Լուսակերտում կենսագազի գործարան բացվեց

26/10/2008

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում երեկ բացվեց «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» (ԼԲՓ) ՓԲԸ կենսագազի գործարանը, որը չունի իր նախադեպը Հայաստանում եւ Կովկասում: Գործարանը ստացված թռչնաբուծական կենդանական թափոններից արտադրելու է էլեկտրաէներգիա, օրգանական պարարտանյութ: Գործարանի հիմնական սեփականատերն է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան, սակայն բաժնետոմսեր ունեն նաեւ դանիական երկու եւ նորվեգական մեկ ընկերություններ: Գործարանը փորձնական կերպով, արդեն մեկ ամիս է, սկսել է աշխատել 70-75 տոկոս ծանրաբեռնվածությամբ, սպասվում է, որ արդեն մոտ օրերս այդ ծանրաբեռնվածության տոկոսը կհասնի 100-ի: Գործարանի արժեքն է 5մլն 200 հազար եվրո, սակայն ամբողջ ներդրումներն ապագայում կկազմեն մոտ 10 մլն եվրո: Ակնկալվում է, որ ներդրված գումարները շահույթի կվերածվեն մոտ 7-8 տարի հետո: Ըստ գործարանի հիմնադիրներից ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի` գործարանի նախագիծը սկսել է քննարկվել դեռեւս 2005 թվականից, սակայն կառուցվել է վերջին մեկ տարում: «Այս ծրագիրը չունի իր նախադեպը հանրապետությունում եւ Կովկասում, այն բազմաթիվ առումներով ուղեցույց կհանդիսանա նմանատիպ հետագա ծրագրերի համար: Արդեն նման գործարանի կառուցման ծրագրեր ունեն նաեւ «Արաքս», «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկաները եւ այլ ընկերություններ»,- ասել է նա: Գործարանի շահագործումը կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը եւ գլոբալ տաքացման դեմ պայքարին, հողի եւ ջրի տեղային աղտոտման նվազեցմանը, ՀՀ նոր ներդրումներ ներգրավելուն, արտանետումների սերտիֆիկացված կրճատման վաճառքից գոյացած արտահանման եկամուտի ներկրմանը Հայաստանի տնտեսության մեջ, վերականգնվող էներգիայի նոր դաշտի ստեղծմանը, անհրաժեշտ օրգանական պարարտանյութերի ապահովմանը, ինչպես նաեւ՝ հայ ճարտարագետների եւ տեխնիկական ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների` նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացմանը: Գործարանն օրական վերամշակում է 220 տոննա Լուսակերտ տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի հեղուկ թռչնաղբ, որի արդյունքում արտադրվում է 70 տոկոս մեթանի պարունակությամբ կենսագազ: Այն աշխատեցնում է գազի շարժիչը, որն, իր հերթին` գեներատորը: Խ. Մանուկյանի տեղեկացմամբ, տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի շուրջ 7 մլն կվտ ժամ: Նախատեսվում է, որ ստացված էլեկտրաէներգիան վաճառվելու է հայկական էլեկտրացանցերին` մեկ կվտ-ն 35 դրամով: Ըստ Խ. Մանուկյանի` գործարանը տարեկան կկարողանա կենդանական թափոնների մշակման արդյունքում լրացուցիչ վերամշակման միջոցով արտադրել նաեւ շուրջ 8 հազար տոննա որակյալ օրգանական պարարտանյութ:

Գործարանի բաժնետերերից համարվող նորվեգական «Վեքստ» հիմնադրամի գլխավոր մենեջեր Ռոլֆ Կեւինի խոսքով, քչերն էին հավատում այս գործարանի կառուցմանը եւ նրա հաջողություններին:

Խ. Մանուկյանը տեղեկացրել է նաեւ, որ 2006թ. սեպտեմբերին ԼԲՓ-ն սերտիֆիկացվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմից «Մաքուր զարգացման մեխանիզմի» (ՄԶՄ) հսկողության ներքո: ԼԲՓ-ն Հայաստանում գործող երկու ՄԶՄ նախագծերից մեկն է: Որպես սերտիֆիկացված ՄԶՄ նախագիծ` ԼԲՓ-ն կարող է վաճառել CO2-ի կրճատումները: ԼԲՓ-ի դեպքում կրճատման ծավալը կազմում է տարեկան 28 հազարն: Արդյունաբերական ճանապարհով թռչնաղբը վաճառելուց հետո հողի եւ ջրի աղտոտող տարրերն էապես կկրճատվեն: