Մ. Ի. Կալինինն ասել է. «Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձեւավորում է մարդուն»: Այսօր էլ կարելի է ասել, որ դպրոցական ուսուցչի անմիջական ներգործությամբ է ձեւավորվում երեխայի բարոյական դիմանկարը, սակայն անհնար է աչք փակել մի շարք արատավոր երեւույթների վրա, որոնք վերջին ժամանակներս նկատվում են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններում:
Ըստ սոցհոգեբան Մարիամ Դիլբանդյանի՝ դրանք այսօր իսկապես լուրջ խնդիր են եւ պայմանավորված են մեր ժամանակաշրջանով. «Նախկինում ուսուցիչն իսկապես հեղինակություն էր, եւ աշակերտի համար, գրքերից բացի, միակ ինֆորմացիայի աղբյուրն էր: Չկար ինտերնետ, իսկ հեռուստացույցն ու ռադիոն կաղապարների մեջ էին: Փաստորեն ուսուցիչն աշակերտի աչքերում իդեալ էր, իսկ իդեալի կողմից ստացած ամեն ինչ միանշանակ էր ընդունվում: Մեր օրերում ուսուցիչը դպրոցում մի բան է ասում, իսկ երեխան դպրոցից դուրս այլ բան է լսում եւ տեսնում: Բացի այդ, նախկինում ուսուցչությունը լավագույն եւ կարեւորագույն մասնագիտություններից մեկն էր, եւ «ուսուցիչ» բառը հոմանիշ էր կրթված, բանիմաց անձնավորության: Իսկ հիմա պատկերն այլ է»:
Ուսուցչուհի Գոհար Դալլաքյանի կարծիքով՝ այն, որ ուսուցիչն այսօր չունի նախկին հեղինակությունը, գալիս է առաջին հերթին ընտանիքից. «Եթե նախկինում երեխան դպրոց էր գնում այն գիտակցությամբ, որ ուսուցիչը մեծություն է, եւ պետք է հարգել նրան, ապա այժմ ծնողն ինքն է փնովում ուսուցչին երեխայի ներկայությամբ: Վերջինիս համար ուսուցիչը դառնում է սովորական մարդ, որին կարելի է չլսել եւ հակաճառել»:
Ըստ հոգեբանի՝ այսօր իջել է նաեւ ուսուցչի մասնագիտական որակը. «Երբ վատ ես վարձատրվում, բնականաբար, նաեւ վատ ես աշխատում, ամբողջությամբ չես նվիրվում աշխատանքիդ: Իսկ երբ կարգավորված է սոցիալական վիճակը, արդեն կենտրոնանում ես հոգեւոր-մշակութայինի վրա»:
Նրա խոսքերով՝ այսօրվա դպրոցներում պակասում է նաեւ նոր մեթոդների կիրառությունը: «Ուսուցիչը անցնում է վերապատրաստման դասընթացներ, սակայն չի կարողանում դրանք ճիշտ կիրառել: Նույն մեթոդը կիրառում է եւ 4-րդ, եւ 10-րդ դասարաններում, հաշվի չառնելով այդ տարիքային խմբերի առանձնահատկությունները»:
Իսկ Գոհար Դալլաքյանը կարծում է, որ այսօր մանկավարժներն ավելին են անում՝ կիրառելով նոր մեթոդներ. «Եթե առաջ դասաժամի ընթացքում ավելի շատ ուսուցիչն էր խոսում, ապա հիմա նա աշխատում է հնարավորինս քիչ խոսել եւ ավելի շատ լսել աշակերտին՝ նպաստելով նրա ինքնուրույն մտածելակերպի ձեւավորմանը»:
Ըստ Մարիամ Դիլբանդյանի՝ այս ամենի վրա մեծ ազդեցություն ունի այն, որ հասարակության մեջ փոխվել է արժեքային համակարգը. «Երեխայի արժեքային համակարգի ձեւավորման վրա անմիջական ազդեցություն ունեն ծնողները. այն, ինչ արժեքավոր է ծնողի համար, արժեքավոր է նաեւ երեխայի համար, այսինքն՝ արժեքները փոխանցվում են ծնողից երեխային: Միայն բացառիկ երեխաներն են գիտակցում, որ եթե ծնողի համար կրթությունը նշանակություն չունի, ինքը, միեւնույն է, պետք է սովորի: Արժեքային համակարգի ձեւավորման վրա ազդող երկրորդ տարրը հասարակությունը, միջավայրը եւ շրջապատն է: Եվ եթե ծնողի համար կրթությունը կարեւոր է, իսկ երեխայի համար՝ ոչ, նշանակում է՝ միջավայրի ազդեցությունն ավելի մեծ է, եւ ընտանիքն իր վարքային դիրքը զիջել է շրջապատին»:
Տիկին Դալլաքյանը եւս այս խնդրում արժեւորում է ընտանիքի ու շրջապատի դրվածքը. «Երբ երեխան տեսնում է, որ իր հարեւանը չի սովորել, բայց ավելի լավ է ապրում, քան իր կրթություն ստացած քեռին, ապա նրա մոտ կորչում է սովորելու ձգտումը: Շատ հաճախ երեխայի չսովորելուն նպաստում են նաեւ ծնողները. երեխան չի սովորում, իսկ ծնողը չի հետեւում նրան, մտածելով, որ, միեւնույն է, վերջում բուհ ընդունվելու համար «մի բան կանի»: Իհարկե, կան նաեւ ծնողներ, ովքեր սովորելու հնարավորություն չեն ունեցել, բայց անում են հնարավորինը, որ գոնե իրենց երեխան սովորի: Ըստ ուսուցչուհու՝ շրջապատն ազդում է հատկապես տղաների վրա: Եվ դրա պատճառն այն է, որ նրանց դաստիարակությամբ զբաղվում են հիմնականում կանայք. տանը՝ մայրը, իսկ դպրոցում՝ ուսուցչուհին: Դպրոցներում տղամարդ ուսուցիչների բացակայությունն է պատճառը, որ տղաները ոչ ճիշտ դաստիարակություն են ստանում:
Ըստ հոգեբանի՝ երեխայի հոգեբանության վրա մեծապես ազդում է ուսուցչի ոչ մանկավարժ լինելը: Շատ հաճախ նա կարող է տանը վիճել ամուսնու հետ եւ իր բարկությունը թափել աշակերտների վրա. «Մի անզգույշ քայլ ուսուցչի կողմից, եւ երեխան կարող է լուրջ հոգեբանական տրավմա ստանալ, որը գուցե ուղեկցի նրան ողջ կյանքի ընթացքում: Ընդամենը մի վիրավորական արտահայտություն 14-ամյա աղջկա հասցեին, որը դեռ նոր սեռաճանաչողության տարիքում է եւ նույն դասարանում ունի սիրած տղա, կարող է լուրջ բարդույթներ առաջացնել, որից գուցե երբեք չկարողանա ազատվել»:
Այս առիթով զրուցեցի նաեւ աշակերտների հետ: Կրտսեր եւ միջին դպրոցի աշակերտներն ավելի շատ դժգոհ էին ոչ թե իրենց ուսուցիչներից, այլ դասերի քանակից: Այլ էր պատկերն ավագ դպրոցում:
«Ինչպես կարող եմ սիրել ու հարգել այն ուսուցչին, ով մտնում է դասարան ու 45 րոպեի ընթացքում տալիս մոտավորապես 45 կենդանու անուն: Ասացեք, ես պետք է ձայնս կտրած լսեմ ու ընդունե՞մ իմ, մեղմ ասած, «ընտանի կենդանի» լինելը»,- վրդովում է 10-րդ դասարանցի Սարգիսը:
Իսկ 11-րդ դասարանում սովորող Թագուհին չմանրամասնեց, թե ինչու, սակայն հավաստիացրեց, որ իր ուսուցիչներից շատերին չսիրելու համար ունի հիմնավոր պատճառներ. «Եթե «ուսուցիչ» բառը նշանակում է՝ մանկավարժ, ապա ես իմ ուսուցիչներից շատերի մեջ չեմ տեսնում մանկավարժին: Այսքան տարի նրանք ինձ համար միայն դասատու են: Իսկ ես Վերջին զանգի օրը պետք է նրանց հասցեին ջերմ ու սրտաբուխ խոսքեր ասեմ եւ խոնարհվեմ նրանց մեծության առաջ»: Հետո լռեց ու ավելացրեց. «Բայց դպրոցս ու առաջին ուսուցչուհուս, այնուամենայնիվ, կկարոտեմ…»: Այսօր, իրոք, խարխլվել են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները եւ ընկալումները: Եվ դա ոչ միայն նրանց, այլեւ մեր ողջ հասարակության խնդիրն է:
Արեւիկ ՉԱՓԱՐՅԱՆ
Ժուռ. 4-րդ կուրս