Դասեր սեքսի մասին

26/10/2008

Սեռական կրթության դասերը պարտադիր կդառնան բրիտանացի բոլոր դպրոցականների համար, սկսած հնգամյա տարիքից: Այդ մասին հայտարարել է դպրոցական կրթության գործերի նախարար Ջիմ Նայթը: «Ժամանակակից կյանքն ավելի ու ավելի է բարդանում, եւ մենք պարտավոր ենք երիտասարդությանը զինել անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով»,- ասել է նա: Նայթի խոսքով` ամենակրտսեր հնգամյա դպրոցականները կիմանան տղաների ու աղջիկների ֆիզիկական տարբերությունների, սեռական հասունացման մասին եւ կսովորեն խոսել սիրո եւ բարեկամության մասին: Ավագ դպրոցականները կպարզեն` ինչու է կարեւոր կայուն հարաբերություններ պահպանելը, եւ կիմանան անկանոն սեռական կապերի անցանկալի հետեւանքների մասին: «Ինֆորմացիա կստանան ոչ թե բակում ու զանգվածային լրատվամիջոցներում սեքսի վերաբերյալ հակասական հաղորդումներից»,- պարզաբանել է Նայթը: Նա նշել է, որ սեռական դաստիարակության պարտադիր դասեր սահմանելու որոշումը կառավարությունն ընդունել է սեռական կրթության անհրաժեշտության վերաբերյալ փորձագետների զեկույցին ծանոթանալուց հետո: Ներկայում Մեծ Բրիտանիայում դեռահասային հղիության ամենաբարձր մակարդակն է Արեւմտյան Եվրոպայում: