Նավթից ձեռք քաշեք

21/10/2008

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի տեղեկացմամբ` «Մարս» գործարանի համար ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը նոր բիզնես-նախագիծ է մշակել, որը ներկայացվել է հայկական կողմի քննարկմանը: Ըստ Լեւիտինի` նախատեսվում է գործարանը համալրել նորագույն տեխնիկական սարքավորումներով եւ արտադրությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարանի տարածքում տեխնոպարկ կամ ազատ տնտեսական գոտի ստեղծել: «Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները կուսումնասիրեն բիզնես-նախագիծը եւ ընդառաջ կգան ռուսական ընկերության առաջարկին»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է նա: Ի. Լեւիտինի տեղեկացմամբ` հաջորդ տարի բիտումի հայ-ռուսական համատեղ գործարան կհիմնվի ՀՀ-ում, ինչի կարիքն այսօր կա: Գործարանը տարեկան շուրջ 45-50.000 տոննա բիտում կարտադրի, որի մեծ մասը կմնա Հայաստանում, 1/3-ը` կարտահանվի: Ռուս պաշտոնյայի տեղեկացմամբ` գործարանի կառուցմամբ 150 նոր աշխատատեղ կբացվի Հայաստանում: Շուրջ 20 մլն դոլարի չափով ներդրումների 50%-ը կիրականացնի՝ ռուսական, մյուս կեսը` հայկական կողմը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշել է, որ բիտումի գործարանի կառուցումը մեծ նշանակություն ունի ճանապարհաշինության համար, եւ նման ծրագրերի իրագործումը կհանգեցնի երկու երկրների մասնավոր հատվածի ավելի ակտիվ համագործակցության: Տ. Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու եւ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում ռուսական կողմը նույնպես հնարավոր է աջակցի ՀՀ-ին: Իշխանություններն արդեն նման առաջարկով դիմել են ՌԴ-ին: «Մեր համագործակցության ծրագրերն Իրանի հետ ունեն նաեւ տարածաշրջանային բովանդակություն, հետեւաբար բոլոր այդ ծրագրերով կիսվում ենք մեր գործընկերների հետ` հրավիրելով մասնակցելու դրանց: Հարցն առայժմ քննարկվում է, եւ փորձագիտական եզրակացությունից հետո կտրվի վերջնական պատասխան»,- ասել է Տ. Սարգսյանը: Ինչպես հայտնի է, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում շրջանառության մեջ դրվեց նավթավերամշակման գործարանի կառուցման հարցը: Այն պետք է լիներ հայ-ռուս-իրանական նախագիծ, եւ կառուցվելու էր Իրանի հետ ՀՀ սահմանին: Երկար ժամանակ այդ նախագիծը լռության էր մատնված: Երեկ լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀ-ում նավթի վերամշակման գործարանի կառուցման հարցում ի՞նչ աջակցություն կցուցաբերի «Գազպրոմ» ընկերությունը, Ի. Լեւիտինը պատասխանել է, որ առայժմ ռուս ներդրողների համար ծրագիրը տնտեսապես արդյունավետ չէ: Ըստ «Ռեգնում» գործակալության` Լեւիտինն ասել է, թե փորձագիտական եզրակացությունը տնտեսապես աննպատակահարմար է գտել ՀՀ-ում 5 մլն տոննա վերամշակման ծավալի գործարան կառուցելը: «2 միլիոն տոննա հզորությամբ գործարան կառուցելու առաջարկը նույնպես էֆեկտիվ չէգ հարցը հանված չէ օրակարգից, բայց անհրաժեշտ է հասկանալ, թե ուր է գնալու արտադրանքը»,- պատասխանել է Լեւիտինը: