Հասկանալի է, որ մինչեւ Ադրբեջանի նախագահի ընտրության ավարտը Հարավային Կովկասում լուրջ վերափոխումներ չեն սպասվում:
Թեեւ ընդամենը մեկ ամիս առաջ թվում էր, թե ուր որ է՝ սահմանները կբացվեն, Թուրքիան կբացի գիրկը հայերի առաջ, նրանց մուտք կտա Միջերկրական ծովափ, Ադրբեջանը կճանաչի Ղարաբաղը, կվերականգնվի երկաթուղային կապը ղարաբաղյան ճյուղավորմամբ, Իրանին դուրս կբերեն «չարիքի առանցքից», եւ նա կդառնա Հայաստանի հուսալի գործընկերը, իսկ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ, ինչպես անժառանգ հարուստ քեռի ու մորաքույր, կսկսեն խանդաղատանքով նայել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն տիրում:
Սակայն այդպիսի բան չեղավ: Ավելին, վերջին շաբաթվա մեջ կատարվեցին հատկանշական բաներ, որոնք խոսում են այն մասին, որ սպասելիքները մի քիչ չափազանցված էին:
Նախ, հետաքրքիր զարգացումներ եղան հայ-թուրքական հարաբերություններում: Մինչ Թուրքիայի նախագահի ժամանելը Երեւան, Հայաստանը, պատկերավոր ասած, հանեց գլխարկը: Հայաստանի գլխարկը Արարատն է: Հայաստանը հանեց Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի լոգոյից, թերեւս նման մի բան սպասելով Թուրքիայից: Սակայն Գյուլը, պարզվեց, «Տրոյական ձի» է, ով խառնեց հայկական իշխանության բոլոր խաղաքարտերը, ժամանակից շուտ հայտարարելով, թե Հայաստանը համաձայն է վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները: Եվ այժմ Սերժ Սարգսյանը, «համարձակ քաղաքական քայլի» պտուղները վայելելու փոխարեն, ստիպված է մտածել, թե ինչպես է արդարանալու սեփական ժողովրդի առջեւ` տարածքները հանձնելու համաձայնության համար: Իսկ այն, որ ոչ բոլորն են դրան համաձայն, արդեն ակնհայտ է դառնում: Երեկ այդ մասին հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում խորհրդարանի Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նա թերեւս առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով պաշտոնապես արտահայտել է իր անհամաձայնությունը:
Այս ամենից հետո Հայաստանը կրկին դրեց գլխարկը, ավելի ճիշտ` Արարատը: Նշանակո՞ւմ է արդյոք, թե Հայաստանը հիասթափվել է: Ըստ ամենայնի` այո: Համենայնդեպս, դա երեւում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից, ով Վաշինգտոնում ասաց, թե Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ չի առաջադրել, իսկ այ Թուրքիան առաջադրեց: Մյուս պահը իրանական գազամուղի հետ կապված իրավիճակն է: Այս ամսվա սկզբին իրանական կողմը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ հոկտեմբերի 13-ին նոր գազամուղով Հայաստանը պետք է գազ ստանար Իրանից: Հոկտեմբերի 14-ին հայկական կողմը ստիպված էր հայտարարել, թե կոնկրետ ժամկետների մասին որեւէ պայմանավորվածություն չկա, եւ ընդհանրապես մենք գազ կստանանք այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենանք: Այս ամենը նման է դիրքերից նահանջի: Երեւում է, ինչ-որ մեկը վախեցել է եւ նահանջել:
Մյուս հետաքրքիր փաստը. Ռուսաստանն այդպես էլ չթույլատրեց եվրոպական իրավապահ ուժերին մուտք գործել Հարավային Օսիայի տարածք: Մոսկվան «խելոք» դուրս բերեց իր զորքն, այսպես կոչված, անվտանգության գոտուց, այլ կերպ ասած` Վրաստանի բուն տարածքից, դրանով կատարած համարելով Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունը: Եվրոպացիներն այդպես էլ չկարողացան մտնել Հարավային Օսիա, եւ դա շատ ազդեց նրանց տրամադրության վրա: Հիմա Ռուսաստանին կճնշեն տնտեսապես. երբ եվրոպական երկրները հայտարարեցին բանկերը փրկելու գործողության մասին, աշխարհում բարձրացան բոլոր բիրժաների ցուցանիշները, բացի ռուսականից: Միաժամանակ, մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանը եւս մեկ տարով երկարաձգեց Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ անցկացնելու մանդատը: Քրդական բանվորական կուսակցության դիրքերի վրա Թուրքիայի օդուժի վերջին հարձակումը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-6-ին:
Իսկ Իրաքից անսպասելի հեռացան Հայաստանի խաղաղապահները: Ճիշտ է, դա բացատրեցին նրանով, որ նրանք ներկայում այնտեղ պետք չեն եւ կուղարկվեն Կոսովո, սակայն դա, այնուամենայնիվ, զրկեց ԱՄՆ-ին թեկուզ ինչ- որ բանի համար երախտագիտություն հայտնել Հայաստանին: Մինչ այժմ շնորհակալություն էին հայտնում Իրաքում հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար: Փոխվե՞լ են արդյոք Հարավային Կովկասի հետ կապված ծրագրերը: Թե՞ ընթացքի մեջ է դրվել «Բ» ծրագիրը: Եվ ի՞նչ կտա այն Հայաստանին:
Նանո ԱՐՂՈՒԹՅԱՆ
www.lragir.am