Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ,
որով դատապարտում է մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա գրասենյակի դեմ
իրականացվող վերջին գործողությունները: Կուսակցությունը կատարվածը
գնահատում է որպես Լարիսա Ալավերդյանի կազմած տարեկան զեկույցի հետեւանք,
որում ներկայացված են մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր:
«Փաստորեն՝ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են իրականացնում
օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ: Սա օրինաչափ է մի երկրում, որի
իշխանությունները պաշտոնավարում են ի հեճուկս ՀՀ քաղաքացիների կամքի՝
վերջիններիս իրավունքների եւ ազատությունների սահմանափակման միջոցով»,-
ասված է հայտարարության մեջ: «Հանրապետությունը» կոչ է անում բոլոր
կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին՝ դատապարտել
օմբուդսմենի եւ նրա գրասենյակի դեմ կատարված ոտնձգությունները: