«Աշխարհաքաղաքական իրադարձությունները, մանավանդ մեր տարածաշրջանում, ցույց են տալիս, որ հակամարտությունների լուծման ճանապարհին ռազմական ուժի կիրառումը հղի է տարբեր զարգացումներով: Հայաստանի զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներն այսօր պատրաստ են պաշտպանելու այն արժեքները, որոնք ձեռք են բերվել մեր նորագույն պատմության մեջ»,- երեկ ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ռազմական ծախսերն ավելացնելու մասին ընտրությունների նախօրեին արված հայտարարություններին: Նախարարը նշել է, որ այդ հայտարարությունները նաեւ առաջին հերթին ներքաղաքական բնույթի էին` որպես նախընտրական հնարք, ու նաեւ փորձ է արվում դրանով ազդել խնդրով զբաղվող կազմակերպությունների վրա, որպեսզի նրանց պնդմամբ Հայաստանը գնա ինչ-որ զիջումների: «Սակայն գոյություն ունի բանակցությունների ընթացք, որն իրականացվում է մեր երկրների ղեկավարների միջոցով, ընդ որում` ես մշտապես պնդել եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի դրանում ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը»,- ասել է նախարարը: