Ճաշ՝ մանանեխից առաջ

21/10/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Սա նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի առաջին այցն է Հայաստան: (Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելուց գրեթե անմիջապես հետո Մեդվեդեւն այցելեց Ադրբեջան): Բնականաբար, ՌԴ նախագահի այցը Հայաստան չափազանց կարեւոր եւ ինչ-որ իմաստով նաեւ մտահոգիչ կարող է լինել Հայաստանի համար: Չնայած որպես այցի նպատակներ ներկայացվող «երկկողմ հարաբերությունների քննարկում», «միջպետական պայմանագրերի» ստորագրում ստանդարտ-արարողակարգային ձեւակերպումներին, ակնհայտ է, որ Մեդվեդեւի այցն առաջին հերթին կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ դրանց լույսի ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ «թուրքական նախաձեռնության» հետ: Իսկ հատկապես վերջին երկու հարցերի տեսանկյունից Մեդվեդեւի այցից մտահոգվելու հիմք են տալիս առաջին հերթին ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից վերջերս արված հայտնի հայտարարությունները` ազատագրված տարածքների վերադարձի եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը դրանով պայմանավորելու վերաբերյալ: ՌԴ նախագահի այցի հետ կապված շատ մանրամասներ պարզ կդառնան արդեն այսօր` Դ. Մեդվեդեւի եւ Ս. Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Իսկ մինչ այդ, երեկ երեկոյան Ս. Սարգսյանի անունից Դ. Մեդվեդեւի պատվին տրվել է պաշտոնական ճաշ: