Հիասթափված են

09/06/2005

Այսօր Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն ԱԺ-ում հանդիպումներ են
ունենալու խումբ-խմբակցությունների հետ, որտեղ, ըստ մեր աղբյուրների, պետք
է մանրամասն ներկայացնեն իրենց բողոքները սահմանադրական փոփոխությունների
վերաբերյալ: Սկզբում փորձագետները հանդիպելու են ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանին, հետո` խումբ-խմբակցություններին, եւ վերջում` Արթուր
Բաղդասարյանին: ԱԺ-ից հետո փորձագետներն անմիջապես հանդիպելու են Ռոբերտ
Քոչարյանին, իսկ ժամը 16-ին ԱԺ-ում, բոլոր խումբ-խմբակցությունների հետ
միասին, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ,
կանցկացվի նիստ: Մեր աղբյուրների պնդմամբ, Վենետիկի հանձնաժողովը մեկ
շաբաթ առաջ Թորոսյանին է ուղարկել 20 կետից բաղկացած նախնական
եզրակացություն, որտեղ ոչ միայն «խոր անբավարարվածություն» է արտահայտում
փոփոխությունների վերաբերյալ, այլեւ` «խոր հիասթափություն Հայաստանի
իշխանություններից»: Սակայն հանձնաժողովի եզրակացության այս տեքստը գաղտնի
է պահվում ԱԺ խումբ-խմբակցություններից:
Ասում են, երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է հրավիրել
սահմանադրական փոփոխություններն իրականացնելու գործին լծված իր
վստահելիներին ու հրամայել մինչեւ այսօր կատարել հնարավոր բոլոր
ուղղումները, որպեսզի փորձագետներին Հայաստանում այլ փաստաթուղթ
ներկայացվի: