Հայաստանի կրթական համակարգում կատարվող փոփոխություններից մեկի համաձայն, առաջիկայում հանրապետությունում կներՊ8վեն «ավագ դպրոց» կոչվող ուսումնական հաստատությունները: Թեեւ այսօր էլ այդպիսիք արդեն գործում են, սակայն ինչպես երեկ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, դրանք դեռեւս 10-ն են: Իսկ ի՞նչ խնդիրներ է լուծելու կառավարությունն այս համակարգի ներդրմամբ: Ըստ Բ. Եսայանի, ավագ դպրոցների միջոցով փորձ է արվելու կրճատել Երեւանի եւ հանրապետության մյուս բնակավայրերի միջեւ այսօր առկա զարգացման տարբերությունը: Իսկ նման տարբերություն կա նաեւ կրթական ոլորտում: Բավական է նշել, որ եթե այսօր Երեւանի շրջանավարտների մոտ 40%-ը դիմում է բուհ ընդունվելու համար, ապա մարզերում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 20%: Իսկ գործող հանրակրթական դպրոցների համակարգը, ըստ Բ. Եսայանի, չի կարող ապահովել հավասարաչափ արդյունավետ կրթություն: Ի դեպ, այսօր ՀՀ-ում գործում է 1329 միջնակարգ ընդհանուր դպրոց, որոնցից 10-ը տարրական են, 151-ը` հիմնական, իսկ 1168-ը` միջնակարգ: Իսկ մինչեւ 2011թ. ավագ դպրոցների թիվը նախատեսվում է հասցնել 150-ի, որոնք հենց այդ տարվանից էլ արդեն կլինեն եռամյա: Ավագ դպրոցները ստեղծվելու են հիմնականում մեկից ավելի միջնակարգ դպրոցներ ունեցող նախկին շրջկենտրոններում եւ քաղաքային բնակավայրերում (դպրոցներից մեկը կդառնա ավագ, մյուսները կմնան հիմնական), եւ գյուղախմբերում, այնպես, որ եթե որեւէ գյուղում աշակերտը ցանկանա ստանալ ավելի որակյալ կրթություն, կարողանա սովորել հարեւան գյուղերից որեւէ մեկի՝ համապատասխան տեխնիկական ու շենքային լավ պայմաններ եւ որակյալ ուսուցչական կազմ ունեցող ավագ դպրոցում: Գյուղից գյուղ տեղափոխվելու հետ կապված ծախսերի հարցը նույնպես լուծելու է պետությունը: «Գործող համակարգում ավագ դպրոցը չի կարողանում ապահովել այն նախամասնագիտական գիտելիքների մատուցումը երեխաներին, ովքեր ցանկանում են որոշակի ուղղությամբ շարունակել իրենց կրթությունը բուհերում»,- ասում է Բ. Եսայանը, ըստ որի` ավագ դպրոցն ուղղված է լինելու նաեւ այս խնդրի լուծմանը: «Եթե մենք նախամասնագիտական կրթություն ենք տալիս, օրինակ՝ ֆիզմաթ կամ տնտեսագիտական հոսքով երեխան գնում է եւ 14 ժամով ուսումնասիրում առարկաները, բնականաբար, ավելի խոր գիտելիքներ կստանա այս առարկաներից, քան այսօր է ստանում, եւ ընդունելության համար պահանջվող գիտելիքն ավելի խորը կլինի. այսինքն` երեխան շատ ավելի պատրաստված կմտնի բարձրագույն ուսումնական հաստատություն»,- ասում է ԿԳ փոխնախարարը: Ավագ դպրոցների ստեղծումով պետությունը ցանկանում է մարտահրավեր նետել նաեւ կրկնուսույցների կամ ռեպետիտորների համակարգին, քանի որ պետությունը փորձելու է տալ այն գիտելիքը, որն աշակերտը կարող է ստանալ դպրոցից դուրս: Սրան, ըստ Բ. Եսայանի, կնպաստեն ինչպես մասնագիտական դասարանների ստեղծումը, այնպես էլ ուսուցիչների երկարաժամկետ վերապատրաստման հետ կապված ծրագրերը: «Այսօր, իսկապես, շատ դեպքերում մեզ չի բավարարում ուսուցիչների այն մակարդակը, որ նրանք ունեն ավագ դպրոցում դասավանդելու համար, եւ այս 10 փորձնական դպ8ոցներում, որտեղ իրականացվում է ծրագիրը, նախատեսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն սկսել ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստումը չի լինելու նախորդ տարիների նման կարճաժամկետ, այսինքն՝ երկօրյա-եռօրյա դասընթացներ չեն լինելու. մշակված է բավականին լայնածավալ վերապատրաստման ծրագիր»,- նշեց Բ. Եսայանը: Մյուս կարեւոր հարցը ֆինանսավորման խնդիրն է: Այսօր դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչքան բարձրանում են դասարանները, այնքան ծախսատար է դառնում ուսումնառության պրոցեսը: Ուստի նախատեսվում է յուրաքանչյուր աշակերտի հաշվով ավագ դպրոցներին ավելի շատ ֆինանսավորել: Նշենք նաեւ, որ կրթության եւ գիտության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պարբերաբար այցելելու եւ հանդիպումներ է ունենալու դպրոցներում ինչպես մանկավարժների, այնպես էլ ծնողների եւ աշակերտների հետ: