Մի քանի օր առաջ հրապարակվեց Հայաստանի քաղաքական կուսակցություններին
նվիրված ARD հետազոտական խմբի կողմից պատրաստված զեկույցը:
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության`
USAID-ի պատվերով: Ըստ այդ զեկույցի, քաղաքական կուսակցությունները
Հայաստանում անձնավորված են, կառուցված են խորհրդային ժամանակների մոդելով
եւ ամբողջովին ղեկավարվում են` շատ հաճախ ռազմականացված
կազմակերպությունների նման: «Կուսակցություններում բացակայում է բանավեճը,
եւ կուսակցությունների առաջնորդների միջեւ տարաձայնությունները հաճախ
հանգեցնում են կուսակցությունների տրոհման»,- ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները հանգել են այն համոզման, որ
համամասնական-մեծամասնական տեղերում առաջադրման հետ կապված հարցերը
որոշվում են ոչ թե բանավեճի արդյունքում, այլ կուսակցության ղեկավարների
կողմից: Զեկույցում ասված է նաեւ, որ Հայաստանում կուսակցությունները
կախված են կուսակցության ղեկավարի անձից, ունեն թույլ գաղափարախոսություն
եւ բաժանված են 2 մասի` իշխանամետ ու ընդդիմադիր: «Չնայած բազմաթիվ
կուսակցությունների գոյությանը, դրանցից ոչ մեկը չի իրականացնում
հասարակության շահերը ներկայացնելու, քաղաքական այլընտրանքներ առաջարկելու
եւ հանրությանը հուզող խնդիրների շուրջ բանավեճ առաջարկելու դերը»,-
կարծում են զեկույցի հեղինակները: Նրանք նշում են նաեւ, որ թեեւ օրենքն
ապահովում է կուսակցությունների մրցակցության հավասար դաշտ, սակայն այդ
սկզբունքը գործնականում չի գործում: Հետազոտության արդյունքում՝ զեկույցի
հեղինակները պարզել են, որ ընդդիմադիր կուսակցություններն իրենց
գործունեության համար դրամահավաք կազմակերպելու խնդիրներ ունեն, քանի որ
«երկրում խոշոր բիզնեսը սերտաճած է իշխանական շրջանակների հետ, որի
արդյունքում՝ օլիգարխները դառնում են ԱԺ անդամ` տարբեր տեղեկությունների
համաձայն՝ իրենց կոռումպացված բիզնեսի համար անձեռնմխելիություն ձեռք
բերելու համար»: Զեկույցի հեղինակները հանդիպել են ընդդիմադիր
կուսակցությունների ղեկավարների հետ եւ հանգել այն կարծիքին, որ նրանց մեծ
մասը թերահավատ է ընտրությունների հանդեպ եւ առաջընթացի միակ
հնարավորությունը տեսնում է թավշյա հեղափոխությամբ իշխանությունը փոխելու
մեջ: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի դատական համակարգի ու
ԶԼՄ-ների անկախությանը: Ըստ այդմ, դատական համակարգն անկախ չէ, իսկ
հեռուստատեսություն մուտք ունեն հիմնականում միայն իշխանամետ
կուսակցությունները: «Իշխանության հիմնական նպատակն իշխանությունը պահելն
է, իսկ ընդդիմության հիմնական նպատակն այդ իշխանությունը վերցնելն է»,-
ամփոփում են զեկույցի հեղինակները: