Սուպերմարկետների նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է հարկային մարմինների կողմից, սակայն այլ ձեւաչափով: Երեկ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասել է, որ եթե նախկինում խախտումների դեպքում սուպերմարկետների աշխատանքը կասեցվում էր, ապա այսօր այդ մեթոդը չի կիրառվում: Սուպերմարկետներում իրականացվում է գույքագրում: Հարկային մարմինների աշխատողները հերթապահում են խոշոր սուպերմարկետներում 3-5 ժամ եւ ֆիքսում են այդ ժամանակահատվածում իրականացված առեւտրի ծավալը, որն էլ համեմատում են նախորդ օրերի ծավալների հետ: Ա. Ալավերդյանի խոսքով, շեղումներն ակնհայտ են: Ծավալների տարբերությունն օրերի համեմատ առանձին դեպքերում կազմել է նույնիսկ 4-100 անգամ: «Հոկտեմբերի ընթացքում սուպերմարկետների գործունեության կասեցման դեպքեր չեն եղել եւ առաջիկայում չի էլ լինի: Մինչեւ Պետեկամուտների կոմիտեի ձեւավորումն այդ ուղղությամբ քաղաքականությունը կտրուկ էր իրականացվում, կիրառել են պատասխանատվության ամենակոշտ միջոցները: Սակայն դա ցանկալի արդյունք չտվեց: Պետեկամուտների կոմիտեի նախագահն այդպիսի կտրուկ քայլերին դեմ է: Այդ իսկ պատճառով քայլերն աստիճանական են իրականացվում»,- ասել է Ա. Ալավերդյանը: Շարունակվում է հանրապետությունում ՀԴՄ-ի կտրոնի չտրամադրումը: «Թեժ գծով» ստացվել է 5-6 բողոք այն մասին, որ խանութներում կտրոն տրամադրում են, սակայն թվերը մեկ զրոյով պակաս են ցույց տալիս, օրինակ, 5500 դրամի առեւտրի փոխարեն՝ ֆիքսում են 550 դրամ: