Ուսյալ զավակին փայփայող երկիրը

23/10/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսության համար՝ չգիտեմ, բայց լրագրողների համար վարչապետ Տիգրան Սարգսյանը գանձի արժեք ունի: Նրա ցանկացած ելույթ հոդվածի նյութ է: Հոնորարի աղբյուր: Հատկապես, որ վարչապետը սիրում է պատմել իր պլանների մասին: Սեպտեմբերի վերջին, օրինակ, վարչապետը կրթության մասին հայտարարություն արեց: Հերթական ազգանպաստ հայտարարությունը: Հետայսու Հայաստանի իշխանությունները, պարզվում է, ֆինանսավորելու են բոլոր այն ուսանողներին, ովքեր կընդունվեն ամենաբարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բուհեր: Լավատեսներն, իհարկե, շտապեցին ուրախանալ: Մեր հարեւան երկրները` Վրաստանն ու Ադրբեջանը, վաղուց արդեն պետբյուջեի հաշվին մի քանի հարյուր ուսանող ունեն: Յուրաքանչյուրը: Արեւմտյան եւ ռուսաստանյան ամենահեղինակավոր բուհերում սովորող: Վրաստանի ու Ադրբեջանի կառավարություններն այդ երկրների հետ բանակցություններ են վարել: Պայմանագրեր են կնքել: Իրենց երկրի լավագույն աշակերտներին ընտրում ու ուղարկում են արտասահման՝ լուրջ կրթություն ստանալու: Իսկ մեր մոտ հակառակն է: Մերոնք ընդամենը պարտավորվում են աջակցել այն ուսանողին, ով ինքնուրույն կհաղթահարի արտասահմանյան բուհ ընդունվելու արգելքները: Նկատեք` չենք փորձելու գտնել շնորհալի աշակերտներ: Ռուսաստանի նման՝ լավ սովորող աշակերտներին կրթաթոշակ չենք նշանակելու: Կրթաթոշակ, որը երեխայի հաշվեհամարին կուտակվում է որպես բուհում սովորելու վարձավճար: Այլ «խրախուսելու» ենք վերջնական արդյունքը: Վարչապետը հո չի՞ մանրանալու ու պարզելու, թե ինչպես կարելի է ընդունվել արտասահմանյան ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհ: Իսկ դրանք, որպես կանոն, գտնվում են ամենազարգացած երկրներում: Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում ու այլուր սովորելու իրավունք ստանալու համար օտարերկրացին պետք է ներկայացնի հավաստագիր, որ ինքն ունի բավարար ֆինանսական միջոցներ: Այդ երկրներում գտնվելու առաջին պայմանը պետք է լինի սովորելը: Եվ զարգացած երկրներն օտարերկրացի ուսանողներին հնարավորություն չեն տալիս ուսումը ֆինանսավորել հավելյալ աշխատանքից ձեռք բերված միջոցներով: Մարդիկ ներքին աշխատուժին են պաշտպանում: Այսինքն՝ արտասահմանում սովորելու հնարավորություն ունեն միայն ապահովված ընտանիքի երեխաները: Միայն նրանք կարող են տարեկան 30-50 հազար եվրո ուսման վարձ վճարել եւ 10-20 հազար եվրո ապրուստի միջոց ունենալ: Թե ինչու է վարչապետը որոշել պետբյուջեի հաշվին ֆինանսավորել ապահովված ընտանիքների՝ արտասահմանյան բուհերում սովորող երեխաներին, դժվար է ասել: Նրանք կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Պետական աջակցության կարիք ունեն պակաս ապահովված ընտանիքների ուսանող զավակները: Նրանք, ովքեր եվրոպական համալսարաններ դիմելու ֆինանսական հնարավորություն չունեն: Տիգրան Սարգսյանը մի անգամ հրապարակավ նշել է, որ ինքը սերտ կապեր ունի հայ շախմատիստների հետ: Հետեւաբար՝ կարող էր իմանալ, որ մեր լավագույն շախմատիստներից մեկը անհրաժեշտ հզորության համակարգիչ ձեռք բերեց օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո միայն: Տարիներ առաջ մաթեմատիկայի համաշխարհային դպրոցական օլիմպիադայի մրցանակակիրներ դարձան գյումրեցի երկու եղբայր: Վերադարձին նրանց մասին ռեպորտաժ հեռարձակեց Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը: Եղբայրներին բարձրագույն չինովնիկներ ընդունեցին: Հաջորդ տարի եւս պատանի մաթեմատիկոսները մասնակցեցին նույն օլիմպիադային: Ավելի բարձր արդյունքների հասան: Վերադարձան: Նորից ճոխ ընդունելություններ: Նորից շնորհալի երեխաներին աջակցություն ցուցաբերելու խոստումներ: Նորից ելույթներ այն մասին, որ շնորհալի երեխաներն են ազգի ապագան: Նորից «Հայլուր»: Ու նորից ռեպորտաժ, որի ընթացքում եղբայրները պատմեցին, թե որքան լավ էին մեր չինովնիկներն ընդունել իրենց նախորդ տարի: Պետական ու գիտության ոլորտի չինովնիկները: Ազգային ակադեմիայի նախագահը եղբայրներին համակարգիչ էր խոստացել: Ու չէր կատարել խոստումը: Հետաքրքիր է, ՀՀ Գիտության ու կրթության նախարարությունը տեղեկություն ունի՞ եղբայրների հետագա ճակատագրի մասին: Կամ, եթե վարչապետը հանձնարարի գտնել նրանց, նախարարությունը քանի՞ աշխատանքային օր կծախսի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին գտնելու համար: Փորձագիտական տվյալներով՝ Հայաստանից տարեկան մի քանի տասնյակ մլն դոլար է փոխանցվում արտասահմանյան կրթահամակարգեր: Որպես երեխաների կրթության վարձ: Անհասկանալի է, թե ինչու է վարչապետն ուզում այդ գումարը գցել պետբյուջեի վտիտ ուսերին: Սեփական կրթահամակարգը ֆինանսավորելու իմաստով վտիտ ուսերին: Չնայած, հայ չինովնիկը (իմա` մեծահարուստը) սիրում է հպարտանալ, որ իր զավակը խելոք է ու սովորում է պետպատվերով: Պետբյուջեի ու բոլորիս երեխաների հաշվին: Պետության հաշվին Օքսֆորդ ավարտելը երեւի առանձնահատուկ «կայֆ» է: