«Ընդառաջեք Հայաստանի ղեկավարությանը»

23/10/2008

Հարգելի պարոն Օվսյաննիկով

Ստացա Ձեր ս.թ. հոկտեմբերի 16-ի Ե21-2018 նամակը: Դրանում, մասնավորապես, դուք ինձ մեղադրում ենք այն բանում, որ հոկտեմբերի 9-ին Մամուլի ազգային ակումբում իմ կողմից արված «Հայաստանում մասնաճյուղ ունեցող ռուսական ՎՏԲ բանկը (ցիտում եմ ըստ Ձեր նամակի) ունի փողը վերադարձնելու խնդիր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այնուհետեւ, դուք նշում եք, որ «ինչպես ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ն, այնպես էլ ՎՏԲ բանկ ԲԲԸ-ն լիկվիդայնության պրոբլեմ չունեն»: «Բացի այդ, – շարունակում եք Ձեր նամակում,- Դուք շուրջ մեկ տարի խորհրդատվական ծառայություն եք մատուցել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին եւ քաջատեղյակ եք, այն ոչ թե մասնաճյուղ, այլ իրավաբանական անձ է»: Վերջում Դուք «պահանջում» եք հերքել սուտ տեղեկությունները եւ սպառնում դատարանով:

Ճիշտն ասած, նամակն ինձ զարմացրեց: Ընդհանրապես, եթե խնդիր չունեք, իսկ ես միայն ուրախ կլինեմ դրա համար, էլ ինչո՞ւ եք դիմում: Մամուլի ակումբում լրագրողների այն հարցին, թե հայաստանյան ո՞ր բանկերը կարող են պրոբլեմներ ունենալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնի վրա, ես պատասխանել եմ. նախեւառաջ նրանք, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում իրենց երկրների կառավարություններից: Այնուհետեւ նշել եմ մի քանի բանկի անուն: ՎՏԲ բանկը ռուսաստանյան այն բանկերից է, որը նման օգնություն է ստացել ռուսական պետությունից (տես՝ «Վեստի», «Նովոստի» լրատվական ծառայությունները, mail.ru, «ԹպՊՏՎՏրՑՌ» լրատվական միջոցները), այդ մասին տասնյակ անգամ հայտարարվել է Ձեր երկրի պաշտոնյաների կողմից (նախագահ, վարչապետ, ֆինանսների նախարար եւ այլն): Ես միայն փաստել եմ ՌԴ-ի հրապարակայնորեն իրականացված միջոցառումները, ընդ որում, բավականին օպերատիվ, վերը նշվածի կապակցությամբ: Ձեր ասածն ի՞նչ է. չնայած Ձեր պետության կողմից Ձեր բանկին տրված միջոցներին, Ձեր բանկը խնդիրներ չունի՞: Էլ ինչո՞ւ են փող տալիս: Մնում է, որ այդ մասին դուք հայտնեք Ձեր երկրի ղեկավարությանը, որպեսզի նրանք չանհանգստանան:

Այնուհետեւ, նամակում դուք ակնարկ եք անում, թե ի՞նչ կապ ունի ՎՏԲ-Հայաստանը ՎՏԲ բանկի հետ: Այ սա հետաքրքիր է: Կարծես թե կանխազգալով դատական գործընթացը, դուք Ձեզ առանձնացնում եք ՎՏԲ-ից: Ասել կուզի, եթե անգամ ՎՏԲ-ն պրոբլեմ ունի, դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ: Ահա այսպիսի ցինիզմ:

Պրն Օվսյաննիկով: Քանի որ առ այսօր ես ոչ մի անբնական բան ՎՏԲ-ի հասցեին չէի ասել (միայն ցիտել էի ՌԴ ղեկավարությանը), եւ դրանով իսկ Դուք դատարանում հանդես գալու որեւէ լուրջ հիմք չունեք, ես ուզում եմ Ձեզ մի փոքր օգնել: Կասկած չունեմ, որ Ձեր գրած նամակը խրախուսվում է Հայաստանի ղեկավարության կողմից: Հիմա ես Ձեզ «հիմքեր» կտամ նրանց առջեւ ամոթով չմնալու համար:

Ես, իրոք, վատ կարծիքի եմ ՎՏԲ-Հայաստան բանկի մասին: Այդ մասին ես տեղյակ եմ պահել Ձեզ եւ Ձեր բանկի ղեկավարությանը: Մի երկու տարի առաջ կար հրաման, որով իմ վրա էր դրված բանկի վարկային բլոկը կոորդինացնելու խնդիրը: Չնայած դրան, այդ բանկում վարկերով զբաղվում էին ով ոնց պատահեր: Եթե ուշադիր լինեք, այդ շրջանում բազմաթիվ էական վարկերի տակ իմ ստորագրությունը բացակայում է: Դե ինչպե՞ս կարելի է լուրջ համարել, երբ որ Արմենիկումին վարկ են տալիս: Նույնն է մի շարք այլ վարկերի հետ: Մի՞թե իրեն հարգող ձեռներեցը նման բան կանի: Ինչպե՞ս դրանից հետո ավանդատերերին չասես. քաղաքացիներ, այս բանկում Ձեր ավանդները վտանգված են: Անշուշտ, զանազան սիստեմատիկ օգնության միջոցով ՎՏԲ բանկը փակում է նմանօրինակ գործունեության հետեւանքով առաջացող բացը: Սակայն կարող է գալ օրը, որ այդ օգնությունն էլ չի փրկի: Կամ, մի՞թե ես դրական գնահատական կարող եմ տալ մի բանկի, որը վերջին շրջանում փակել է իր մասնաճյուղերի առնվազն մեկ քառորդը, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղում: Vestern-Union-ը նման բան արեց, դադարեցրին գործունեությունը Հայաստանում: Ձեր բանկի նկատմամբ աշխատեց հայաստանյան ղեկավարության երկերեսանիությունը, կրկնակի ստանդարտների կիրառումը: Ավելին, դուք ինձանից էլ լավ գիտեք, որ այս տարվա երրորդ եռամսյակում բանկի ցուցանիշները կտրուկ անկում են ապրել: Մասնավորապես, անկում են ապրում ՎՏԲ-Հայաստան բանկի ակտիվների մեծության, պարտավորությունների, հաճախորդների առջեւ պարտավորությունների, բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների առջեւ պարտավորությունների ցուցանիշները եւ այլն: Մեզ էլ հեքիաթներ եք պատմում մասնաճյուղի եւ դուստր ձեռնարկության տարբերությունների մասին, փոխանակ բանկով զբաղվելու եւ մարդկանց իրավիճակն անկեղծորեն բացատրելու: Հիմա Ձեր նամակը հասկանալի է դառնում: Այս ամենի համար պատասխան տալ է պետք: Երեւի «կրակի» վրա ջուր է լցրել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է Ձեր օգնությամբ լռեցնել ինձ: Ընդառաջե՛ք նրանց: Համ էլ շուտով հերթական պատվեր կատարող դատավորի կարիքն եք ունենալու:

Հարգանքներով`
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ