Հայաստանի անկախացումից ի վեր խոսվում է բուհական համակարգում կրթական փոփոխությունների մասին: Որքանո՞վ է այն փոխվում, որքանո՞վ են փոփոխությունները տեղին կամ անտեղի, իրականում ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների ազդեցությունը:
Սովետական տարիներին կրթական ողջ համակարգը ռուսական կողմնորոշում ուներ, կային թե՛ առավելություններ, թե՛ թերություններ: Այդ համակարգը փլուզվեց: Երկար տարիներ Հայաստանում կրթական համակարգը մնում է այդ փլվածքի տակ կամ դժվարությամբ փորձում է հարմարվել նոր իրավիճակին:
Հին համակարգը հիմնված էր գիտելիքային ու դասախոսակենտրոն ուսուցման վրա: Նորը անձնակողմնորոշիչ, ձեւավորող, զարգացնող է եւ հիմնված է ուսանողակենտրոն ու համագործակցային ուսուցման վրա: Փոփոխություններն անհրաժեշտ են, որովհետեւ առանց դրանց անհնար է թե՛ գիտության զարգացումը, թե՛ աշխարհի այլ երկրների բուհերի հետ համագործակցությունը, մասնավորապես` եվրոպական տարածաշրջանի: Հիմնական խնդիրը հայկական կրթական համակարգի համապատասխանեցումն է եվրոպական կրթական համակարգին, որի հիմնական խնդիրները ընդունվել են 1999թ. Բոլոնիայի հռչակագրով: Դրանք են` անցում բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի, կրեդիտային համակարգի ներդրում, բարձրագույն կրթության որակի ապահովում, որակավորումների եւ ավարտական փաստաթղթերի փոխադարձ ընդունում, շարժունակության ապահովում, բարձրագույն կրթության բնագավառում համեմատելի եւ ընդհանուր որակավորումների ներդրում: Այնուհետեւ ավելացվել են նաեւ այլ խնդիրներ` շարունակական կրթության, բարձրագույն կրթության եվրոպական տարածքի գրավչության ապահովման, ուսանողների մասնակցության, բուհական գիտության եւ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի` ասպիրանտուրայի մասին:
Բոլոնիայի գործընթացի սկզբունքները պետք է համապատասխանեն պետության, այլ ոչ թե առանձին բուհերի քաղաքականությանը: Հայաստանում ամեն բուհ իրականացնում է փոփոխություններ` որքանով ինքն է կամենում կամ հասկանում: Պարզ է, որ Բոլոնիայի գործընթացին միանալն անհրաժեշտություն է, սակայն այն կարող է կորստաբեր լինել բարձրագույն կրթության համակարգի համար, կամ իրականում որեւէ փոփոխություն չիրականացնել, եթե հաշվի չառնվեն ազգային կրթության համակարգի առանձնահատկությունները:
Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցը հաստատվել է 2006թ.-ին, ստեղծվել է այն իրականացնող հանրապետական հանձնաժողով, ապա` աշխատանքային խմբեր: Որոշումներ են կայացվել կրթության որակի ապահովման, բարձրագույն կրթության որակավորումների, ֆինանսական կառավարման, եռաստիճան համակարգերի անցման, կրեդիտների կուտակման եւ փոխանցման մասին, բայց իրականում սայլը տեղից չի շարժվել: Բուհերում իրականում չեն հասկանում, չեն կամենում, չեն կարողանում, չեն ուզում փոխել որեւէ բան եւ կամ` նորմալ կրթական համակարգ ապահովել:
Փլվածքի տակ
Բուհերը մեծամասամբ Բոլոնիայի գործընթացին անցման նախապատրաստական փուլի մեջ են: Որոշ բուհերում դրանք կիրառվում են մագիստրատուրայում եւ բակալավրիատում, այս ուսումնական տարվանից սկսած: Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) կրեդիտային համակարգի ներդրման համար ստեղծվել է հատուկ բաժին: Այն առայժմ մասամբ է ներդրվել: Գործում է բակալավրիատի 1-ի կուրսում եւ մագիստրատուրայում: Մագիստրատուրայում կամընտրական դասընթացներ կան, որը, թերեւս, փոփոխության առկայություններից մեկն է: Բայց այստեղ` ինչպես բակալավրիատում, նույնպես եւ մագիստրատուրայում, շատ են ուսանողները, որոնց համար ուսումը ձեւական է. սովորում ու ավարտում են, քանի որ ընդունվել են տվյալ ֆակուլտետ: Նրանք դիմել էին կիրառական մաթեմատիկայի, տնտեսագիտության կամ արեւելագիտության ֆակուլտետներ, բայց ստացած միավորները բավականացրել են մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ սոցիոլոգիայի ֆակուլտետներում սովորելուն: Ու նրանք այդ լուծը կրելու են մինչեւ ավարտելը: Իրականում համալսարանում քիչ բան է փոխվել այս համակարգի ներդրմամբ: Այստեղ կրթական համակարգը քարացած է, դասախոսական կազմը տարիներ ի վեր քիչ է փոխվում. նոր մասնագետների մուտքն այստեղ վերահսկվում եւ իրականացվում է կուսակցական ու բյուրոկրատական օրենքներով: Ուսանողները մասամբ են տեղյակ կրեդիտային համակարգի մասին: Երեւանի պետական բժշկական համալսարանում դեռ նախապատրաստական աշխատանքներ են արվում վերջնական կանոնակարգի մշակման համար: Այն պատրաստ կլինի նոյեմբերին: Այստեղ կարծում են, որ այդ կրեդիտային համակարգի առավելությունը ուսանողների տեղափոխման հնարավորությունն է մի համալսարանից մյուսը, կամ մի երկրից մյուսը՝ Եվրոպայի տարածքում: Ուսանողների կարծիքով՝ այս համակարգն օգտակար է. այն լավ առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորել անվճար, վատ սովորողներին` վճարովի: Օբյեկտիվությունն այստեղ կարծես փորձում են պահպանել քննական համակարգի բարելավմամբ ու թեստային գնահատման միջոցով: Դեռ նոր է այս համակարգը կիրառվում. որքա՞ն օբյեկտիվ ու որքա՞ն ոչ` հարց է: Արտասահմանցի ուսանողներն այս համակարգին սովոր են իրենց երկրներում, եւ այստեղ, բնականաբար, քիչ խնդիրներ ունեն: Երեւանի պետական մանկավարժական համալսարանում ուսանողների համար քիչ են հասկանալի իրենց ստացած կրեդիտները: Դրանց վերջնական հաշվարկը կատարվում է ֆակուլտետի ներկայացրած տվյալների հիման վրա` ռեկտորատում: Գնահատվում է նաեւ ուսանողի հասարակական ակտիվությունը, որը, սակայն, անհասկանալի է՝ ի՞նչ կապ ունի ուսման առաջադիմության հետ:
Պետական ճարտարագիտական համալսարանում մասամբ է ներդրվել կրեդիտային համակարգը: Այն պայմանավորված է ուսանողների հաճախելիությամբ, անհատական ու ամփոփիչ գրավոր աշխատանքներով եւ ակտիվությամբ: Ուսանողներին մտահոգողը քննություններն են: Այստեղ թեստային համակարգ է, բայց ճարպիկները կարողանում են արտագրել, եւ նրանց ստացած միավորները գերազանցում են լավ առաջադիմությամբ ուսանողների միավորներին: Շատ հաճախ տեղափոխությունները՝ վճարովի համակարգից` անվճարի, լինում են անարդարացի: Այստեղ թեեւ ասում են, որ սուբյեկտիվության գործոնը բացակայում է, բայց թեստերի վրա գրված է ուսանողի անուն-ազգանունը: Իսկ թե մեզանում որքա՞ն է օրենքն օրինական կամ օբյեկտիվությունը` օբյեկտիվ, պարզ է: Ամեն ինչ ամենուր օրինական անօրեն է, ամեն ինչ օբյեկտիվորեն` սուբյեկտիվ:
Զարկերակի վրա
Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական համակարգը քիչ է տարբերվում եվրոպական երկրների համակարգից, մասնավորապես` Բոլոնյան համակարգից: Տարբերությունը հիմնականում գնահատման ձեւն է. մեկում` A, B, C-ով, մյուսում` միավորներով: Այստեղ քննությունները տարբերակված են ըստ առարկաների, հիմնականում թեստային են, բայց կան նաեւ այլ եղանակներ: Կա open book (բաց գիրք) ձեւ. քննության ժամանակ ուսանողը կարող է գրքեր ունենալ, օգտվել, բայց պատասխանը գնահատվում է օբյեկտիվորեն: Այստեղ թե՛ դասախոսի, թե՛ ուսանողի կողմից սուբյեկտիվության գործոնը հասցված է նվազագույնի: Թեստերի վրա գրված չէ ուսանողի անունը, փոխարենը թիվ է: Ուսանողը կարող է բողոքարկել, եւ քննությունը նորից է անցկացվում: Բացի այդ, ուսանողը նույնպես գնահատում է դասախոսին, եւ, բնականաբար, դասախոսներն ուսանողներին տալիս են առավելագույն գիտելիքներ: Այստեղ լավ սովորող ուսանողներն ուսման վարձի զեղջերի հնարավորություն են ունենում: Համալսարանում գործում են օրենքներ ուսման, քննությունների կարգի մասին: Ուսանողները պահպանում են դրանք: Արտագրելն ընդունված կարգ չէ. արտագրելու դեպքում պատժվում են թե՛ օգնողը, թե՛ արտագրողը: Ուսման համար ստեղծված են բոլոր պայմանները: Գրադարանը, համակարգչային լաբորատորիաները բաց են նաեւ հանգստյան օրերին: Այստեղ արտասահմանցի ուսանողներ շատ կան: Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում կրթական համակարգը հիմնված է հայկական ու եվրոպական կրթական ծրագրերի զուգակցման վրա: Այստեղ փորձում են նորագույն կրթական տեխնոլոգիաներ ներդնել: Նպատակը տարածաշրջանային համագործակցությունն է Հայաստանի եւ հարեւան պետությունների կրթական հաստատությունների միջեւ, մրցունակ կադրերի պատրաստումը, եռալեզու կրթական ծրագրերի իրականացումը, մասնակցությունը եվրոպական կրթական գործընթացներին: Կրեդիտային համակարգն այստեղ գործում է: Անցումը դրան իրականացվել է երկու ամսվա ընթացքում: Ուսումնական ծրագրերը մշակվում են ՀՀ-ում, քննարկվում համագործակցող համալսարանների մասնագետների հետ, փորձարկվում այդ համալսարաններում: Այստեղ սովորող ուսանողը կարող է տեղափոխվել մի ֆակուլտետից մյուսը, իսկ կրեդիտների համապատասխանության դեպքում` նաեւ այլ եվրոպական համալսարաններ: Քննությունները թեստային են, համակարգիչներով, լսարանում կան տեսախցիկներ, թեստերի վրա անունները ծածկագրված են: Այստեղ սովորում են ուսանողներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Սիրիայից, Պարսկաստանից, Վրաստանից: Համալսարանում գործում են ֆրանսիական, ավստրիական, իտալական եւ պարսկական մշակութային կենտրոնները, Գյոթեի համալսարանի հայաստանյան ներկայացուցչությունը: Համալսարանը համագործակցում է Մարսելի, Բեռլինի, Մյունհենի, Լյուքսեմբուրգի, Բարսելոնի համալսարանների հետ: Արագընթաց է ու փոփոխական ժամանակակից աշխարհը. երեկվա ռիթմը այսօրվանը չէ, այսօրվանը` վաղվանը: Կրթական համակարգն այսօրվա ռիթմի զարկերակը պիտի ունենա: Սակայն, ինչպես ամեն բնագավառում, այստեղ նույնպես, ինքնության սյուների վրա պիտի կառուցվի նորը: Իսկ մեզանում ժառանգականության մասին կարծես խոսք անգամ չկա: Մեր Գլաձորի ու Տաթեւի համալսարանները ստեղծվել, եղել եւ քանդվել են իրենց ժամանակներում: