Ի՞նչ արեց եւ ի՞նչ չարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

21/10/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ մուտքը քաղաքականություն, որքան էլ տարօրինակ հնչի, քաղաքականացրեց հայաստանյան ներքաղաքական վիճակը, բառիս ամենաուղղակի իմաստով. այսինքն՝ դաշնակին դարձրեց դաշնակ, կոմունիստին՝ կոմունիստ, աժմ-ականին՝ աժմական՝ նրանց վերադարձնելով իրենց ակունքներին:

Այսինքն՝ ամենանախնական ելման կետին, որտեղ թվարկված քաղաքական ուժերը իրենց զգում էին քաղաքականության մեջ՝ որպես ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սա, իհարկե, քաղաքական իմաստով, լավ էր, որովհետեւ քաղաքական կյանքը նաեւ գաղափարականացվեց, ինչը մշտապես այլընտրանք է ստեղծում եւ ցանկացած իրավիճակում ելքի հնարավորություն տալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը նախեւառաջ առողջացրեց քաղաքական կյանքը, հետեւաբար, ոչ թե այն տրոհեց, ինչպես Քոչարյանը իշխանության տարիներին, այլ համախմբեց, թեկուզ եւ իր դեմ, միաժամանակ իրական դարձնելով բոլոր կուսակցությունների եւ խմբավորումների հնարավորությունները: Դրանով առաջին նախագահը վերջ տվեց քաղաքական համախմբվածության կեղծիքին, զանազան կոալիցիոն ձեւեր ընդունած միավորումներին, որոնց կապողը ոչ թե պետության ամրապնդումն է, այլ երկրում եղած ամեն ինչը վերահսկելու, ուստի եւ առավելագույն շահույթ կորզելու եւ իրար միջեւ բաժանելու ցանկությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը պատասխան տվեց նաեւ այն հարցին՝ կա՞ հայաստանյան ընդդիմություն, թե՞ ոչ: Նա իրական դարձրեց ընդդիմության գոյությունը՝ քամուն տալով վերջին հինգ տարիներին ընդդիմության դաշտը հանիրավի գրաված ուժերի գույնզգույն փետուրները: Այսինքն՝ Արտաշես Գեղամյանը դարձավ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյանը՝ Արթուր Բաղդասարյան եւ ոչ թե ընդդիմություն: Առաջին նախագահը խլեց նրանցից դիմակը եւ վերադարձրեց նրանց, այս դեպքում՝ չափազանց մարդկային դեմքը, դարձնելով ընդդիմության ընդդիմություն եւ ոչ թե՝ իշխանությունների:

Այս ամենը այն դրականն էր, որ արեց առաջին նախագահը՝ վերադառնալով քաղաքականություն: Սակայն այն, ինչ դրական էր, ունեցավ նաեւ իր բացասական հետեւանքները: Առաջին հերթին նա ավելի համախմբված դարձրեց իշխանական ուժերին, որոնք քաղաքական այլ զարգացումների դեպքում կարող էին հակադրվել իրար, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց, որ նրանք համախմբվեն:

Ի՞նչ չարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախ եւ առաջ խոստացած հաղթանակը չկայացավ՝ դրանով համահարթելով հույսի եւ հուսահատության սահմանը. այսուհետ հուսացողները էլ ավելի են հուսահատվելու, հուսահատները հավաքելու են ճամպրուկները: Որովհետեւ ընդդիմությունը, որ ձեւավորվեց նրա շուրջը, քաղաքական ավերակներից քամված միակ ռեսուրսն էր, որ դեռ հնարավոր էր ընդդիմություն կոչել, եւ հիմա նրան սպասում է այն նույն ճակատագիրը, ինչ 96-ին ունեցավ Վազգեն Մանուկյանի գլխավորածը, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանինը: Եվ, ինչպես գրել եմ նախորդ հոդվածում, առաջիկա տարիներին հազիվ թե այդպիսի մի նոր ուժ հայտնվի:

Առհասարակ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր գաղափարների, դատողությունների եւ եզրակացությունների հիմքում ընկած է մի պարզ ճշմարտություն, որ կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. քաղաքականությունը անհնարինի եւ հնարավորի արվեստ է, չհասկանալ այդ, նախեւառաջ, նշանակում է՝ իրեն դուրս դնել քաղաքական իրողություններից: Նրա միտքը մշտապես երկկառուցվածք է: Մոտավորապես այնպես, ինչպես ձեւակերպվեց հրաժարականից առաջ հրապարակված հոդվածի վերնագրում՝ «Լրջանալու պահը. պատերա՞զմ, թե խաղաղություն»: Այս հանգրվանում նա կատարում է համանման սահմանում. նորից լրջանալու պահը. շարունակե՞լ պայքարը, թե՞ ոչ: Առաջին հոդվածից հետո նա հրաժարական տվեց՝ հնարավորություն տալով, որ գալիք իշխանությունները կարողանան իրագործել իրենց ծրագիրը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր այլընտրանքի հետ: Այն ժամանակ, ինչպես հիմա, նա չցանկացավ խանգարել իշխանություններին եւ իրոք, տասը տարի չխանգարեց, եթե չասենք՝ խրախուսեց: Դադարեցնելով Շարժման ակտիվությունը (թեկուզ ժամանակավորապես), նա կատարում է նույն քայլը՝ կոչ անելով լրջության, մոռանալով մի պարզ պարագա. այս իշխանություններն անցած տասը տարիներին ի՞նչ պիտի անեին, որ չեն արել: Կովերին հանգիստ թողնենք. մարդկության պատմության ողջ ընթացքում միայն մի դեպք է եղել, երբ մարդը կաշին փոխել է. Մայքլ Ջեքսոնը, էն էլ, լսել եմ՝ փոշմանել է: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ կատարում է միեւնույն սխալը՝ հավատալով, թե իշխանությունները կանեն այն ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի Հայաստանը դուրս բերեն ստեղծված կացությունից եւ ղարաբաղյան խնդրին լուծում տան:

Հետին թվով, հիմա դժվար է պնդել, թե 98-ին, արդյոք, առաջին նախագահը այնքան ռեսուրս ունե՞ր, որ կարողանար պահպանել իշխանությունը: Սակայն պարզ համեմատությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում տասը տարի իշխանություն պահպանեց մեկը, որ բնավ ռեսուրսներ չուներ, եթե հաշվի չառնենք Վազգեն Սարգսյանի անհիմն ռոմանտիզմն ու երերուն ժողովրդավարությունը, որ փոքր-ինչ ձախ թեքմամբ՝ կարող էր հանգեցնել տոտալիտարիզմի ձգտող, կենտրոնացված կլանային համակարգի (ինչպես եղավ), աջ թեքմամբ՝ Հանրապետականների կեղծ ժողովրդավարության (ինչպես կա): Իսկ գաղտնի պահված քայլը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչում է մարտավարություն, նույնքան պարզ, դրանով կանխատեսելի մի հնարավորություն է թողնում՝ սպասել, որ իշխանությունները բացահայտեն իրենց սնանկությունը եւ՛ Ղարաբաղյան հարցում, եւ՛ մնացած քաղաքական լուծումներում: Սա նրա պահուստային տարբերակն է, որ հնարավոր է եւ արդարացնի իրեն՝ անտեսելով, որ եւ՛ առաջին դեպքում՝ Ղարաբաղի, եւ՛ երկրորդի՝ քաղաքական վարքի փոփոխության, մենք արդեն կորցրել ենք նախաձեռնող լինելու հնարավորությունը: