ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորությամբ երեկ Երեւանում անցկացվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: «Չկա մի բնագավառ, որի վրա ուշադրություն չի դարձվում` սկսած էներգետիկ համակարգից՝ մինչեւ հումանիտար, կրթական, հեռահաղորդակցության ոլորտ: Նախկինում մենք կենտրոնացված էինք հիմնականում էներգետիկ ոլորտի վրա, որտեղ բոլոր հիմնախնդիրներն այսօր գրեթե լուծված են: Դա մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցության ոլորտները: Օրինակ` մենք արձանագրեցինք, որ հեռուստատեսային հաղորդումների մասով պետք է սկսել նոր երկխոսություն, ստեղծել համագործակցության նոր դաշտ, ընդլայնել մեր հնարավորությունները»,- նիստից հետո ասել է Տ. Սարգսյանը: Իսկ Ի. Լեւիտինը ձեռքբերում է համարել երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը, գազամատակարարման բնագավառում ծավալած համագործակցությունը եւ «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցի լուծումը: