«Ինչ ցանել ենք, դա էլ հնձում ենք»

21/10/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Հայաստան որոշ վերլուծաբաններ գնահատում են ճակատագրական` կապված ԼՂՀ հիմնահարցի հետ, քանի որ, ըստ նրանց` ամենեւին պատահական չէր սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, թե ԼՂՀ հիմնահարցի «հանգուցալուծումը միանգամայն իրական է»: Սակայն Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ չնայած ԼՂՀ հիմնահարցի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին, Մեդվեդեւի այցը զուտ պաշտոնական է, որը նա պետք է կատարեր` դառնալով ՌԴ նախագահ: Հ. Հովհաննիսյանը նաեւ վստահեցնում է, թե ուրբաթ օրը հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԼՂՀ-ի վերաբերյալ հնչեցրած գնահատականներն ու ԼՂՀ իրական իրավիճակը տարբեր են:

– Այն մտահոգությունները, որոնք արտահայտեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` նպատակ ունենալով հիմնավորել հանրահավաքային մարտավարությունից առժամանակ հրաժարվելու անհրաժեշտությունը, եւ այն ռեալ իրավիճակը, որը ստեղծվել է ԼՂՀ հիմնահարցի շուրջ` երկու տարբեր խնդիրներ են: Ինչ վերաբերում է ընդդիմության մարտավարությանը, ապա դա սրբագրվեց մի շարք պատճառներով, այդ թվում նաեւ՝ այն, որոնց մասին ասաց Տեր-Պետրոսյանը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես այն չափազանց վտանգավոր հանգամանքին, որ որդեգրել են ամերիկացի եւ ռուս համանախագահները` ոչ հայանպաստ ու ոչ օբյեկտիվ են: Մեդվեդեւի այցը պաշտոնական է` ի պատասխան Սերժ Սարգսյանի այցին, ինչպես դա ընդունված է աշխարհում դաշնակիցների միջեւ: Սակայն այսօր իսկապես լուրջ խնդիրներ կան նաեւ հայ-ռուսական հարաբերություններում, որոնք, այսպես ասած` տարածաշրջանային հասցե ունեն: Ս. Լավրովի հայտարարությունը, թե Աբխազիայի եւ Օսիայի ճանաչումը չի կարող նախադեպ հանդիսանալ մյուս կոնֆլիկտների համար, քանի որ յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր արմատներն ու պատմությունը, լուրջ մտահոգություններ են առաջացրել Հայաստանի ժողովրդի մոտ: Սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ն Աբխազիայի եւ Օսիայի նկատմամբ արեց այն, ինչ Խորհրդային Միությունը, կոմունիստական Կրեմլը պարտավոր էր անել ԼՂՀ վերաբերյալ Սումգայիթի ոճրագործությունից անմիջապես հետո: Այսինքն` այն, ինչ այն ժամանակ չարեց Մոսկվան, այսօր արեց հետկոմունիստական Մոսկվան, եւ այն, ինչ չարեց կոմունիստական Մոսկվան` ԼՂՀ հիմնահարցին լուծում տալու համար, այսօր արեց արդեն կոմունիզմը թոթափած Մոսկվան Աբխազիայի եւ Օսիայի նկատմամբ: Իմիջիայլոց, եթե Մոսկվան դա չաներ, կկորցներ իր դիրքերը Հարավային Կովկասում, եւ վերջնականապես կկորցներ իր հատուկենտ դաշնակիցներին, որոնց դեռ չէր հասցրել կորցնել Բելգրադի ռմբակոծություններից հետո: Բացի այդ` եթե ՌԴ-ն այսօր խնդիր ունի վերագտնելու իր դաշնակիցներին եւ այդ խնդրի ուղղությամբ քայլ կատարեց Աբխազիայի եւ Օսիայի հարցում, ապա Հայաստանն էլ ունի նմանատիպ խնդիր, որը շատ ավելի լուրջ է. ՀՀ-ն այսօր իր կոմպլեմենտար քաղաքականությամբ փակուղի է մտել, քանի որ այսօր ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ասպարեզում հայկական շահերի պաշտպանության հարցում ոչ մի դաշնակից չունի: Այսօր եզակի իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ կոմպլեմենտար քաղաքականության հիմնական նպատակն այն է, որ եթե միմյանց հետ մրցակցող համաշխարհային ուժի կենտրոնները բոլոր այլ հարցերում միմյանց հետ չեն համընկնում, կոմպլեմենտար քաղաքականության միջոցով պետք է կարողանաս նրանց մոտեցումները ներդաշնակեցնել եւ քո շահերը շոշափող հարցերում այն դարձնել քեզ համար ընդունելի: Բայց այսօր Հայաստանը ճիշտ հակառակ արդյունքի է հասել: Այսօր ՌԴ-ն ու ԱՄՆ-ը գրեթե բոլոր հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն, բացի մեկ հարցից` ԼՂՀ հիմնահարցից, որի դեպքում նրանք երկուսն էլ առաջնային են համարում հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ այն տխրահռչակ փուլային մոտեցումը:

– Իսկ Դուք, որպես Հայ Ազգային կոնգրեսի ակտիվ ներկայացուցիչ, արդարացվա՞ծ եք համարում Լ. Տեր-Պետրոսյանի բերած փաստարկները` ընդդիմության զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

– Եթե Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրան պաշտպանող ՀՀՇ-ն մշտապես վկայակոչում են 1988թ. շարժման փորձն օգտագործելու անհրաժեշտությունը, եւ, ըստ էության, այսօրվա շարժման ծագումնաբանությունը Լ. Տեր-Պետրոսյանը տանում է` մատնացույց անելով այդ փորձը, ապա այդ փորձը հենց հակառակ գործելակերպն է ենթադրում: Այն է` շարժումը պետք է անընդհատ ակտիվություն ցուցաբերի եւ ուշադրության կենտրոնում պահի Ղարաբաղյան հարցը: Համենայնդեպս, 1988թ. շարժման առանցքը ԼՂՀ հիմնահարցն էր եւ 1988-ի շարժումը, որը նպատակ էր դրել պաշտպանել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գտնում էր, որ հենց հանրահավաքային ակտիվության միջոցով պետք է ապահովի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն ու համաշխարհային հանրության կողմից ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Դրա համար Տեր-Պետրոսյանի այսօրվա որդեգրած մոտեցումն այնքան էլ համահունչ չէ այն պնդումներին, թե այսօրվա շարժումն իր ակունքներն է վերցնում 1988 թվականից: Որովհետեւ, կրկնում եմ, այն ժամանակ հանրահավաքային ակտիվությունը հանդիսանում էր աշխարհի կողմից եւ, ինչո՞ւ ոչ` առաջին հերթին նաեւ Կրեմլի կողմից, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ բարյացակամ, եթե ոչ արդարացի վերաբերմունք: Եվ ես չեմ գտնում, որ հանրահավաքային ակտիվության բացակայության կամ ակտիվ ներքաղաքական պայքարի մթնոլորտում մեր դիվանագիտությունը կարող է ավելի մեծ արդյունքների հասնել, քան կհասներ, եթե ժողովուրդը բարձրաձայներ իր իրավունքների մասին: Հայ ժողովրդի մոտեցումը` սկսած 1988-ից, եղել է այն, որ ինքը պետք է մասնակից լինի ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացին, եւ այդ հարցը պետք է լուծվի ազգովի: Եվ այսօր, եթե իսկապես շատ լուրջ խնդիր կա, որից էլ կախված է մեր 20-ամյա բազում զոհողություններով նշանավորված պայքարի արդարացումը, ես չեմ կարծում, թե ճիշտ է այսօր, այս փուլում «թայմ աութ» հայտարարելը: Դա ամենեւին էլ չի կարող նպաստել այս դժվարին փուլից պատվով դուրս գալու համար ազգային կարողությունների մոբիլիզացմանը: Այն, որ այսօր շատ դժվար իրավիճակ է` ակնհայտ է, եւ, կարելի է ասել` այսօր առաջին անգամ Հայաստանը չունի ոչ մի դաշնակից ԼՂՀ հարցի արդարացի լուծման գործում: Այսպիսի փուլ երբեք չի եղել, միշտ այդ հարցի վերաբերյալ կային տարաձայնություններ, բայց գոնե ուժային կենտրոններից մեկը-երկուսն արտահայտվում էին հօգուտ ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Բայց այս փուլում նույնիսկ Ռուսաստանը, որ հայտարարում է, թե Աբխազիայի անկախացումը բխում է նրա ժողովրդի ինքնորոշումից, հրաժարվում է հետեւել նույն տրամաբանությանը, որը 6 ամիս շարունակ կրկնում էր դեռեւս նախագահ Վլադիմիր Պուտինը:

– Գուցե դա՞ է կոմպլեմենտար քաղաքականությունը:

– Չնայած այս ամենին՝ ես Ռուսաստանին չեմ մեղադրում: Մեղավոր ենք մենք, որովհետեւ մենք չպետք է լռեինք: Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը որպես նախադեպ ընդունելու հարցում նույն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարները, քաղաքական գործիչները պաշտպանեցին ՌԴ մոտեցումը, որ Կոսովոյի ճանաչման դեպքում պետք է նմանատիպ հարցերում ցուցաբերվի նույնանման մոտեցում եւ ճանաչվեն հետխորհրդային շրջանի բոլոր չորս ինքնահռչակ կազմավորումները, Ղարաբաղի, Հայաստանի ղեկավարությունը լռում էր: Այսինքն` նրանք չպաշտպանեցին Պուտինի մոտեցումը, որը բխում էր հայկական շահերից: Ես չեմ ասում, թե դա պետք էր պաշտպանել, որովհետեւ դա Պուտինն էր առաջարկում, այլ որովհետեւ դա բխում էր ԼՂՀ պետականության ճանաչման շահերից: Եվ հիմա Հայաստանի այդ կրավորականությունը բումերանգի ուժով` ՌԴ այսպիսի վերաբերմունքի տեսքով վերադարձել է Հայաստանին եւ ԼՂՀ-ին: ՌԴ-ն ուղղակի ասում է` ինչ ցանել եք այն ժամանակ, դա էլ հնձում եք: Այդ լռությունն այսօր մեզ վրա շատ թանկ է նստում: Մենք զրկվել ենք բոլոր դաշնակիցներից, եւ այդ լռությունը բերեց նրան, որ, ըստ էության, ՌԴ-ն հաշվի առավ այն, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ամենեւին էլ շահագրգռված չեն օգտվելու ոչ Կոսովոյի նախադեպից, ոչ էլ Աբխազիայի եւ Օսիայի անկախության ճանաչման նախադեպից: Եվ ինչպես ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մենք չենք ճանաչում Աբխազիայի եւ Օսիայի անկախությունն այն նույն պատճառով, որով մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի եւ Կոսովոյի անկախությունը: Այսինքն` եթե ՀՀ-ն նման մոտեցում է դրսեւորում, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն Աբխազիայի եւ Օսիայի հետ մեկտեղ ճանաչի ԼՂՀ անկախությունը: Կամ ինչո՞ւ պետք է որեւէ այլ երկիր ընդհանրապես ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ցավոք, մեզանում գտնվում են վայ քաղաքագետներ, որոնց լուսապայծառ մտքերը տարբեր եթերներով հեռարձակում են, եւ որոնք, ըստ էության, կիսագրագետ մարդիկ են, հայտարարում են, որ` եթե մենք ուզենայինք, օրինակ, Ուրուգվայը կճանաչեր ԼՂՀ անկախությունը, բայց դրանից ի՞նչ կփոխվի: Շա՛տ բան կփոխվի, եթե գոնե մեկ պետություն ճանաչի այն: Եթե գոնե մեկը ճանաչի, ապա այդ ինքնահռչակ պետությունը ձեռք է բերում միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ: Իսկ հիմա ասում են, թե մենք պետք է ԼՂՀ-ի հետ պայմանագիր կնքենք, որով պետք է հանդես գանք այդ պետական չճանաչված կազմավորման անկախության երաշխավորը: Եղբա՛յր, եթե դու չես ճանաչում այդ պետական կազմավորումը, ո՞նց ես նրա հետ պայմանագիր կնքում: Բա դա հիմարություն չէ՞, անհեթեթություն չէ՞: Սա տգիտություն է, մենք չենք կարող նման պայմանագիր կնքել, քանի որ դրա հիմքը պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչումը: