Երեկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը: Հայտարարությունը վերաբերում է նախօրեին Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում Ոստիկանության գործողություններին, երբ Ոստիկանությունը խոչընդոտել է քաղաքացիներին` հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին իրազեկող ընդդիմության ակտիվիստների գործողություններին: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ս.թ-ի հոկտեմբերի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբի անդամները գտնվել են Երեւանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, որտեղ արտոնված հանրահավաքի իրազեկման համար կազմակերպված երթը խոչընդոտվում էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Պաշտպանի ներկայացուցիչների գտնվելու ընթացքում նշված խաչմերուկում հավաքված են եղել մոտ 50 մարդ, որոնք ցանկանում էին երթ անցկացնել` նկատի ունենալով, որ դրա համար նախապես թույլտվություն չի նախատեսվում: Սակայն ոստիկանները համառորեն չէին թույլատրում երթ անցկացնելու, ավելին, երթի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ քաղաքացիական համազգեստով Ոստիկանության աշխատակիցները իրենց ձեռքից նախ խլել են բարձրախոսը, իսկ այնուհետեւ հրել են ժողովրդին` տարածքից հեռացնելու նպատակով: Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցները թույլատրել են երթն անցկացնել, սակայն այնուհետեւ հրահանգել են երթն անցկացնել առանց բարձրախոսի, ինչը չի բխում ՀՀ գործող օրենսդրության պահանջներից: Արդյունքում՝ առաջացան մարդկանց կուտակումներ, որի մասնակիցները պահանջում էին ոստիկաններից չխոչընդոտել երթի բնականոն ընթացքին: Փոխարենը Ոստիկանության շուրջ 50 աշխատակիցներ հրելով ժողովրդին՝ տարան դեպի Հյուսիսային պողոտա, ընդ որում, Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի անդամների ներկայությամբ ոստիկանները խլել են նաեւ մասնակիցների մյուս բարձրախոսը: Նշված տեղեկություններն ամբողջապես արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից, այսինքն՝ դրանք իրականությանը չհամապատասխանելու կասկածներ չկան, ուստի, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը՝ գործել ՀՀ Սահմանադրությանը ու օրենքներին համապատասխան եւ չսահմանափակել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»: