Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) ստուգումներ է անցկացրել ավիավառելիքի, ցորենի, ալյուրի եւ բրնձի շուկաներում ու հրապարակել է հետաքրքիր փաստեր:
Ավիավառելիքի շուկայում հայտնաբերել է գերիշխող դիրքի չարաշահում` ներկրող ընկերությունն անհիմն բարձր գներ է կիրառել: Հարկ է նշել, որ ավիավառելիքի դեպքում ՏՄՊՀ-ն «հանկարծ» հայտնաբերել է այն, ինչը տարիներ շարունակ գիտեր ողջ հայ հասարակությունը, ինչի մասին խոսում էին բոլորը, սակայն, միեւնույն է, ոչինչ չէր ձեռնարկվում: Եվ որեւէ մեկը չէր կասկածում, որ աշխարհի բոլոր ուղղություններով Հայաստանում ավիատոմսի գինը շատ թանկ հաճույք է: Այդ խնդրին նույնիսկ Համաշխարհային բանկն էր անդրադարձել իր «Կովկասյան վագրը» կոչվող զեկույցում: Զեկույցի հեղինակները ոչ միայն ավիավառելիքի, այլեւ ողջ ավիացիայի ոլորտում տիրող սարսափելի թանկության պատճառը համարել էին ոլորտի մենաշնորհային վիճակը: Իսկ Հայաստան ավիավառելիք ներկրում է միայն Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Այս ընկերությունն իր ներկրած ավիավառելիքը վաճառում է «Զվարթնոց» օդանավակայանին, որն էլ պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: «Զվարթնոցն» էլ իր հերթին ավիավառելիքը ավիաընկերություններին վաճառելիս մի կլորիկ գումար է «փայ մտնում»: Ու ահա այս ճանապարհին ավիատոմսերի գինը շատ թանկ է ստացվում: Եվ պարզ է, որ այդ ընկերությունների պատկառելի շահույթը հոսում է ՀՀ շարքային քաղաքացիների գրպանից, ովքեր բարեբախտաբար կամ դժբախտաբար իրենց ապրուստի միջոցը հայթայթում են արտերկրում: Ահա թե ինչու տարեսկզբին, երբ ռուս-վրացական օդային հաղորդակցությունը բացվեց, արտագնա աշխատանքի մեկնողները Ռուսաստան էին մեկնում Վրաստանի օդանավակայանից: Մեր հարեւան երկրում ավիատոմսի գներն անհամեմատ ավելի էժան են: Այս տարվա մարտին, «Զվարթնոցի» դիմումի համաձայն, հանձնաժողովը սահմանել էր օդանավակայանի ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների «խելամիտ տարբերություն»` 1 տոննան 1164 դոլարով ձեռք բերելու դեպքում օդանավակայանը կարող էր 141 դոլար ավելացնել իրացնելիս, որն ընկերության համար եւս ընդունելի չափ է համարվել: Հանձնաժողովի որոշման համաձայն, գնի փոփոխությունը կհամարվեր չհիմնավորված, եթե այն գերազանցեր 141 դոլարը: Մարժայի մեջ հաշվի են առնված շահույթն ու ծախսերը: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ նավթամշակման գործարաններին վճարվող ավիավառելիքի համաշխարհային միջին գինը 2008 թ. սեպտեմբերի 12-ին 1 տոննայի համար կազմել է 1106 դոլար, 26-ին` 1019 դոլար: Մինչդեռ «Միկա Լիմիթեդը» հուլիս-օգոստոս ամիսներին օդանավակայանին ավիավառելիք է վաճառել 1447, 1492 եւ 1480 դոլարով: Հանձնաժողովը պարզվել է, որ 1 տոննա ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը հուլիսին կազմել է՝ 265, օգոստոսին 212 դոլար` սահմանված 141-ի փոխարեն:
Բացի այդ, ներկայացրած տեղեկատվության վերլուծությունից վարույթի ընթացքում պարզվել է, որ «Զվարթնոցը» կիրառում է ավիավառելիքի իրացման խտրական ու տարբերակված գներ: 2008թ. օգոստոսի 23-ին «Աերոֆլոտ-Ռուսական Ավիաուղիներին» իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքը կազմել է 504.067 դրամ, «Արմավիային»` 491.972 դրամ, իսկ հաջորդ օրը «Տաջիկիստան ավիաուղիներին»` 520.396 դրամ: Հանձնաժողովի գնահատմամբ՝ օդանավակայանը խախտում է ոչ միայն մարժայի սահմանման մասին որոշման պահանջները, այլ ունենալով ավիավառելիքի իրացման մենաշնորհ` չարաշահում է իր գերիշխող դիրքը: Հանձնաժողովն առաջարկում էր գերիշխող դիրքի չարաշահման համար օդանավակայանին տուգանել նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով: Իսկ ընկերությունը հանձնաժողովին երեկ խնդրել է ժամանակ տրամադրել լրացուցիչ փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելու համար: Այդպիսով, հարցի քննարկումը հետաձգվեց մեկ ամսով: Ցորենի, ալյուրի եւ հացի շուկաներում կատարած ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՀ-ն արձանագրել է համաշխարհային գների համեմատ ալյուրի իրացման գների ոչ համամասնական փոփոխություններ: Աշնանը միջազգային շուկայում ցորենն էժանացել է, սակայն 2008թ. մայիս-օգոստոս ամիսների համեմատ Հայաստանում հացի գինը չի նվազել: Հաշվի առնելով ցորենի եւ ալյուրի շուկաներում ուսումնասիրությունների արդյունքները, Հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություններ սկսել նաեւ հացի շուկայում` առավել խոշոր արտադրողների շրջանում: Հանձնաժողովը ուսումնասիրություններ կսկսի նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում` որի բաժինը գնագոյացման մեջ, ըստ տնտեսվարողների բողոքների, նշանակալի է:
Բրնձի շուկայում հանձնաժողովը պարզել է, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները հանկարծակի ստեղծվում եւ անհետանում են: Այս տարվա առաջին կիսամյակում ի հայտ են եկել գերիշխող դիրք զբաղեցնող 2 տնտեսվարող սուբյեկտ` «Կարի Թով» (32 %) եւ «Մոկոնաթ» (27.6 %): Երկրորդ կիսամյակում արդեն այս ընկերությունները դադարեցրել են շուկայում իրենց գործունեությունը: Մաքսային կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ այս շուկայում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի են փոփոխվում: Սա, իհարկե, չի նշանակում, որ այդ ընկերության սեփականատերերն այլեւս բրինձ չեն ներկրում, պարզապես նրանք այդ գործունեությունն իրականացնելու համար բացում են մեկ այլ ընկերություն` հավանաբար ստացած ահռելի շահույթը պաշտպանելու համար: Միջազգային եւ հայաստանյան շուկաներում բրնձի գների համադրումը ցույց է տվել, որ մեր երկրում բրինձն ինքնարժեքից մոտ 1.7-2.5 անգամ ավելի թանկ է վաճառվում: Երկրորդ կիսամյակում համեմատաբար մեծ ծավալներով ներկրումներ է իրականացրել «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որ պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Դեռեւս ամիսներ առաջ էր հայտնի, որ պատգամավորն իր բիզնեսի մի մասը «Սալեքս գրուփից» տեղափոխել է այս ընկերություն: Իսկ հանձնաժողովը երեկ որոշել է իր վարույթի արդյունքները տրամադրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին` հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու, ՀՀ Գլխավոր դատախազությանը` գործունեությունը դադարեցրած ընկերությունների կողմից օրենսդրական հնարավոր խախտումների հարցերը քննարկելու նպատակով: