Մանվել Գրիգորյանը հաղթեց ՀՀԿ-ին

21/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կիրակի օրը Արմավիրի, Լոռու եւ Տավուշի մարզերի ավելի քան 400 համայնքներում տեղի են ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընտրությունները լարված են եղել հատկապես քաղաքային այն համայնքներում, որտեղ քաղաքապետեր էին ընտրում, եւ հատկապես այն քաղաքներում, որտեղ իշխանության թեկնածուն ունեցել է իրական այլընտրանք: Այս առումով առաջին հերթին ուշադրության կենտրոնում էր Էջմիածինը, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր, նախկինում խուլիգանության համար դատապարտված, բայց պատիժը պայմանականորեն կրած Հակոբ Հակոբյանը, նույն ինքը` Ճոյտը: Հիշեցնենք, որ 2006թ. աշնանային մի օր Հ.Հակոբյանին պատկանող գազալցակայանը մատակարարող մի գազատար խողովակ անջատվել էր սնուցումից: Պատգամավորը գնացել էր պարզելու պատճառը եւ տուրուդմփոց էր սարքել` չգիտակցելով, որ հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի «տղերքին»: Եվ դրանից հետո պարզ դարձավ, որ անջատվածը «լեւի» գազի գիծ է եղել, ու այդ առիթով Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց: Սակայն որոշ ժամանակ անց Դատախազությունն այդ մասը հանեց գործից ու թողեց միայն ծեծկռտուքի պահը. Հ.Հակոբյանն, ըստ էության, անպատիժ մնաց:

Հ. Հակոբյանը Հանրապետական կուսակցության անդամ է. կիրակի օրվա ընտրություններում ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր հենց նրան: Հանրապետական պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Առաքել Մովսիսյանը` Շմայսը, անձամբ էին աջակցում իրենց թեկնածուին ու նրա համար ելույթներ ունենում: Իսկ Ա. Մովսիսյանը ընտրությունների ամբողջ օրն Էջմիածնում է եղել ու ընտրական գործընթացին հետեւել է քաղաքի ոստիկանապետի աշխատասենյակից: Քաղաքապետի թեկնածու Կ. Գրիգորյանին Էջմիածնում պաշտպանում էին գեներալ Մանվելի կողմնակիցները, ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ անդամ, գեներալ Սեյրան Սարոյանն ու դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, ինչպես նաեւ՝ գործող քաղաքապետ Գագիկ Ավագյանը: Այսպիսով, ի հեճուկս իշխանությունների գործադրած բոլոր ջանքերի՝ եւս մի ՀՀԿ-ական Էջմիածնում պարտություն կրեց: Ընտրություններն այդ հոգեւոր քաղաքում անցան բավական լարված մթնոլորտում: Եղան բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներ: Լարվածությունը հիմնականում առաջացնում էին Հ. Հակոբյանի թիմակիցները: Նախ տարբեր տեղամասերում շատ ընտրողներ իրենց անձնագրերի մեջ ունեին Հ. Հակոբյանի կողմնորոշող այցեքարտը` N2 նշանով: Դա քվեաթերթիկում նրա համարն էր: Խոսակցություններ կային, որ հատկապես այդ ընտրողներին է ընտրակաշառք բաժանվել: Հաշվարկի ժամանակ էլ հանձնաժողովների որոշ նախագահներ փորձում էին Կ. Գրիգորյանի ձայները հաշվել Հ. Հակոբյանի օգտին: Լարվածության մթնոլորտ էին ստեղծում նաեւ քաղաքում գտնվող ՊՊԾ գնդի կարմիր բերետավորներն ու Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության Հատուկ նշանակության ջոկատի սեւ բերետավորները: Այս անգամ Հ. Հակոբյանին էր պաշտպանում քաղաքապետարանի Կրթության վարչության նախկին պետ, Էջմիածնում հայտնի Սուսաննա Հարությունյանը: Եվ լարվածություն ստեղծողներից մեկը նաեւ այս կինն էր: Նա Հ. Հակոբյանի վստահված անձն էր ու շրջելով ընտրատեղամասերում` սադրանքներ էր հրահրում: Մտնում էր ընտրատեղամաս ու միանգամից զանգում, լրացուցիչ ոստիկաններ էր հրավիրում, թեեւ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերում էլ ոստիկաններ կային: Ս. Հարությունյանը մոտենում էր հանձնաժողովների նախագահներին ու ցուցումներ տալիս: Հիշեցնենք, որ այս կինը նախագահական ընտրությունների ժամանակ իբրեւ ընդդիմադիր ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից էր հանդես գալիս: Իսկ ընդամենը 20 օր առաջ նա իր «պաշտպանյալ» Հ. Հակոբյանին դեմ էր եւ նույնիսկ այդ մասին թերթերում հարցազրույցներ էր տվել: Ս. Հարությունյանը հայտարարել էր, թե Էջմիածնի քաղաքապետի այդ թեկնածուն Եղեգնուտ գյուղի երկաթբետոնյա կոնստրուկցիաներ արտադրող գործարանի 70%-ը սեփականացրել է կեղծ պայմանագրով: Նաեւ ասել էր, որ Հ. Հակոբյանը միայն 40 մլն դրամ ավելացված արժեքի հարկ է թաքցրել, իսկ ընտրությունների կապակցությամբ իրեն պատկանող «Զվարթնոց» կոչվող ռեստորանային համալիրում խնջույք է կազմակերպում եւ հրավիրում մոտ 110 մարդու: «Վստահ եմ, որ մեր քաղաքացիներն այնքան գիտակից կլինեն, որ մի փոր հացով կամ մի կիլոգրամ որդնած բրնձով իրենց ձայները չեն վաճառի»,- ընդամենը 20 օր առաջ հայտարարել էր Ս. Հարությունյանը: Հ. Հակոբյանն էլ իր հերթին դիմել էր Արմավիրի մարզի Դատախազություն եւ պահանջել քրեական գործ հարուցել Ս. Հարությունյանի դեմ` նրան մեղադրելով նույն գործարանում մետաղյա ձողեր պատրաստելու համար, որոնք, ըստ թեկնածուի, տիկին Հարությունյանը պատրաստվում էր տանել եւ բաժանել Ազատության հրապարակի ցուցարարներին: Եվ ըստ Հ. Հակոբյանի` ինքը դա կանխել է: Ահա այս տիկինը կիրակի օրը նույն Հ. Հակոբյանին քաղաքապետ դարձնելու համար խառնաշփոթ էր ստեղծում Էջմիածնի ընտրատեղամասերում: Այնուամենայնիվ, չնայած ընտրությունների լարված ընթացքին եւ ի հեճուկս կանխատեսումների՝ Էջմիածնում, բարեբախտաբար, բռնություններ ու վատ հետեւանքներով առճակատումներ չեղան: Ընտրություններին մասնակցել էր ընտրողների ավելի քան 50 տոկոսը, իսկ գեներալ Մ. Գրիգորյանի որդին` Կ. Գրիգորյանը, Հ. Հակոբյանից մոտ կրկնակի շատ ձայներ է ստացել` 12.5 հազար. Հ. Հակոբյանի օգտին քվեարկել է 7 հազար ընտրող: Նախնական տվյալներով՝ 23 ընտրատեղամասերից 22-ում հաղթողի ձայները կրկնակի շատ են պարտվողի ձայներից: Հ. Հակոբյանը հաղթել է միայն 19/1 տեղամասում, որը գտնվում է այն թաղամասում, որտեղ ինքն է բնակվում: Իսկ կեսգիշերին, երբ պարզ դարձավ, որ գեներալ Մանվելի որդին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ, քաղաքի հրապարակում նրա կողմնակիցները հրավառություն կազմակերպեցին: Ելույթ ունեցավ նաեւ գեներալ Մ. Գրիգորյանը եւ էջմիածինցիներին շնորհավորեց որդու` քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Ի դեպ, ընտրությունների օրը լրացավ Կ. Գրիգորյանի 29-ամյակը: Իսկ Էջմիածնի ընտրություններն ուշագրավ էին նրանով, որ հանրապետության չորրորդ քաղաքում հաղթեց ոչ իշխանական թեկնածուն, թեեւ Կ.Գրիգորյանն իրեն ընդդիմադիր չի համարում:

Հ.Գ. Իհարկե, դեռեւս միանշանակ դժվար է ասել, թե ինչի արդյունքում Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները նման կերպ ընթացան: Ընդամենը երկու շաբաթ, ասենք, Երեւանի Կենտրոն համայնքում «ընտրություններ կազմակերպած» իշխանությունները նույնը կարող էին անել նաեւ Էջմիածնում եւ անկախ ընտրությունների արդյունքներից հաղթող «ճանաչել» իրենց ցանկալի թեկնածուին: Այսինքն, պետք չէ բացառել, որ Հ. Հակոբյանին «դաբրո» տալուց հետո իրավիճակի ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, եւ իշխանությունները վերջին պահին այլ որոշում են կայացրել: Իսկ Հայաստանում, եթե իշխանությունն ամբողջությամբ չի կիրառում «ընտրատեխնոլոգիայի» ողջ գործիքակազմը, ապա արդեն իսկ կարելի է ասել, որ ընտրություններն անցնում են արդար: Ի վերջո, այս դեպքում ընտրությունը ՀՀԿ-ականի եւ արմատական ընդդիմության ներկայացուցչի միջեւ չէր (իրականում, ինչպես ընդունված է ասել, ընտրություն էր չարի եւ չարյաց փոքրագույնի միջեւ), եւ բացառված չէ, որ Մ. Գրիգորյանի որդուն ընտրվելու հնարավորություն տալով` իշխանությունները փորձում են այլ խնդիրներ լուծել` թեկուզ հենց գեներալ Մանվելի հետ հարաբերությունների կարգավորման եւ կողմերի միջեւ հնարավոր կոշտ բախումներից խուսափելու իմաստով: Կարծում ենք, առաջիկայում այս հարցի պատասխանը եւ այս ընտրությունների հետ կապված շատ այլ հանգամանքներ ավելի պարզ կդառնան: