Ամենագեղեցիկ ու թանկարժեք իրերը

23/10/2008

Ադամանդներով զարդարված համակարգչային մկնիկ

«Pat Say Now» ընկերության կողմից թողարկվող այս մկնիկն ամենաթանկն է աշխարհում։ Նրա մակերեսը ծածկված է 18 կարատ սպիտակ ոսկով եւ 59 ադամանդներով։ Մկնիկն առաջարկվում է երկու դիզայնով՝ «բուսական նախշ» եւ «ցրված ադամանդներ»։ Համակարգչային այս աքսեսուարի գինը 24.180 դոլար է։ Կախված պատվերից՝ արտադրողը կարող է ավելացնել ադամանդների թիվը, կամ սպիտակ ոսկու փոխարեն օգտագործել կարմիր կամ դեղին ոսկի։

TrekStor i.Beat ոսկե MP3 նվագարկիչ

«Cebit 2006» ցուցահանդեսին ներկայացված այս նվագարկիչը միանգամից գրավեց այցելուների ուշադրությունը։ Եթե Դուք մոլի երաժշտասեր եք եւ ցանկանում եք լինել աշխարհի ամենաթանկ MP3 նվագարկչի տերը, ապա TrekStor i.Beat-ը Ձեզ համար է։ Ոսկով երեսարկված եւ 63 ադամանդներով զարդարված այս սարքն արժե 23 հազար դոլար։ Ունի 1Գբ ներքին հիշողություն, FM ռադիոընդունիչ եւ դիկտոֆոն։ Չափերը՝ 75մմ x 32մմ x 16մմ։

Լսողական ապարատ՝ ադամանդներով

Այս սարքը պատված է 24 կարատ ոսկով եւ զարդարված 220 ադամանդներով։ Առաջին նմուշն ընկերությունը թողարկել է 1995թ. եւ հենց այդ ժամանակվանից էլ մասնագիտացել է էքսկլյուզիվ լսողական ապարատների արտադրությամբ՝ նախատեսված ունեւոր մարդկանց համար։ Գինը՝ 49.590 դոլար։

iPod Shuffle

Եթե Ձեր iPod-ի տեսքը Ձեր սրտով չի, ապա այս մոդելը հաստատ Ձեզ դուր կգա։ Ոսկով եւ ադամանդներով զարդարված այս սարքը Ձեզ հաստատ կառանձնացնի աուդիոֆիլների ողջ բանակից։ Թեեւ մյուս կողմից, 20 հազար դոլարով, որը պետք է վճարեք այս iPod-ի համար, կարող եք ձեռք բերել նոր ավտոմեքենա։

Պլատինե արձանիկ «Hello Kitty»

Այս փիսիկի 590 գրամանոց արձանիկն արժե 163 հազար դոլար։ Ժապավենը երեսարկված է թանկարժեք քարերով՝ ադամանդ, ռուբին, վարդագույն սապֆիր, ամետիստ եւ երկնագույն տոպազ։ Արձանիկը «Hello Kitty» սերիայի ամենաթանկ իրն է։

Ինքնաթիռ «Cessna Skycatcher»

Այս ինքնաթիռի 400 նմուշ արդեն նախապես պատվիրված է։ Առաջին 1000 ինքնաթիռները կվաճառվեն 109.5 հազար դոլարով։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչեւ 218կմ/ժ արագություն եւ թռչել մինչեւ 750կմ՝ առանց վերալիցքավորման։ Վաճառքը նախատեսվում է 2009 թվականին։

Թռչող ափսե «M200G»

Միգուցե արդեն լսել եք տեխնիկայի այս հրաշքի մասին։ «M200G» թռչող ավտոմեքենան մշակել է «Moller International» ընկերությունը։ 2 ուղեւորի համար նախատեսված սարքը զինված է 8 շարժիչներով եւ կարող է շարժվել 3 մետր բարձրության վրա՝ զարգացնելով մինչեւ 80կմ/ժ արագություն։ Գինը կտատանվի 90-125 հազար դոլարի սահմաններում, սակայն վաճառքի ժամկետը դեռ հայտնի չէ։

«Vividus» ներքնակ՝ «Hastens»-ից

Հետաքրքիր է՝ որքա՞ն եք պատրաստ վճարել ներքնակի համար։ Շվեդական «Hastens» ընկերությունն, օրինակ, գտնում է, որ իր ներքնակներն արժեն 50 հազար դոլար։ Կհարցնեք՝ ի՞նչ առանձնահատուկ բան կա դրանց մեջ. ոսկով եւ ադամանդներով զարդարված չեն, պատրաստված են մաքուր, բնական նյութերից՝ ձիու մազից, բամբակից, բրդից։ Ներքնակները պատրաստում են պատվերով, եւ յուրաքանչյուրի վրա ծախսվում է 160 ժամ աշխատաժամանակ։ Սակայն ինչ ուզում ես ասա՝ մի քանի ադամանդ գոնե պետք է, որ այս ներքնակի գինն ընդունելի լինի…

Ոսկեջրած կաթսա

Հավանաբար Դուք շա՜տ երկար կմտածեք՝ դնե՞լ այս կաթսան գազօջախի վրա, թե՞ ոչ։ «Fissler» ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաթանկ կաթսան՝ զարդարելով այն 200 ադամանդներով եւ «զինելով» ամբողջությամբ ոսկուց պատրաստված 2 բռնակներով։ Բռնակների, կափարիչի եւ լոգոտիպի վրա ծախսվել է ավելի քան 1կգ ոսկի։ Կաթսայի գինը 100 հազար դոլար է։ Արտադրողները վստահեցնում են, որ այն կարելի է օգտագործել ինչպես սովորական կաթսա։ Այլ հարց է՝ օգտագործող կգտնվի՞, թե՞ ոչ։

Ակուստիկ համակարգ «La Sphere»

Նկարում պատկերվածը ոչ թե հսկայական վեբ-տեսախցիկ է, այլ «Cabesse» ֆիրմայի «La Sphere» ակուստիկ համակարգ։ Այն մշակվել է՝ թատերական եւ համերգային սրահներում հնչողության որակն էապես բարելավելու համար։ Իր համեստ չափերի համեմատ՝ արտադրողները խոստանում են տպավորիչ տեխնիկական ցուցանիշներ։ Գինը՝ 150 հազար դոլար։

Սմարտֆոն «Black Diamond»

Սինգապուրցի դիզայներ Ջարեն Գոյի ստեղծած հեռախոսը տեսնելիս շատերն են կորցնում հանգիստը։ Ապարատը ծածկված է տիտանով եւ ադամանդներով, հագեցած է 2 դյույմանոց OLED դիսպլեյով, XScale պրոցեսորով, Wi-Fi համակարգով, սենսորային ստեղնաշարով եւ այլն։ Միակ թերությունը, թերեւս, գինն է՝ 300 հազար դոլար։

Նոութբուք «Ego Tulip»

«Ego Tulip»-ի համակարգիչները միշտ էլ աչքի են ընկել ոճային դիզայնով։ Պայուսակի ձեւով նախագծված այս նոութբուքը զարդարում են 470 ադամանդներ, որոնք տեղադրված են կակաչի, սրտիկի եւ «Otazu» լոգոտիպի վրա։ Սարքն աչքի չի ընկնում ինչ-որ առանձնահատուկ տեխնիկական չափանիշներով։ Փոխարենը՝ աչքի է ընկնում գնով՝ 350 հազար դոլար։

Ժամացույց «The Corum Classical Billionaire Tourbillion»

Ֆիրմային ժամացույցները միշտ էլ վկայել են տիրոջ սոցիալական ստատուսի մասին։ «The Corum Classical Billionaire Tourbillion» ժամացույցները թողարկվում են չափազանց փոքր քանակով։ Զարդարված են 850 ադամանդներով։ Ժամացույցների տարբեր մոդիֆիկացիաներն արժեն 325 հազարից մինչեւ 998 հազար ԱՄՆ դոլար։

Mystery Masterpiece-ն` յուրահատուկ գրիչ է

Montblanc-ի եւ Van Cleef & Arpels-ի համատեղ աշխատանքի արդյունքն աշխարհի ամենաթանկարժեք գրիչն է: 2006թ. երկու ընկերություններն էլ նշում էին իրենց հոբելյանը: Գրիչն արտադրվում է երեք տարբերակով` ընդելուզված ռուբիններով, սապֆիրներով կամ զմրուխտով եւ ադամանդներով: Յուրաքանչյուր տարբերակի համար կա երեք մոդել: Գրիչներն ընդելուզված են 840 ադամանդներով եւ 20 կարատ կշռով թանկարժեք այլ քարերով: Մի գրիչն արժե 730.000 դոլար, այնպես որ, դա ավելի շուտ ոսկերչական իր է, քան գրենական պիտույք:

Պլանետարիում «Tellurium»

Ժամագործ Ռիչարդ Միլլն առաջարկում է արեւային համակարգի մոդել, որն այնքան ճշգրիտ է, որ 7.7 տարվա գործունեության ընթացքում կարող է սխալվել ընդամենը 1 աստիճանով։ Մերկուրիից բացի՝ բոլոր մոլորակները պտտվում են Արեգակի եւ սեփական առանցքի շուրջը՝ արտահայտելով նրանց իրական դիրքը արեւային համակարգում։ Պլանետարիում «Tellurium»-ն արժե ավելի քան 1 միլիոն դոլար։ Դրա արտադրության մեջ օգտագործվում է տիտան, պողպատ, լատուն, ոսկի, արծաթ եւ ռուբիններ։

KEF MUON. Գերհզոր բարձրախոսներ
Գինը՝ 140.000 դոլար

Այս հսկայական ալյումինե աուդիո-սյուները «KEF» տեխնիկական թիմի եւ լեգենդար ինդուստրիալ դիզայներ Ռոսս Լավգրուվի համագործակցության արդյունքն են։ Արտադրվել է ընդամենը 100 զույգ, որոնք կվաճառվեն աշխարհի 10 ամենաթանկ քաղաքներում։ Այս ակուստիկ համակարգում իդեալական ձեւով ներդաշնակվում են էսթետիկան եւ ձայնը։

Հեռախոս «Goldvish»

Այս հեռախոսի մեջ ներդաշնակված են ոճը, ինքնատիպությունը, շքեղությունը եւ արտադրողի վարպետությունը։ Ստեղները զարդարված են VVS-1 կատեգորիայի 120 կարատ ադամանդներով։ Շվեյցարացի ժամագործ-դիզայներ Էմանուել Գուեյթի նախագծած այս հեռախոսն ունի 8-անգամյա զում, Blurtooth համակարգ, 2Գբ հիշողություն, MP3 նվագարկիչ, սապֆիրե ապակով պաշտպանված TFT էկրան։ Հեռախոսի պատրաստման վրա ծախսվել է 140 գրամ ոսկի։ Գինը՝ 1 միլիոն դոլար։