպտեմբերը գործարանում կատարված ստուգումներն ու դրանց ժամանակագրությունը (դրանց արդյունքում որեւէ էական խախտում չէր հայտնաբերվել): Ըստ տեղեկանքի, 2007թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից մեկ ամիս անց, որի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի կողքին էր կանգնած «Բջնիի» հիմնական սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը, ՀՊԾ-ն նոր ստուգում է սկսել գործարանում: Ստուգումների սկզբում ՀՊԾ-ն ընկերության տարածք է ներխուժել ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ոստիկանների հետ միասին` ընկերությունում ստեղծելով վախի մթնոլորտ: Առանձին-առանձին նշելով «Բջնիում» դրանից հետո կատարված ստուգումների մասին, փաստաբանը գրում է, որ ընկերության դեմ կատարվածն ունի մեկ բացատրություն, այն է` Սուքիասյան եղբայրները 2007 թ. սեպտեմբերից զորակցել են Լ. Տեր-Պետրոսյանին: «Ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան` ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով: ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը համարձակություն էր ունեցել եւ ինքնաբացարկ էր հայտնել, հավանաբար համոզված լինելով, որ չէր կարողանալու արդարացի վճիռ կայացնել: Գործը փոխանցվել է Վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանին, ով հայտնի է իր անսկզբունքայնությամբ: ՀՀ Վարչական դատարանը Լ. Սոսյանի նախագահությամբ անօրինական վճիռ է կայացրել` որոշելով Ընկերությունից բռնագանձել 4.067.201.600 ՀՀ դրամ…Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Վարչական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ չսպասելով Ընկերության կողմից վճռաբեկ բողոք բերելու իրավունքից օգտվելու գործողությանը, Հարկային պետական ծառայությունը (այժմ արդեն Պետական եկամուտների կոմիտեն) կատարողական թերթ է ստացել եւ դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն»,- նշում է փաստաբան Ա. Զոհրաբյանը` ավելացնելով, որ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը, չունենալով հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին համապատասխան որոշումը, 23.10.2008թ. բազմաթիվ հարկադիր կատարողների եւ սեւ, առանց տարբերանշանի Հատուկ ծառայության համազգեստներով դիմակավորված անձանց հետ միասին ներխուժել են Ընկերության Երեւանում գտնվող բազան եւ Չարենցավանում գտնվող գործարանը` կապարակնքելով տարածքներն ու բացահայտ առգրավելով Ընկերության տրանսպորտային միջոցները: Ընկերության աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի: Ընկերության գործունեությունը դադարեցված է: Ընկերության ունեցվածքը դրվում է հարկադիր աճուրդի: «Ընկերության ղեկավարությունը ոչ մի հակաօրինական գործողություն չի կատարել, եւ վերջինիս միակ «մեղքը» նրանումն է, որ իր քաղաքական իրավունքների իրականացման (ընտրության մասնակցելու) ժամանակ ՀՀ Նախագահի թեկնածուներից նախընտրել է Լ. Տեր-Պետրոսյանին… Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով երաշխավորված կամայականության արգելքի սկզբունքի համաձայն` վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք: Ստացվում է, որ Հարկային պետական ծառայությունն իր կողմից խախտում չհամարված որեւէ փաստ կարող է հետագայում խախտում համարել: ՀՀ Բնապահպանության նախարարության պետական տեսուչի կողմից դատարանում տրված ցուցմունքի համաձայն, նույն սկզբունքով են կապարակնքվել նաեւ Ջերմուկի, Արզնիի եւ մյուս հանքավայրերում հաշվիչները»,- ասված է Ա. Զոհրաբյանի տեղեկանքում: