«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու պաշտոնական առաջարկ դեռեւս չի ստացել: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Այն, թե ինչ ձեւաչափով կուսակցությունը կմասնակցի խմբի աշխատանքներին առաջարկ ստանալու դեպքում, ըստ Ա. Մարտիրոսյանի, կախված է մի քանի հանգամանքներից, մասնավորապես` թե ինչ լիազորություններ են տրվելու փաստահավաք խմբին: «Եթե տրվելու են այնպիսի լիազորություններ, ինչպիսիք ունի ԱԺ հանձնաժողովը, բարդ քննարկման առարկա կդառնա: Եթե իրական հնարավորություններ ունենա, եւ հստակ լինեն այն խնդիրների շրջանակները, որոնք հուզում են հասարակությանը, ապա այդ դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի»,- ասել է նա: Երեկ Ա. Մարտիրոսյանն առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կազմակերպել բաց քննարկում, որոնց արդյունքում եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը կփորձեն գտնել այնպիսի ճանապարհներ, որ իրավիճակից դուրս գան հնարավորինս քիչ կորուստներով: