Այսօր ո՛չ ընդդիմությունն է հաղթող, ո՛չ իշխանությունը

17/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

– Վերջերս Դուք հայտարարել էիք, թե Սերժ Սարգսյանի համար ավելի մեծ վտանգ ներկայացնում է ոչ թե Լեւոն-Տեր Պետրոսյանը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Որքանո՞վ է իրական այդ վտանգը եւ Սերժ Սարգսյանի՝ նախագահությունը ստանձնելուց ի վեր, այդ վտանգը մեծանո՞ւմ է, թե՞ նվազում։

– Իմ կարծիքով` մարտի 1-ը ցույց տվեց, որ Հայաստանը չի կարող վերադառնալ մինչմարտիմեկյան ստատուս-քվոյին։ Եվ այս պատճառով՝ նախագահ Քոչարյանը եթե փորձի վերադառնալ կամ ուժ գործադրել այսօրվա կյանքի վրա, դրանով կվնասի նախագահ Սարգսյանին։ Որովհետեւ նրա վերադարձը կնշանակի մինչեւ մարտի մեկի վիճակին վերադառնալու փորձ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի վերադառնալ, ավտոմատ կերպով կվնասի Սարգսյանին, որովհետեւ ճգնաժամ կհարուցի, եւ իրավիճակը կարող է նորից պայթել։ Հայաստանի կառավարությունը (եւ հատկապես Քոչարյանի կառավարությունը) այդպես էլ չհասկացավ, որ ակտիվ եւ ուժեղ ընդդիմություն ունենալը բոլորի՛ համար է լավ։ Թույլ տվեք, որ մարդիկ հանրահավաքներ անեն. որքան շատ անեն, այնքան լավ։ Դա իշխանության համար վտանգ չի ներկայացնում, դա վտանգ չի ներկայացնում նաեւ երկրի անվտանգությանը։ Առողջ ընդդիմությունը նպաստում է ժողովրդավարության կայացմանը։ Իսկ Քոչարյանի վերադարձը (կամ վերադառնալու փորձը) ազդանշան կհաղորդեն, որ երկիրը վերադառնում է մինչ մարտիմեկյան, ավելի ավտորիտար ժամանակներին։

– Այնուամենայնիվ, որպես վերլուծաբան, ի՞նչ եք կարծում՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ մեծ քաղաքականություն։

– Եթե նա փորձի այժմ վերադառնալ, ժողովուրդը դա չի ընդունի։ Բացի այդ, դա անընդունելի կլինի նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի համար։ Կարծում եմ, որ եւ՛ Մոսկվան, եւ՛ Վաշինգտոնը չեն ցանկանում դա։ Թույլ Հայաստանն այլ բան է, սակայն անկայուն, վտանգավոր ու հեղափոխական Հայաստանը ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ Վաշինգտոնին, ոչ էլ Բրյուսելին։ Իսկ Սերժ Սարգսյանն այժմ պետք է կոնսոլիդացնի իր ուժերը եւ կամաց-կամաց քայլ անի, ռեֆորմներ, որոնցից շատերը հակասում են Քոչարյանի եւ նրա մարդկանց շահերին։ Հասել ենք մի տեղ, որ եթե ուզում ենք առաջ քայլ անել, պայքարել կոռուպցիայի դեմ, մոնոպոլիստների դեմ, պետք է մարդկանց որոշակի խմբի շահերին դեմ գնալ։ Ընդհանրապես, մեր իշխանական համակարգում հակասություններ կան։

– Իսկ այդ հակասությունը ինչո՞վ է բացատրվում։ Սերժ Սարգսյանը ստիպվա՞ծ է իշխանության մեջ թողնել նախկին նախագահի շրջապատի մարդկանց, թե՞ գտնում է, որ այդ մարդիկ պետք են՝ իր իշխանությունը պահելու համար։

– Սերժ Սարգսյանը, իշխանությունը ստանձնելով, կամա թե ակամա, Քոչարյանից ժառանգեց այս համակարգը եւ այս իրավիճակը։ Եթե Սարգսյանն ուզում է առաջ տանել երկիրը, համակարգը պետք է փոխվի։ Դրան այլընտրանք չկա։ Երբ ես ասում եմ, որ հասել ենք մի կետի, որ համակարգը պետք է փոխվի, պատճառը բնավ այն չէ, որ համակրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին։ Ես ավելի շատ անհանգստացած եմ գալիք սերնդի համար, ինչ տեսակ Հայաստան ենք թողնելու գալիք սերունդներին։ Առաջին նախագահը, եթե անգամ ինքը գա, համակարգը նույնն է, նույն խնդիրները, նույն ճգնաժամը։ Մինչեւ հիմա այլընտրանքային քաղաքականություններ չկան։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չունեն կոնկրետ ստրատեգիական ծրագիր։

– Բայց եթե այդ մարդիկ եկել են հենց այդ համակարգից, ավելին՝ իրենք են այդ համակարգի ստեղծողներից մեկը, իրենք կարո՞ղ են փոխել համակարգը։

– Համակարգը այսպես թե այնպես չի կարող մնալ, որովհետեւ իշխանությունն այժմ ավելի քիչ լեգիտիմություն ունի, քան առաջ։ Տնտեսական վիճակն էլ է շատ կարեւոր։ Մեր տնտեսությունը բաց չէ. միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հետաձգվել է, բայց չի վերացել։ Հետեւանքները դեռ իրենց զգացնել են տալու։ Իմ կարծիքով, կառավարությունն այժմ շրջադարձային կետում է. այն կա՛մ պետք է գոյատեւի՝ առաջին անգամ փորձելով դեմ գնալ հզոր շահերին, օլիգարխներին, մոնոպոլիստներին, կա՛մ, եթե ոչինչ չանի, ի վիճակի չի լինի գոյատեւել։

– Դուք նշել էիք նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանից որեւէ լուրջ վտանգ պետք չէ սպասել, նա ընդամենը կարողանում է զանգվածներին կառավարել։ Այսինքն, Ձեր կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը երկրում չի՞ կարող ոչինչ փոխել։

– Կարծում եմ՝ առաջին նախագահը եւ ներկայիս նախագահը միմյանց հետ ավելի շատ ընդհանուր բան ունեն, ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան նրանցից յուրաքանչյուրը՝ Քոչարյանի հետ։ Միգուցե ես սխալվում եմ, բայց իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը իր ձեռքը միշտ մեկնում է Սարգսյանին։ Սակայն վերջինս մինչ այժմ չի ցանկացել այդ ձեռքը բռնել։

– Բայց Սերժ Սարգսյանն էլ հակառակն է պնդում՝ որ ինքն է իր ձեռքը պարզել, եւ ընդդիմությունը չի ցանկանում այն բռնել։

– Իշխանության առաջին բնական, հոգեբանական արձագանքն այն է, որ չի ցանկանում թույլ երեւալ։ Բայց այս իրավիճակում անհրաժեշտ է միմյանց հետ լեզու գտնել։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, ես գրեթե իր թշնամին էի, որովհետեւ ավտորիտար համակարգի, կոռուպցիայի եւ մյուս արատավոր երեւույթների հիմքը դրվեց հենց նրա ժամանակ։ Իսկ այսօր, որպես վերլուծաբան, ես դրական եմ համարում Տեր-Պետրոսյանի գործոնը՝ ոչ թե որպես թեկնածու, այլ որպես անցումային ֆիգուր, որը կարող է համակարգը շարժել եւ ստիպել մտածել ավելի լուրջ, ազգային խնդիրների, երկրի ապագայի մասին։ Այն, որ ընդդիմությունը մինչեւ հիմա ցույցեր է անում, ինձ համար հին մարտավարություն է։ Ես չեմ պաշտպանում նոր ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության պահանջը, որովհետեւ այն անիրատեսական է։ Իսկ իշխանությունը ճանապարհ չունի իշխանությունը պահելու համար՝ առանց քաղաքական կամք դրսեւորելու։ Եվ երկուսն էլ, ի վերջո, կհասնեն ինչ-որ կետի, երբ հաշվի կնստեն միմյանց հետ։

– Շատերն այն կարծիքին են, որ եթե իշխանությունը փորձել է ինչ-որ դրական բան անել, ապա դրանում մեծ դեր ունի հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը։ Եթե ընդդիմությունը դադարեցնի իր պայքարը, ի՞նչը պետք է ստիպի իշխանություններին ինչ-որ բան անել։ Միգուցե նրանց այս վիճակը լիովին ձեռնտու է. կարեւորն իշխանության ղեկին մնալն է։

– Խնդիրն այն է, որ իշխանության մեջ ռեֆորմատորների թեւը (Տիգրան Սարգսյան, Ներսես Երիցյան եւ այլք) բավարար ուժ չունի լուրջ քայլեր անելու համար։ Եվ համաձայն եմ, մինչ այժմ արված քայլերն ավելի շատ կապված են շարժման հետ։ Եվ երկրի նախագահը պետք է ընդունի, որ հասել ենք մի կետի, որ պետք է փոփոխություններ անենք։

Քաղաքական առումով՝ պատային վիճակ է. ոչ ընդդիմությունն է հաղթող, ոչ էլ իշխանությունը։ Բոլորը կորցնում են։ Պատային վիճակը դեռ կարող է շարունակվել, ավելի վտանգավոր է տնտեսական ճգնաժամը, որը վրա կհասնի ձմռանը։ Կարծում եմ, կառավարությունը պետք է դեմքով շրջվի դեպի ընդդիմությունը, ազատ արձակի քաղբանտարկյալներին, ընդհանուր լեզու գտնի ընդդիմության հետ՝ երկիրը առաջ տանելու համար։

– Փաստորեն, Սերժ Սարգսյանի դիրքերը հիմա թո՞ւյլ են։

– Այո, շատ թույլ են եւ սահմանափակ են, եւ նրա կառավարության ռեֆորմիստ անդամները մի տեսակ բանտի մեջ են։ Ներկայիս իրականության մեջ նրանք շատ սահմանափակ հնարավորություններ ունեն ինչ-որ բան անելու համար։ Նրանք չեն կարող դուրս գալ այս կամ այն օլիգարխի դեմ, որն ունի ֆինանսական եւ քաղաքական մեծ ուժ։

– Բայց ուզո՞ւմ են դուրս գալ։

– Չգիտեմ։ Ես ասում եմ որպես քաղաքագետ իմ կարծիքը, որ պե՛տք է դա անեն։ ԱՄՆ-ում էլ 100 տարի առաջ գերիշխող դիրք ունեին օլիգարխները՝ Կարնեգին, Ռոկֆելլերը եւ այլք։ Սակայն նախագահ Ռուզվելտը որոշեց նրանց «սանձերը քաշել»՝ բերել համակարգ, դարձնել նրանց լեգիտիմ (ինչպես մեզանում՝ Խաչատուր Սուքիասյանն այդպիսին դարձավ)։ Նույն կերպ, Հայաստանի օլիգարխներին պետք է բերել լեգիտիմ դաշտ, ստիպել հարգել օրենքը։ ԱՄՆ-ի դեպքում դա արեց ուժեղ նախագահը։ Հայաստանին նույնպես ուժեղ նախագահ է պետք, որը կկարողանա դիմակայել եւ տրանսֆորմացնել օլիգարխիկ համակարգը։ Սակայն եթե անգամ մեզ մոտ Ռուզվելտի նման հզոր մարդ գար իշխանության, դա էլ բավական չէր լինի, որովհետեւ պետությունը թույլ է։ Ամեն դեպքում, երկու ճանապարհ կա, որոնց մեջ ներկայիս ստատուս-քվոն չի մտնում։ Եթե նախագահ Սարգսյանը մի օր արթնանա որպես հրեշտակ, դա էլ բավարար չի լինի. ունի՞ նա անհրաժեշտ բոլոր գործիքները փոփոխություններ կատարելու համար։ Ես դրանում վստահ չեմ։ Նայեք ինչ նախարարներ մենք ունենք, ինչ համակարգ։ Խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ քաղաքականության եւ կառուցվածքային, համակարգային փոփոխությունների։ Օրինակ, եթե ես իշխանության մեջ լինեի, որպես պրակտիկ քայլ՝ կառաջարկեի ազատ արձակել քաղբանտարկյալներին։

– Դուք ասում եք, որ ընդդիմության պարզած ձեռքը իշխանությունը չի բռնում, որպեսզի թույլ չերեւա։ Իսկ քաղբանտարկյալներին ազատ արձակելը որպես թուլության նշան չի՞ ընկալվի։

– Ոչ։ Դա ոչ թե թուլության նշան կլինի, այլ ուժի։ Այսօր ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը կառավարության համար ավելի շատ վտանգավոր է, քան օգտակար։ Որովհետեւ այլեւս պարզ չէ՝ դա իրավակա՞ն հարց է, թե՞ քաղաքական։ Իսկ երկրորդ պրակտիկ քայլը, որ կառաջարկեի անել, վերաբերում է պատգամավորներին։ Այսօր շատ պատգամավորներ կան, ովքեր խախտում են օրենքը՝ գործարարությամբ են զբաղվում։ Այժմ, երբ ունենք ԱԺ նոր նախագահ, եկեք ստիպենք բիզնեսով զբաղվող պատգամավորներին ենթարկվել օրենքին։

– Ձեր նշած գործարար-պատգամավորները այսօր բավական մեծ ուժ ունեն, իսկ Սերժ Սարգսյանի դիրքերը, Ձեր իսկ խոսքերով, թույլ են։ Նման պայմաններում Ս. Սարգսյանը կարո՞ղ է իրեն թույլ տալ իր դեմ հանել այդ մարդկանց։

– Այդ մարդիկ ավելի շատ գործարարներ են, քան քաղաքական գործիչներ, եւ շահագրգռված են իրենց հարստությունն ու ուժը պահպանելու համար։ Այդ իսկ պատճառով, քաղաքական տեսանկյունից, դժվար չէ նրանց բաժանել եւ կառավարել։ Պետք չէ մոռանալ, որ նույն օլիգարխները մրցակցության մեջ են միմյանց հետ, եւ նրանց համար այդքան հեշտ չի լինի միավորվել եւ դեմ գնալ պետությանը։ Նրանցից շատերը հասել են մի կետի, երբ արդեն կուշտ են, եւ մտածում են՝ ինչպե՞ս պահպանեն իրենց հարստությունը եւ փոխանցեն իրենց որդիներին եւ թոռներին։ Այնպես որ, հիմա ճիշտ ժամանակն է ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։

– Վերջին շրջանում ավելի շատ են հաճախակիացել խոսակցությունները, թե շատ մոտ է Ղարաբաղի հարցի լուծման պահը։ Այդ մասին հայտարարեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ձեր կարծիքով, ո՞ր փուլում ենք մենք գտնվում, եւ հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի ստորագրում։

– Լեգիտիմության պակասի պատճառով՝ Հայաստանի կառավարությունը ձգտում է հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության մեջ։ Բայց մինչեւ հիմա տպավորությունն այնպիսին է, որ արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունը տրվում է հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանի բացմանը, ոչ թե Ղարաբաղի հարցին։ Այնպես որ, ես բնավ անհանգստացած չեմ այդ հարցում. չեմ կիսում այն կարծիքը, որ իշխանությունները կզիջեն Ղարաբաղը, ինչպես գրում է մամուլը։ Սակայն Ղարաբաղի հարցն այժմ ավելի է կարեւորվում, քան առաջ, որովհետեւ Վրաստանի դեպքերից հետո Ղարաբաղը մնում է որպես վերջին սառեցված հակամարտությունը։ Ռուսները եւ ամերիկացիներն այս հարցում նախապատվությունը տալիս են Մինսկի խմբի ձեւաչափին։ Որովհետեւ երկուսն էլ վախենում են, որ Ադրբեջանը կարող է սխալ դաս քաղել Վրաստանի դեպքերից։ Ադրբեջանցիները մտածում են, որ Սահակաշվիլին այնքան էլ սխալ չէր, երբ փորձում էր զենքի ուժով լուծել հարցը, այլ սխալ էր նրանում, որ շտապեց՝ գնաց այդ ճանապարհով, երբ դեռ պատրաստ չէր, բավականաչափ ուժեղ չէր։ Ադրբեջանն այդ սխալը չի անի։ Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մոտ ապագայում որեւէ համաձայնություն կլինի։ Ադրբեջանի քաղաքականության իմաստն է` ձգձգել բանակցային գործընթացը, ժամանակ գողանալ, մինչեւ զգան, որ պատրաստ են ուժային ճանապարհով լուծել հարցը։ Նրանք վստահ են, որ 8-10 տարի հետո նրանց ռազմական ուժն այնքան մեծ կլինի, որ կկարողանան իրենց կամքը թելադրել։

– Այսինքն, այն խոսակցությունները, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, հիմքից զո՞ւրկ են։

– Այո։ Հակամարտության լուծմանը, դեռ Օսկանյանի ժամանակներից, խանգարում են երկու հիմնական խոչընդոտներ։ Առաջինը Ադրբեջանին վերադարձվելիք տարածքների հարցն է, որի շուրջ լուրջ տարաձայնություններ կան։ Եվ երկրորդը հանրաքվեի հարցն է։ Ադրբեջանցիները պահանջում են համապետական հանրաքվե, որին կմասնակցեն իր բոլոր քաղաքացիները։ Սա, իհարկե, աբսուրդ է։ Ամերիկացիներն առաջարկում են անցկացնել հանրաքվե, որին կմասնակցեն Ղարաբաղի հայերը եւ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները։ Սա ավելի նորմալ է, եւ սրա միջոցով կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային։ Ադրբեջանը խաղարկում է հանրաքվեի հարցը միայն մի նպատակով՝ ժամանակ գողանալ, ինչով զբաղված է 2005թ. Քի Վեսթի հանդիպումից ի վեր։ Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, ապա՝ այսպես ասեմ. նույն բաժակին մեկը կարող է ասել՝ կիսով չափ լիքը, մյուսը կարող է ասել՝ կիսով չափ դատարկ։ Լավրովը ճիշտ է, երբ ասում է՝ ընդամենը երկու խոչընդոտ կա։ Սակայն դրանք ոչ թե «ընդամենը» երկու խոչընդոտ են, այլ երկու շա՜տ մեծ խոչընդոտ, որոնց պատճառով է, որ կարող ենք ասել՝ մոտ ենք լուծմանը, բայց հարցը դեռ լուծված չէ։