Ռուս-վրացական պատերազմից բավական ժամանակ անց, երբ մեր պետական գործիչները եւս սկսեցին անդրադառնալ խնդրին, վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով բավական հարգանքով խոսեց Վրաստանի ընդդիմության մասին՝ նշելով, թե պետության շահը վրացի ընդդիմադիրների համար երկրորդական է դարձնում ներքաղաքական խնդիրները: Նա չթաքցրեց իր հիացմունքն Ադրբեջանի, Ռուսաստանի ընդդիմության հանդեպ՝ նրանց պետականամետ վարքը հակադրելով Հայաստանի ընդդիմության պահվածքին:
Հասկանալի է, որ ընդդիմություն ասելով՝ վարչապետը վստահաբար նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսը, քանի որ ընդդիմության կոչման մյուս հավակնորդները նախագահական ընտրություններից անմիջապես հետո դարձան իշխանության թող որ աննշան, բայց մասը: Մասնավորապես, մինչ նախագահի թեկնածու, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը, դժգոհ ընտրությունների արդյունքներից, մի քանի ժամով խռովեց իշխանությունից եւ հրաժարվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, Հրանտ Մարգարյանն իր լայն ժպիտով հարթեց փոքրիկ այդ թյուրիմացությունը, եւ հանուն հայրենիքի, Ղարաբաղի, կառուցողական ընդդիմության իմիջի՝ ՀՅԴ-ն մտավ իշխանական կոալիցիա: «Օրինաց երկիր» կուսակցության եւ նրա առաջնորդի վարքը եւս նորագույն պատմության փառավոր էջերից չես համարի: Պարզապես հիշեցնենք այն կոշտ կեցվածքը, որ որդեգրել էր Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ, եւ թե որպիսի գեղեցիկ ձեւակերպումներով, պետության շահը սեփականին զուգակցելով՝ դարձյալ մտավ իշխանական կոալիցիա: Հիշենք մեկ այլ «ընդդիմադիր» գործչի՝ որպիսի պաթոս էր հորդում «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի շուրթերից: Նա քարը քարին չէր թողնում՝ ընդդիմությանն ու իշխանություններին քննադատելու գործում: Եվ ընտրություններից հետո նա էլ իր լռությունը բացատրեց սեփական ամբիցիաներն ազգի առաջ ծառացած խնդիրներին ստորադասելու կամքով: Նույնը կարելի էր ասել Արամ Գասպարի Սարգսյանի եւ էլի շատերի մասին, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի գոյությունն արդեն իսկ վտանգավոր էին գնահատում հայոց պետականության համար եւ կցվում իշխանություններին կամ խորիմաստ լռում:
Ուրբաթ օրը պետականության, Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հրամայականները դարձան արդեն Համաժողովրդական շարժման «հարաբերական անդորրի» հիմնավորում: Չանդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծության այն կետերին, ուր հիմնավորվում են Հայաստանի արտաքին քաղաքականության բացթողումները, հավասարակշռված քաղաքականության վերանայման պատճառները, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներն ու Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման վրա դրանց հնարավոր բացասական անդրադարձը, առանձնացնենք այն կետերը, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրանքներ էր ներկայացնում «ավազակապետական իշխանություններին»՝ հանձինս ՀՀ նախագահի. «Եվ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով»: «Գլխավորը Ս. Սարգսյանի թուլությունն է ու դրանից օգտվելու աննախադեպ պատեհությունը: Այնպիսի լծակների առկայությամբ, ինչպիսիք են լեգիտիմության բացակայությունը, կոռումպացվածության աստիճանը եւ բարոյական նկարագրի խոցելիությունը, Ս. Սարգսյանն ուղղակի գտնված գանձ է Արեւմուտքի համար: ՀՀ ուրիշ որ մի ղեկավարը կհամաձայներ անմնացորդ նետվել Արեւմուտքի գիրկը, խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, մեջքով շրջվել դեպի Ռուսաստանը, նպաստել Մինսկի խմբից նրա դուրսմղմանը, ընդառաջել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մոռացված առաջարկին՝ դրանով կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունն ու վիժեցնելով նրա միջազգային ճանաչման գործընթացը, համաձայնել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացմանը եւ, վերջապես, բառիս բուն իմաստով, վաճառքի հանել ԼՂՀ-ն»:
Ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ ազգությամբ հայ որեւէ պաշտոնյայի կամ պետական, քաղաքական գործչի մասին ասված յուրաքանչյուր մահացու մեղք, անբարո արարք, հանցագործություն ավելի շուտ հավանական է: Հետեւաբար ավելի հեշտ է հավատալ, քան չհավատալ Սերժ Սարգսյանի հասցեին հնչող քննադատությանը: Բայց այս դեպքում նրան թույլ տալ «վաճառքի հանել ԼՂՀ-ն» եւ «զբաղվել բացառապես սեփական լեգիտիմության խնդիրներով»՝ դադարեցնելով ակտիվ պայքարը, այնքան էլ համարժեք չէ իրավիճակին: Թվում էր՝ ընդդիմությունը պիտի որդեգրեր ավելի կոշտ դիրքորոշում՝ կանխելու ԼՂՀ-ի համար նման վտանգավոր հանգուցալուծումը: Եվ այս դեպքում լուծումը, կարծես, Լ. Տեր-Պետրոսյանի հետեւյալ խոսքերը չէ, որ պիտի լինեին. «Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, հայտարարել էի, որ ԼՂՀ դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին: ԼՂՀ հակամարտության մոտալուտ հանգուցալուծումն իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը: Խոսքը չի վերաբերում, անշուշտ, Շարժման գործունեության լիակատար սառեցմանը, այլ միայնումիայն զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցմանը»:
Թեեւ Տեր-Պետրոսյանն իր ելույթում խնդրում է շտապ եզրակացություններ չանել եւ վերջնական կարծիք կազմել ելույթն ամբողջությամբ ընթերցելուց հետո, այնուամենայնիվ, ելույթն ընթերցելուց հետո առաջին տպավորությունն այն է, որ պատմությունը կրկնվում է. բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայրենիքի, պետականության շահերը վեր դասելով՝ պատրաստ են թույլ տալ իշխանություններին «վաճառքի հանել ԼՂՀ-ն»: Այսինքն՝ պատրաստ են իշխանություններին միայնակ թողնելու իրենց ճակատագրական սխալների հետ: Ընդդիմության այս երկամսյա դադարը, որը, ենթադրում ենք, ավելի երկար կձգվի, գուցե նպատակ ունի իշխանությունների հավանական սխալների դեպքում իր վրայից թոթափել «խանգարողի», «ուշադրությունը շեղողի» հնարավոր պիտակները: Սակայն, արժե նկատել, որ հանրահավաքները, խաղաղ երթերը, ինչպիսին էր, օրինակ, ուրբաթ օրվանը, բնավ չեն վտանգում մեր պետականությունը: Մյուս կողմից՝ հանրահավաքները, քաղաքական զբոսանքներն իշխանության վրա հոգեբանական ճնշում էլ չեն կարող համարվել, քանի որ ամիսներ շարունակ իշխանություններն արդեն վարժվել են ընդդիմության գոյությանը, հանրահավաքներին, Հյուսիսային պողոտայի երթերին: Եվ դատելով շարունակվող դատավարություններից եւ քաղբանտարկյալների հանդեպ անզիջում վերաբերմունքից՝ ընդդիմությունը երկրի ղեկավարներին առանձնապես չի սարսափեցնում, ավելին, չի խանգարում կատարել սխալը սխալի ետեւից: Այն, որ Տեր-Պետրոսյանի ելույթը նախորդեց անմիջապես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին, գուցեեւ պատահական չէր: Սակայն այդ դեպքում սա նշանակում է կոմպրոմիս՝ համարժեք ակնկալիքով: Եթե այդ ակնկալիքը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, ինչ-որ առումով հասկանալի է: «Ուզում եմ հուսախաբ անել չարախնդացողներին եւ հանգստացնել տարակուսողներին. մեր հանձնառության մեջ գործարքի կամ նահանջի տարր փնտրելն անլուրջ է»,- նկատեց Տեր-Պետրոսյանը: Գուցեեւ անլուրջ է, սակայն ոչ՝ անտրամաբանական: