– Նորից ակտիվացել են ԼՂ հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հայտարարությունները: Ըստ Ձեզ` ԼՂ հարցը կարո՞ղ է լուծվել մի քանի ամիսների ընթացքում:
– Ովքեր տարիներ շարունակ հետեւել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կհիշեն էլի մի շարք դեպքեր, երբ ասվում էր, թե՝ ահա մոտ է լուծումը, բայց հետո ամեն ինչ միանգամից վերջացել է: Կարծում եմ, սա հերթական նման դեպքն է: Բայց ակնհայտ է, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք լուրջ ազդեցություն ունեն, եւ կարող են հետագայում եւս ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: Խոսքը վերաբերում է եւ՛ Ռուս-վրացական պատերազմին, եւ՛ Թուրքիայի աշխուժացմանը, եւ՛ ռուս-թուրքական հարաբերությունների նոր որակին: Նոր գործընթացներ կարգավորման մեջ կան, բայց, կարծում եմ, դեռ չկան այն լուծումները, որ ԼՂՀ-ն, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեն, թե դրանք իրենց համար լիովին ընդունելի են: Կարող է տարօրինակ թվալ, բայց ԼՂ խնդրի կարգավորման համար առաջին հերթին Ադրբեջանը չի համաձայնի շրջանառվող Մադրիդյան սկզբունքների կիրառմանը:
– Բայց բացի ազատագրված տարածքների վերադարձից, դրանում, որքան հայտնի է, նաեւ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի մասին կետ կա. ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան, եւ 10-15 տարի հետո հանրաքվեով որոշվի ԼՂՀ անկախության հարցը: Ադրբեջանը չի՞ կարող դա օգտագործել ի նպաստ իրեն:
– Նախ, նման ժամկետ այդ սկզբունքներով չի սահմանվում: Սակայն, իհարկե, մինչ փաստաթուղթը ստորագրման ներկայացնելն ամեն ինչ պետք է հստակեցվի. եթե նոր հանրաքվե է անցկացվելու, ապա ինչո՞վ 17 տարի առաջ անցկացվածը չի բավարարում, ե՞րբ է նոր հանրաքվեն անցկացվելու, ինչո՞ւ հենց այդ ժամանակ եւ այլն: Ցանկացած հարց պիտի հիմնավորվի: Թե չէ` ինչ-որ մեկը հենց այնպես չի կարող որոշել, թե 10-15 տարի հետո ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված հանրաքվե պետք է անցկացվի: Ասում են, որ փախստականները, ընդ որում` 1991-ից առաջ ԼՂՀ-ում ապրողները, պետք է վերադառնան եւ մասնակցեն հանրաքվեին: Բայց դրա համար անհեթեթ կլինի 10-15 տարի սահմանել: Շատ ավելի կարեւոր մեկ այլ բան կա, որի մասին հայկական կողմը գրեթե չի խոսում` 1991թ., երբ ԼՂՀ-ում հանրաքվե անցկացվեց, ադրբեջանցիները դեռեւս ԼՂՀ-ում էին: Եթե համեմատեք ադրբեջանցիների թիվը ԼՂ այն ժամանակվա ընդհանուր թվի հետ, ապա կտեսնեք, որ ադրբեջանցիների առնվազն մի մասը մասնակցել է հանրաքվեին: Եվ դա անցկացվել էր միջազգային ու խորհրդային բոլոր իրավական նորմերին համապատասխան: Սա կարեւոր հանգամանք է: Հետեւաբար այն մերժելու եւ նոր հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր: Չեմ կարծում, թե 10-15 տարի հետո հանրաքվե անցկացնելու անհեթեթ մոտեցումները պետք է տեղ գտնեն այդ փաստաթղթում, որ Ադրբեջանն էլ ինչ-որ ժամանակ հետո կարողանա դա օգտագործել: Վստահ եմ, որ հանրաքվեի ցանկացած տարբերակ հանգեցնելու է ընդամենը ԼՂ անկախության ճանաչմանը: Եվ Ադրբեջանը սա չի կարող թաքցնել իր ժողովրդից: Բայց ինչպես մի քանի անգամ արդեն եղել է, ինչպես հայր Ալիեւը հրաժարվեց մինչեւ վերջ քննարկված տարբերակից, նույնն էլ հիմա կարող է լինել, եթե, իհարկե, խափանման այլ պատրվակ չլինի: Այնպես որ, մոտ ժամանակաշրջանում լուծման անհնարինությունը ես նախ կապում եմ Ադրբեջանի հետ: Եվ ամենակարեւոր հանգամանքը` որեւէ մեկը չպիտի մոռանա, այս խնդիրն առաջնահերթ նշանակություն ունի նախ ԼՂ ժողովրդի համար: Եվ առանց նրա համաձայնության՝ որեւէ մեկը չի կարող որեւէ լուծում պարտադրել։
– ԼՂ դեպքում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի օրինակներն ի՞նչ նշանակություն կարող են ունենալ:
– Երբ ՀՀ-ում խոսում են Ռուս-վրացական պատերազմի մասին, ասում են, որ այն ԼՂՀ խնդրի կարգավորման համար դրական նշանակություն ունեցավ. իբր Ադրբեջանը կհասկանա, որ հակամարտության կարգավորումը զենքով հնարավոր չէ: Համաձայն չեմ այս մոտեցմանը: Թեեւ, իհարկե, տվյալ դեպքում Ադրբեջանն ու Վրաստանը նույն կարգավիճակում են, բայց, այնուամենայնիվ, զենքով հնարավոր եղավ այդ հարցն ինչ-որ կերպ կարգավորել` այն, ինչ արեց ՌԴ-ն: Իհարկե, սա ակնհայտորեն մերժելի լուծում է, սա հակասում է ՄԱԿ-ի, ԵԽ-ի ԵԱՀԿ-ի բոլոր հիմնարար մոտեցումներին: Իսկ Ադրբեջանն այս կազմակերպությունների անդամ է եւ հերթական անգամ ԼՂ վրա հարձակվելու պարագայում եւս մեկ անգամ ոտնահարելու է այդ հիմնական սկզբունքները: Բայց այստեղ կա նաեւ մյուս հանգամանքը` հեշտ էր նկատել, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ՌԴ կողմից ճանաչելուց հետո եվրոպական բազմաթիվ երկրներ հայտարարեցին, որ տարածքային ամբողջականության սկզբունքն իրենց համար առաջնահերթություն ունի: Սա, կարծում եմ, ԼՂ խնդրի կարգավորման համար նպաստավոր չէ: Պետությունները, դժբախտաբար, հաճախ իրենց դիրքորոշումները ձեւակերպում են ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում, այլ իրենց շահերից ելնելով: Այնպես, ինչպես ԱՄՆ-ը եւ եվրոպական մի շարք երկրներ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, իսկ, օրինակ, աբխազներինը չեն ուզում ճանաչել: Ի դեպ, նույնն արեց ՌԴ-ն` ճանաչեց այդ երկուսի անկախությունը, բայց մինչ այդ չէր ճանաչում եւ կատաղի պայքար էր մղում Կոսովոյի անկախության դեմ: Սա ցույց է տալիս, որ հատկապես ազդեցիկ երկրները նախընտրում են իրենց շահերը, ոչ թե միջազգային իրավունքի նորմերը:
– Այսինքն` հիմնականում կարեւորվում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ շահը:
– ՀՀ-ում, դժբախտաբար, տիրապետում է այն կարծիքը, թե միջազգային իրավունքի շրջանակներում անկախության հռչակման ճանաչումը կամ անջատումը խոցելի դիրքորոշում է: Բայց եթե դու խնդիր ունես, չպետք է կարեւորես գործոնների մի մասը միայն: Դա կարող են անել խոշոր պետությունները` ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն: Ընդ որում` ՌԴ-ի պարագայում անգամ դա այնքան էլ չի հաջողվում: Նման խնդիրներն ունեն բազմաթիվ գործոններ` իրավագիտական, քաղաքագիտական, պատմագիտական, մշակութային: Եվ, բնականաբար, սրանց կողքին ակնհայտ է նաեւ շահը: Խնդրի կարգավորման մեջ սրանք ունեն տարբեր կշիռներ, բայց ԼՂ-ի դեպքում, ըստ իս, հաջողություն կարելի է ակնկալել մեկ դեպքում` եթե բոլոր գործոնների հետ կապված արվի հետեւողական աշխատանք: Ցավոք, մենք դա չենք տեսնում: Տարիներ շարունակ անտեսվել է եւ՛ քարոզչական, եւ՛ իմ թվարկած բոլոր գործոնները: Իսկ Ադրբեջանը ծախսելով հսկայական գումարներ` փորձում է այս բոլոր ուղղություններով ամրացնել իր դիրքերը: Իհարկե, դա արվում է կեղծիքով, խաբեությամբ, բայց դա ոչ քիչ դեպքերում հաջողվում է: Դուք չեք կարող ԼՂ խնդիրը լիարժեքորեն ներկայացնող օտար լեզվով որեւէ գիրք դնել որեւէ օտար ուսումնասիրողի առաջ: Ադրբեջանը բազմաթիվ անգամ է արել: Եվ այդ պարագայում ամենալկտի սուտն էլ կարող է անցնել ճշմարտության փոխարեն:
– Փաստորեն, նման խնդիրները կարող են լուծվել նաեւ ռազմական ճանապարհով: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մի օր կարո՞ղ են իրականություն դառնալ:
– ԼՂ-ն եւ ՀՀ-ն ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի ագրեսիային համարժեք պատասխան տալու: Միայն այդ դեպքում է, որ ադրբեջանցիները չեն համարձակվի նման քայլ անել: Բայց կա նաեւ խնդրի մյուս կողմը: Վստահ եմ, որ ինչքան էլ նրանք աքլորանան, թե մեծ գումարներ են դնում այդ նպատակի համար, որ իրենց բանակը մարտունակ է, իրենք վստահ չեն, որ պատերազմում հաջողություն կունենան: Այդ դեպքում ԼՂ անկախությունն այլ երկրների կողմից ճանաչելու հավանականությունն անհամեմատ ավելի մեծ կլինի: Թեեւ, ինչքան էլ տարօրինակ թվա, կարծում եմ, Ալիեւի համար չլուծված հակամարտությունն ավելի ձեռնտու է, քան լուծվածը: Այսօր կա խնդիրը, ու Ալիեւը հնարավորություն ունի առանց մեծ ջանքերի «հայրենասերի» կերպարով հանդես գալու` թեկուզ եւ պատերազմով հարցը լուծելու է, ոչ մի թիզ հող չեն զիջելու եւ այլն: Սա՝ որպես իր կերպարի բաղկացուցիչ մաս: Նաեւ ֆինանսական խնդիր կա: Եթե հարցը փակվի, իր ժողովուրդն ասելու է` բա հիմա որտե՞ղ են մեր փողերը: Բա ինչո՞ւ ենք այսքան վատ ապրում, եթե երկիրն այսքան հարուստ էր: Եվ պատասխանները հեշտ չեն տրվելու: Նաեւ չպետք է մոռանալ այն հսկայական միջոցները, որոնք ուղղվում են ռազմական բյուջեի մեծացմանը: Ցանկացած երկրի համար դրանք բյուջեի ամենափակ հոդվածներն են: Եվ դժվար չէ ենթադրել, թե այդ միջոցների առյուծի բաժինն ուր է գնում: Այնպես որ, ԼՂ հարցի կարգավորման գործում Ալիեւը, կարծում եմ, հետաքրքրություն չունի:
– Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ-ում էլ ոչ մի նախագահ չի համարձակվի լուծել խնդիրը, որովհետեւ լուծող նախագահը կհամարվի տարածքներ վերադարձնող: ԼՂՀ անկախությունն էլ գոնե առայժմ անիրական չի՞ թվում:
– Ինչո՞ւ է անիրական: Վերջին մի քանի տասնամյակում աշխարհում կարող էին 70-ից ավելի նոր պետություններ առաջանալ, ԼՂՀ-ում հնարավոր չէ՞:
– Դուք եք ասում, որ ՀՀ-ն բավարար աշխատանք չի տարել կարգավորման համար:
– Իհարկե, վերոհիշյալ բոլոր ուղղություններով պետք է շատ ավելի աշխատել, քան այսօր արվում է: Շատերին թվում է` այդ ամենը պարզապես ֆոն է, իսկ լուծումներն այլ ձեւով եւ այլ տեղում են ձեւավորվում: Իհարկե, լուծումները բանակցությունների արդյունքում պիտի լինեն, բայց բանակցությունները մեզ համար այնքան ավելի հաջող կլինեն, որքան մեր թիկունքն ավելի ամուր լինի: Այսօր շատ օտարներ բոլորովին պատկերացում չունեն ԼՂՀ հարցի մասին: Պարզունակ մոտեցումը, թե մենք արդար ենք, եւ բոլորը դա պարտավոր են ընդունել, վաղուց իրեն սպառել է: Հանուն արդարության պետք է ասեմ, որ այս մոտեցումները ձեւավորվել եւ ավանդույթ են դարձել 90-ականների սկզբից:
– Ադրբեջանի թիկունքն ավելի ամուր է: Ունի նավթ, ենթակառուցվածքներ եւ աշխարհագրական այնպիսի դիրք, ինչը միջազգային հանրությունն ավելի է գնահատում:
– Բայց մենք իրավունք չունենք չօգտագործել իրավական, պատմական, մշակութային բաղադրիչները, որտեղ ԼՂ դիրքերը բացարձակ ամուր են, եւ արդարանալ, որ օտարները նախընտրում են նավթը: Եթե դրանք նավթի կողքին չես դնում, իհարկե, նավթը կգնահատվի: Նման բարդ խնդիրների լուծումը միայն 1 գործոնով չի կարելի պայմանավորել`պետք է մարդկանց առաջ հիմնավորումներ դնել: Շատ վատ է օգտագործվում Նախիջեւանի նախադեպը: Այնտեղ այսօր 1 հայ չի ապրում Ադրբեջանի քաղաքականության արդյունքում, եւ սա չի կարող գործոն չլինել լուրջ հիմնավորումների պարագայում: Իսկ մենք Նախիջեւանի ու ցեղասպանության մասին խոսում ենք զուտ բարոյական տեսակետից:
– Արդեն հայտնի է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի ու ՀՀ նախագահները Մոսկվայում պետք է հանդիպեն: Դուք վտանգ տեսնո՞ւմ եք ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումն այլ ֆորմատ տեղափոխելու առումով:
– Տարատեսակ նման հանդիպումներ նախկինում էլ եղել են, դա չի բացառում Մինսկի խմբի գործունեությունը եւ կարեւորությունը:
– Ի դեպ, նախաձեռնում է այն նախագահը, ով ընտրվելուց հետո գնաց Ադրբեջան եւ հայտարարեց, թե պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
– Նախ, պետք է ի վերջո ընդունել, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած նորմալ պետություն, կողմնորոշվում է իր շահերով: Սա պիտի ընդունենք՝ որպես նորմալ երեւույթ: Պետք էր ՌԴ նախագահին հարցնել, թե ինչու է դա ասել, բայց եթե ուշադրություն դարձնեք, տարբեր պետությունների նախագահներ Ադրբեջան այցելելիս դա կրկնում են: ՀՀ գալուց էլ ասում են, թե պետք է միջազգային իրավունքի շրջանակներում հարցը լուծվի: Կիրառվում է փոքրիկ խորամանկություն. խոսում են միայն տարածքային ամբողջականության մասին, քանի որ դա հաճելի է Ադրբեջանին: ՀՀ-ն էլ կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանզի դա ոչ մի կապ չունի ԼՂ ինքնորոշման հետ: Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի սահմաններում հնարավոր չէ հակադրել ինքնորոշման իրավունքին: Ավելին, ինքնորոշման իրավունքն ունի համապարտադիր բնույթ եւ բարձրագույն իրավական կարգավիճակ: Մինչդեռ ՀՀ-ում շատերը դեռեւս գտնվում են 90-ականների սկզբի արատավոր կաղապարների ազդեցության տակ ու հեռավոր պատկերացում իսկ չունեն միջազգային իրավունքի մասին: Այս ոլորտում, ինչպես նաեւ այդ իրավունքի կիրառմամբ անջատման վերաբերյալ ամեն տարի տպագրվում են հեղինակավոր մասնագետների տասնյակ գրքեր եւ հարյուրավոր հոդվածներ:
– Ընդդիմությունը խոսում է ԼՂ-ին՝ որպես բանակցային կողմ վերադարձնելու մասին, իսկ իշխանությունները չեն արձագանքում:
– Ես չեմ կարող խոսել իշխանությունների անունից: Հայտնի փաստ է, որ ԼՂ-ն միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է հակամարտության կողմ: Ընդունելի լուծում ունենալու համար անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն լինի բանակցությունների լիարժեք կողմ: Ի դեպ, դա էր առաջարկում նաեւ ԱԺ-ի` ապրիլին ընդունված հայտարարությունը կառավարությանն ու նախագահին: Այն կարեւորել է եւս մի քանի խնդիրների լուծում, սակայն մինչ այժմ տեղաշարժ չկա:
– Ընդդիմությունը նաեւ առաջարկում է ճանաչել ԼՂՀ անկախությունը:
– Կարծում եմ` այս խնդրում ընդդիմություն-իշխանություն խաղերը բոլորովին տեղին չեն: Խնդիրը ՀՀ-ի համար կենսական է եղել, եւ, երբ դրանք չկային, կարեւոր է եւ այսօր, ու կարեւոր է լինելու, երբ այսօրվա ընդդիմությանն ու իշխանությանը ոչ ոք չհիշի: Հիմնախնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Մնացած ամեն ինչ պետք է ուղղված լինի այդ նպատակին: Մնացածը կլինեն ուղղակի րոպեական «հայրենասիրության» դրսեւորումներ: Ուզո՞ւմ ենք` ԼՂՀ անկախությունը ճանաչվի, ուրեմն` պիտի հասկանանք խնդրի լրջությունը: Դրա համար պահանջվում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, ընդ որում, տարբեր բնագավառների մասնագետների ներգրավմամբ: Մի բան, որ այս ամբողջ ժամանակահատվածում դժբախտաբար չի արվել: Ասեմ նաեւ, որ տարբեր ձեւերով ՀՀ-ն ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Ամեն տարի ընդունվող օրենքով` պետական բյուջեի մասին, ՀՀ-ն միջպետական վարկ է տրամադրում ԼՂ-ին:
– Ինչո՞ւ եք հիմա` ԱԺ պաշտոնը թողնելուց հետո խոսում այդ ամենի մասին:
– Նախ, որեւէ հարց քննարկելիս կարեւոր է, թե ինչ է ասվում, այլ ոչ թե` այդ մասին նախկինում երբ է ասվել: Բայց հատկապես «Նահանջ երգով» հոդվածը տպվելուց հետո նման մի քանի հարցադրումներ եղել են: Եթե խոսքը վերջին զարգացումների մասին է, ապա հակադարձեմ. ինչպե՞ս կարող էի խոսել մայիսին, սեպտեմբերին կամ հոկտեմբերին տեղի ունեցածի մասին: Իսկ եթե ընդհանրապես ԼՂՀ խնդրի կարգավորմանն է վերաբերում խոսքը, ապա, իհարկե, այսօրվա իրավիճակը մինչ սեպտեմբերի 26-ը եղած իրավիճակից որոշակիորեն տարբերվում է: Այն ժամանակ ես ՀՀ նախագահին, ԱԳ նախարարին իմ մոտեցումներն անձամբ ներկայացնելու առիթներ միշտ ունեի եւ դա արել եմ: Հարցազրույցների մասին չեմ էլ ուզում խոսել: Միաժամանակ, անցած տարիներին տարբեր հանդեսներում հրապարակել եմ ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված գիտական հոդվածներ եւ դրանցում էլ եմ արծարծել այդ խնդիրները: Եթե հիշում եք, ապրիլին ինքս էի ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, եւ այդ խնդիրներն առկա էին նաեւ այնտեղ: Եվ վերջապես, երեկ տպարանից ստացել եմ իմ` «ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրության ողջ տպաքանակը: Հուսով եմ, որ եկող տարվա սկզբին հրատարակված կլինի գրքի անգլերեն տարբերակը: Հետաքրքիր է, ի՞նչ են արել նրանք, ովքեր ոչինչ չունենալով հակադրելու՝ այդ հարցն են տալիս: