Ծեծել են հանրահավաքից առաջ

21/10/2008

Երեկ ընդդիմության հանրահավաքից 3 ժամ առաջ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ընկերոջ հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի շենքի առջեւ հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ է բաժանելիս եղել: Ըստ «Ա1+»-ի` նրանց մոտեցել են երկու երիտասարդներ եւ հարցրել, թե ի՞նչ են անում: Տ. Առաքելյանը պատասխանել է, որ հանրահավաքի թռուցիկներ են բաժանում: Երիտասարդները մի քանի քայլ անցել են, հետո հետ եկել։ «Ի՞նչ ասեցիք»,- հարցրել են նրանք: Ի պատասխան՝ Տիգրանն ասել է` «Ինչ որ լսեցիք», եւ շարունակել իր գործը: Այդ պահին նրանց մոտեցած երկրորդ երիտասարդը` «արդեն լեզվիդ ես տալիս» խոսքերով հարձակվել է Տ. Առաքելյանի վրա: Երկուսով նրան ծեծի են ենթարկել, գցել են գետնին ու սկսել են ոտքերով հարվածել: Երբ նրանք հեռացել են՝ Տիգրանն ու ընկերը վազել են նրանց ետեւից: Այդ պահին Տիգրանին է մոտեցել մեկ այլ երիտասարդ, որը կանգնեցրել է նրանց ու թույլ չի տվել գնալ նրանց հետեւից: «Դուք խուլիգանություն եք անում»,- ասել է նա` ներկայանալով որպես Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակից Արթուր: «Խուլիգանները նրանք են, որ թողեցիք հեռանան»,- պատասխանել է Տիգրանը: Վերջինիս ասելով` այդ միջադեպին ներկա են եղել 10-15 մարդ, ու քանի որ նրանք կարող էին վկայություն տալ կատարվածի մասին` ասելով, թե ով է իրական «խուլիգանը», ոստիկան ներկայացած Արթուրը պատճառաբանել է, թե այլ դեպքի մասին ահազանգ է ստացել, հեռացել է` ասելով. «Եթե բողոք կունենաք, կդիմեք Կենտրոնի բաժին»: ՀԱԿ կենտրոնական շտաբի փոխանցմամբ` իրենք ծեծի վերաբերյալ հաղորդում են տալու Կենտրոնի բաժին: Ըստ «Ա1+»-ի` Տիգրանի դեմքին եւ մարմնի այլ մասերին ծեծի հետքերն ակնհայտ էին: