ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մի առիթով խիստ դժգոհել էր հայկական
դիվանագիտությունից` ասելով, թե նրանք պետք է ակտիվացնեն իրենց
գործողությունները: Մայիսի 28-ին Միասնության շուրջպարին Ռոբերտ
Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ ճկույթ ճկույթի տված
պարում էր նաեւ Արկադի Ղուկասյանը, որից հետաքրքրվեցինք, թե ինքն արդյոք
արդեն գո՞հ է հայկական դիվանագիտությունից: «Ես գտնում եմ, որ մենք լուրջ
ռեզերվներ ունենք: Ես հայկական դիվանագիտության մի մասնիկն եմ եւ երբ
քննադատում եմ, ինքս ինձ էլ եմ նկատի ունենում»,- հայտարարեց նա: Ի
պատասխան մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է իրենք անեին, որ չեն արել մինչ
օրս, Ա. Ղուկասյանն ասաց. «Պիտի լինենք իմաստուն եւ խելացի, նաեւ՝
միասին»: Մինչ օրս «իմաստուն ու խելացի» չէի՞ք` մեր հարցին ի պատասխան,
նախագահ Ղուկասյանն ասաց. «Տեղ ունենք էլի դեռ զարգանալու»: Ի դեպ, ի
տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք պարբերաբար հայտարարում
են, թե ԼՂՀ հարցը պետք է լուծվի բացառապես փոխզիջումների ճանապարհով, Ա.
Ղուկասյանը գտնում է, որ «քանի դեռ ես որեւէ զիջում չեմ տեսնում Ադրբեջանի
կողմից, անիմաստ եմ համարում, որ մենք խոսենք մեր զիջումների մասին»: