«Արմենալի» արտադրությունը գերակատարվել է

21/10/2008

«Ռուսալ» ընկերության փայլաթիթեղային գլանվածքի արտադրությունն այս տարվա 9 ամիսների ընթացքում աճել է 5,7%-ով` շնորհիվ «Արմենալ» ընկերության ծրագրային հզորությամբ գործարկման: Ըստ ընկերության 2008թ. ինն ամիսների հիմնական ֆինանսական ցուցանիշների ամփոփագրի` արտադրվել է 54,5 հազար տոննա փայլաթիթեղ` 2007թ. 51,6 հազարի փոխարեն: «Արմենալ» ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանն «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրել է, որ հիշյալ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ «Արմենալի» արտադրությունը գերակատարվել է մոտ 8 %-ով: Տարեվերջին գործարանը կունենա 25 հազար տոննայի արտադրական հզորություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` «Ռուսալի» բոքսիտի արդյունահանումն ավելացել է 3,4 %-ով` կազմելով 13 մլն 500 հազար տոննա, կավահողի արտադրության ծավալներն աճել են 2 տոկոսով` հասնելով 8 մլն 400 հազար տոննայի, ալյումինի արտադրության ծավալներն աճել են 6,5%-ով` կազմելով 3 միլիոն 300 հազար տոննա: «Ռուսալի» արտադրանքն արտահանվում է աշխարհի 70 երկիր: Համաշխարհային շուկայում ալյումինի 12 եւ կավահողի 15%-ը բաժին է ընկնում միացյալ ընկերության արտադրանքին: Ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ. մարտին` «Ռուսալի», «ՍՈւԱԼ»-ի եւ «Glencore»-ի միավորմամբ: