Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 88,73 տոկոսը (3 մլն 323 հազար 340 ձայն): Այդ մասին հաղորդել է այդ երկրի ԿԸՀ-ի «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնը: Ընտրություններում 2,86 տոկոս ձայներով երկրորդ տեղը զբաղեցրել է Իգբալ Աղազադեն, երրորդ տեղը՝ Ֆազիլ Գազանֆարօղլուն, որը հավաքել է ձայների 2,47 տոկոսը: Ի դեպ, երեկ շարունակվել են Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ տարբեր երկրների եւ միջազգային կառույցների գնահատականները: Մասնավորապես ԱՄՆ Պետդեպարտամենտը «ողջունել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների առաջընթացը»: «Մենք շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ եւ նախորդ տարիների ընտրությունների համեմատությամբ մի շարք բարելավումներ ենք արձանագրում ընտրությունների անցկացման ընթացքում»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Շոն ՄըքՔորմակը: Նա պաշտպանել է Ադրբեջանի ընտրություններում առաջընթացի վերաբերյալ ԵԱՀԿ հայտարարությունը, բայց չի պաշտպանել եվրոպացիների քննադատությունը: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ ընտրությունների ընթացքում կարելի էր ավելիին հասնել, բայց, այնուամենայնիվ, դա քայլ առաջ էր: Տեղերում դիտորդների գնահատումը խոսում է այն մասին, որ այդ ընտրությունները նախորդներից ավելի լավ են անցել»,- նշել է ՄըքՔորմակը Պետդեպում կայացած մամուլի ասուլիսում:
Պետդետպարտամենտի խոսնակը նկատի է ունեցել ԵԽ ԽՎ դիտորդների ոչ այնքան դրական գնահատականը Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Չնայած Ադրբեջանի նախագահի ընտրությունների գործընթացում առկա բարելավմանը, ընդհանուր մթնոլորտը չէր համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»,- հայտարարել էր ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Անդրես Հերկելը` Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ առաքելության հաշվետվությանը նվիրված մամուլի ասուլիսում: «Չնայած առանձին թերություններին, ընտրություններում նկատելի էր բարելավումն Ադրբեջանի նախագահի նախորդ ընտրությունների համեմատ»,- ավելացրել էր նա: Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահական ընտրությունների առիթով գոհունակություն է հայտնել նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: «Ընտրությունները խաղաղ էին, առանց իրավակարգի խախտումների եւ լավ էին կազմակերպված»,- նշված է Խ. Սոլանայի տարածած հաղոդագրությունում: Իսկ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարիա Աննա Իսլեր Բեգուինը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները «քայլ առաջ եւ առաջընթաց» էին նախորդ ընտրությունների համեմատությամբ: «Դա շատ կարեւոր փուլ էր, եւ Ադրբեջանն այդ փուլից նոր փուլ անցավ դրական քայլերով»,- ասել է Բեգուինը: