«Ըստ մեր վերլուծությունների, որոնք հիմնված են դիվանագիտական տարբեր աղբյուրների վրա հիմնված մեր հավաստի տեղեկատվության վրա, Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը սրընթաց գնում է դեպի հանգուցալուծում»:
Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ նաեւ այդ վերլուծությունների պատճառով է ընդդիմությունը որոշում կայացրել ակտիվ պայքարը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Նա կրկնել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 17-ի հանրահավաքում արած հայտարարությունը, ըստ որի՝ զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելով՝ ընդդիմությունը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին՝ խուսափել արտաքին ճնշումներից եւ չգնալ պարտադրված ու վտանգավոր զիջումների: Իսկ ի՞նչ կանի ընդդիմությունը, եթե Սերժ Սարգսյանը չօգտվի ընդդիմության ընձեռած այդ հնարավորությունից: Այդ հարցին ի պատասխան՝ Լ.Զուրաբյանը ասել է, թե ընդդիմությունը կանի այն, ինչ կպահանջի իրավիճակը: Նշելով, որ Ղարաբաղի հարցում իրավիճակի լրջությունը պայքարը ժամանակավորապես դադարեցնելու որոշման հիմնական պատճառն է, Լ. Զուրաբյանն ասել է, որ այդուհանդերձ կան նաեւ այլ պատճառներ, եւ ընդդիմության որոշումը, ըստ Լ. Զուրաբյանի, «բազմանպատակ է եւ մեսիջ է` ուղղված քաղաքական ուժերին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին»: Ի դեպ, հենց վերջիններիս միջեւ ներկայումս Հայաստանի համար ընթացող պայքարով է բացատրել ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի Հայաստան կատարած այցը:
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա, ինչպես Լ. Զուրաբյանն է ասում, դրանք ինքնանպատակ չեն եւ, եթե տեսնեին, որ դրանք հարց են լուծում, ապա կշարունակեին հանրահավաքները: «Բայց տեսնում ենք, որ հանրահավաքները հարց չեն լուծում»,- ասել է նա` ավելացնելով, որ ներկայումս իրենք ամրապնդում են ստվերային կառավարությանը հատուկ կառույցները, որպեսզի կարողանան հանրության առաջ լիարժեք հանդես գալ խնդիրների լուծման այլընտրանքային առաջարկներով: Ընդդիմության ակտիվ գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու որոշումը հասարակության շրջանում ոչ միանշանակ է ընդունվել: Իհարկե, խոսքը Հայ Ազգային կոնգրեսի այն անդամների մասին չէ, ովքեր հոկտեմբերի 17-ի հանրահավաքից հետո շփվել են Լ. Զուրաբյանի հետ: Վերջիններս, ինչպես երեկ հայտարարել է Լ. Զուրաբյանը, շատ նորմալ են ընդունել ընդդիմության հանրահավաքային պայքարը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը եւ «այն համարել են իմաստուն»: Լեւոն Զուրաբյանն ասել է նաեւ, թե այդ որոշումը լավ է ընդունել Համաժողովրդական Շարժման մեծամասնությունը: Ըստ նրա, իհարկե, կան մարդիկ, ովքեր հանրահավաքները համարում էին պայքարի միակ արդյունավետ միջոցը, կան մարդիկ, որոնք կյանք չունեն առանց հանրահավաքի, սակայն մեծամասնությանը` ներկայացնելով ընդդիմության փաստարկները, հաջողվել է համոզել, որ պայքարի ժամանակավոր դադարի որոշումը ճիշտ էր: Իսկ ովքեր այժմ դժգոհ են նման որոշումից, ինչպես հայտարարել է Լ.Զուրաբյանը, դրա ճշմարտացիության հարցում կհամոզվեն ժամանակի ընթացքում, երբ տեսնեն այդ որոշման պտուղները:
Երեկվա ասուլիսում Լ. Զուրաբյանն անդրադարձել է նաեւ առաջիկայում ստեղծվելիք մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբին: «Եթե ընդդիմությունը մասնակցեր մարտի 1-ի ուսումնասիրությունների խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, ապա այսօր իշխանությունը ստիպված չէր լինի գնալ փաստահավաք խմբի ձեւավորման, որը պետք է կազմված լինի իշխանության եւ ընդդիմության հավասար ներկայությամբ»,- հայտարարել է նա: Լ. Զուրաբյանն ասել է, որ մարտի 1-ի հանձնաժողովն ուղղակի զբաղված էր անլուրջ գործով, ոչ թե դեպքերը բացահայտելով, եւ դրա լավագույն վկայությունն այն է, որ խորհրդարանը կայացրել է հանձնաժողովի աշխատանքը չորս ամսով երկարաձգելու մասին որոշում: Դա, Լ. Զուրաբյանի խոսքերով, լավագույն վկայությունն է, որ հանձնաժողովն ուղղակի տապալվել է, ինչը հետին թվով եւս մեկ անգամ արդարացնում է դրա աշխատանքին չմասնակցելու ընդդիմության որոշումը: Իսկ փաստահավաք խմբին, որը կազմվելու է 50/50 սկզբունքով, ինչպես պահանջում էր ընդդիմությունը խորհրդարանական հանձնաժողովի դեպքում, ընդդիմությունը կմասնակցի: Սակայն Լեւոն Զուրաբյանը կրկին բարձրացրել է խմբի լիազորությունների հարցը: Ընդդիմությունը պարտադիր է համարում, որ խումբն ունենա անկախ զբաղեցրած պաշտոնից ցանկացած գործչի հարցաքննության հրավիրելու, պետական մարմիններից ցանկացած փաստաթուղթ ստանալու եւ ցանկացած տեսա եւ աուդիո ձայնագրություն ձեռք բերելու իրավունք: Լ. Զուրաբյանն ասել է, թե դեռեւս որոշված չէ` ով կներկայացնի ընդդիմությանն այդ խմբում: Այդ որոշումն, ըստ նրա, կընդունվի այն բանից հետո, երբ լինի խմբի ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն եւ նաեւ՝ դրան մասնակցելու պաշտոնական հրավեր: