Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը երեկ հայտարարել է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները կշարունակվեն «անաղմուկ»: «ՀՀ-ի հետ դիվանագիտական անցուդարձը սկսվել է անցյալ տարի: Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցով այն վեր է ածվել քաղաքական երկխոսության: 2 հասարակությունների համար էլ զգայուն լինելու պատճառով, այն կշարունակվի անաղմուկ»,- ասել է նա: Հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպում` Տիրանայում տեղի ունենալիք Սեւծովյան տնտեսական համաժողովի շրջանակում, նա ասել է, որ եթե ՀՀ ԱԳ ղեկավարը մասնակցի համաժողովին, ապա չի բացառվում, որ իրենք հանդիպեն: «Այլեւս որեւէ խոչընդոտ չկա նման հանդիպումների համար»,- ասել է նա: